Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Սպիտակների» սև բիծը. Գևորգ Մովսիսյանի բլոգը

«Կարծում եմ՝ շատ անարդար է ինձ դավաճան և խլուրդ անվանելը: Ցանկանում եմ մտածել, որ մարզիչն ու նախագահն այդպես չէին կարծում: Նրանք գիտեն, որ ես լավ հարաբերություններ ունեմ շատ լրագրողների հետ, որովհետև ես նրանց ճանաչում եմ դեռ 16 տարեկանից: Ես գիտեմ ինչպես տարբերել հարաբերությունները լրագրողի և ընկերոջ միջև»,- Մադրիդի «Ռեալում» անցկացրած իր վերջին տարվա հարցազրույցներից մեկում ասել է «արքայական» ակումբի լեգենդ Իկեր Կասիլյասը:

Ոչ մեկի համար պատահական չէր Կասիլյասի հեռանալը «Ռեալից»: Որոշ մարդիկ դրան վերաբերվեցին նորմալ, շատերն էլ համարեցին, որ Կասիլյասն անկախ իր ելույթներից պետք է մնա «Ռեալի» կազմում: Այս հարցի վերաբերյալ լիարժեք ինֆորմացիա ոչ մի երկրպագու չունի: Հնարավոր է՝ չի էլ ունենա: Սակայն դա այդքան էլ էական նշանակություն չունի. այստեղ խնդիրն ավելի քան խորքային է:

14 Mar 2000:  Iker Casillas of Real Madrid marshalls his defence during the UEFA Champions League match against Dynamo Kiev at the Bernabeu Stadium in Madrid, Spain.  The match was drawn 2-2.  Mandatory Credit: Clive Brunskill /Allsport

Առհասարակ կան թիմեր, որոնք ֆուտբոլիստի համար պարզապես ակումբ չեն, որտեղ կարելի է ելույթ ունենալ, հավաքել իրերն ու հեռանալ՝ տեղափոխվելով շատ ավելի հարմար, կոկիկ ու շահավետ ինչ-որ մի տեղ: Եվ կան ֆուտբոլիստներ, որոնք ակումբի համար պարզապես խաղացողներ չեն, որոնց կարելի է խաղացնել, քաղել հնարավորը, խզել պայմանագիրն ու հաջողություն ասել: Կասիլյասի համար այդպիսի թիմ է «Ռեալը», և «Ռեալի» համար այդպիսին պիտի լիներ Կասիլյասը: Սակայն ինչ-որ բան պատահեց, ինչ-որ «սև, Յուրահատուկ» մի բան անցավ «Ռեալի» ու Կասիլյասի միջով, որը հիմքը եղավ Իկերի բարոյահոգեբանական վիճակի անկման, անվստահության, սեփական ուժերին չհավատալու հարցում:

«2012-ի ամռանը մեր հարաբերությունները լավ էին: Մենք շատ էինք շփվում միմյանց հետ: Սակայն ամեն ինչ փոխվեց Սուրբ Ծննդից առաջ: Այդ ժամանակ թիմը հաջող հանդես չէր գալիս, որի պատճառով մեր հարաբերությունները փչացան: Սակայն մենք միմյանց հանդեպ հարգանքը չկորցրինք: Հետո Սառան(Կասիլյասի ընկերուհին-խմբ.) հայտնեց հանդերձարանի խնդիրների մասին: Այդ ժամանակ էլ իմ ուղղությամբ հարձակումներ սկսվեցին: Սառան ընդամենն ասել էր այն, ինչ բոլորին էր հայտնի: Ես նկատեցի, որ Մոուրինյոյի վերաբերմունքն իմ հանդեպ փոխվել է: Ինձ անվանեցին դավաճան և խլուրդ: Միգուցե ես պետք է Մոուրինյոյին պատասխանեի, սակայն որոշեցի լռել՝ ի բարօրություն ակումբի: Չէի ցանկանում կրակի վրա վառելիք ավելացնել: Մամուլի ասուլիսներից հետո մենք չէինք շփվում: Մեր հարաբերությունները լավ չէին: Ինձ մեկուսացված էի զգում: Երբ վնասվածք ունեի, մի քանի անգամ խնդրեցի ակումբի հետ մեկնել, ցանկանում էի մասնակից լինել ակումբի իրադարձություններին: Սակայն երբ վնասվածքից ապաքինվեցի, Կարանկան(Մոուրինյոյի օգնականը-խմբ.) ասաց, որ չեմ կարող խաղալ, քանի որ ես անմրցունակ եմ: Այդ ժամանակ էլ զգացի, որ նրանք խնդիրներ ունեն ինձ հետ»,- իր հարցազրույցներից մեկում այսպես է արտահայտվել Իկերը:

