Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Սևի և սպիտակի հերթափոխը. Սև-սպիտակ բանակի բլոգը

ՍՊԻՏԱԿ

4 տարի անընդմեջ «Յուվեն» մրցակցությունից դուրս էր Իտալիայում: Այդ ընթացքում թիմը 4 անգամ նվաճեց Սկուդետտոն, 2 անգամ տիրացավ սուպերգավաթին, 1 անգամ նվաճեց Իտալիայի գավաթը, որը հոբելյանական 10-րդն էր թիմի պատմության մեջ: Բայց լիարժեք երջանկության համար պակասում էր մի բան՝ Չեմպիոնների լիգայի գավաթը:

Դժվարությամբ հաղթահարելով խմբային փուլը, և փլեյ-օֆֆ փուլում հաղթելով Դորտմունդի «Բորուսսիային», «Մոնակոյին» և Մադրիդի «Ռեալին», Յուվեն հասավ եզրափակիչ: Կիսաեզրափակիչ խաղից հետո Բուֆֆոնի Andiamo Berlino բացականչությունը հիշում է Յուվեի յուրաքանչյուր երկրպագու:

Եվ ահա, 06.06.2015թ…. Հազարավոր Յուվենտինոներ Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում և միլիոնավոր Յուվենտինոներ հեռուստաէկրանների առջև սպասում էին հրաշքի: Իսկ հրաշքն ուներ «Չեմպիոնների լիգայի գավաթ» անունը: Հրաշքը տեղի չունեցավ: Տեղի չունեցավ միգուցե այն պատճառով, որ մենք չունեինք ֆուտբոլիստ, ով վճռորոշ պահին կարող էր միայնակ լուծել խաղի ելքը: Կար Անդրեա Պիրլոն, սակայն «Բարսայի» ֆուտբոլիստները գիտեին դրա մասին, և ամբողջ խաղի ընթացքում տուգանային հրապարակի մոտ խախտումներ թույլ չէին տալիս՝ դրանով զրկելով Պիրլոյին իր գլխավոր զենքից՝ տուգանային հարվածից: Խաղից հետո Պիրլոյի արցունքները հիշում է «Յուվեի» յուրաքանչյուր երկրպագու:

Բեռլինյան եզրափակչից հետո ֆուտբոլիստներն անցան վաստակած հանգստի՝ բեմահարթակը զիջելով թիմի ղեկավարությանը: Բացվում էր ամառային տրանսֆերային պատուհանը: Թիմից հեռացան 3 առաջատար ֆուտբոլիստներ: Կառլոս Տևեսը ցանկություն հայտնեց վերադառնալ հայրենիք, Անդրեա Պիրլոն մեկնեց կարիերան ավարտելու ԱՄՆ-ում, իսկ Արտուրո Վիդալը 35 մլն. Եվրոյով տեղափոխվեց Մյունխենի «Բավարիա»: Ստեղծված իրավիճակում թիմին անհրաժեշտ էին արժանի փոխարինողներ: Որպես Տևեսին փոխարինող «Յուվեն» 32 մլն. Եվրոյով ձեռք բերեց «Պալերմոյի» աստղ Պաուլո Դիբալային: Թիմը համալրեցին նաև միջազգային փորձ ունեցող Սամի Խեդիրան և Մարիո Մանջուկիչը, երիտասարդ իտալացի ֆուտբոլիստներ Սիմոնե Ձաձան, Դանիելե Ռուգանին, «Պորտոյի» բրազիլացի ձախ պաշտպան Ալեքս Սանդրոն, կոլումբիացի Խուան Կուադրադոն: Ամբողջ տրանսֆերային պատուհանի ընթացքում «Յուվեի» ղեկավարները փնտրում էին կրեատիվ կիսապաշտպանի, ով կգործեր կիսապաշտպանության և հարձակման գծի