Լուսանկար 2

Եվ իհարկե արդեն պարզ է դառնում, թե ինչ էր իրականում կատարվում «կուլիսների ետևում»: Արդեն հասկանալի է, թե որքան մեծ է «Չելսիի» ներկայիս գլխավոր մարզիչի դերը Կասիլյասի հեռանալու գործընթացում: Այդ դերն այնքան մեծ է, որ Իկերը հեռացավ նույնիսկ այն ժամանակ, երբ Մոուրինյոն արդեն «Ռեալում» չէր: Այդ ժամանակ թվում էր, թե ամեն ինչ կկարգավորվի: Կասիլյասը նորից կվերագտնի իր խաղը, ու արդեն Անչելոտին գործելու հնարավորություն կտա նրան: Սակայն, ժողովրդական խոսքով նշեմ, բանը բանից անցել էր: Կասիլյասը որոշեց հեռանալ «Ռեալից»՝ թիմից, երկրպագուներից, բոլորից վիրավորված: Այս ամենի վառ ապացույցն Իկերի հրաժեշտի մամուլի ասուլիսն էր, որի ժամանակ «Ռեալի» սուրբը» չկարողացավ զսպել արցունքները, քանի որ նա իրականում չէր ուզում հեռանալ. Կասիլյասն ուզում էր մնալ ու պաշտպանել իր ակումբի գույները. չէ՞ որ «Ռեալը» նրա տունն էր:

լուսանկար 3
«Կարծում եմ, որ ես ի վիճակի եմ խաղալ մինչև 40 տարեկան: Եթե դարպասապահը հետևի ինքն իրեն, ապա կարող է հանդես գալ ընդհուպ այդ տարիքը: Հուսով եմ, որ այն ժամանակ, երբ ես լինեմ 40 տարեկան, նախկինի պես կշարունակեմ պաշտպանել «Ռեալ Մադրիդի» դարպասը: Սակայն կգա մի օր, երբ ես այլևս չեմ կարողանա խաղալ»: Այս անկեղծ տղան, որ վաղուց հասուն տղամարդ է, մշտապես եղել է «Ռեալի» փոքրիկ տղան, կրել թիմի հաջողությունների դափնեպսակն ու անհաջողությունների ապտակը, առաջ մղել ակումբին դեպի նորանոր հաղթանակներ ու ծունր իջած թիմին ոտքի կանգնեցրել, քաջալերել ու զորավիգ կանգնել:

Օրերս Իկերը դարձավ Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը, և այդ ռեկորդին նա հասավ «Պորտուի» կազմում: Հաջողությունները նորից ու նորից ուղեկից են լինելու Կասիլյասին: Նրա անունը հավերժ հիշատակվելու է «Ռեալի» երկրպագուների կողմից: Պատմության էջերը թերթելիս ամեն անգամ բոլորը բախվելու են Իկերին ու հարց տան իրենք իրենց՝ «Ինչո՞ւ այդպես եղավ», ու ոչ ոք այդպես էլ չի գտնելու այս հարցի պատասխանը, բայց բոլորն էլ վստահ են լինելու մի հարցում, որ Իկեր Կասիլյասը «Ռեալի» պատմության ամենահենքային դարպասապահն է, թիմի ամենաօրինակելի ու ամենակարգապահ, ամենամեծ ու ամենածանր, միաժամանակ ամենաընկերասեր ու ամենաեռանդուն ֆուտբոլիստներից մեկը: Ոչ ոք երկար կանգ չի առնելու այդ էջի վրա, քանի որ դա անձնական է, և քանի որ դա «Սպիտակների» սև բիծն է…

[ale_tabs] [ale_tab title=” “] Սույն հոդվածը հրապարակվել է «Վիվառո Նյուզի» կազմակերպած մրցույթի շրջանակներում: Հոդվածում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել «Վիվառո Նյուզի» տեսակետների հետ: Հոդվածի օգտին քվեարկելու համար սեղմե՛ք ներքևում գտնվող «Հավանել հոդվածը» կոճակը:[/ale_tab] [/ale_tabs]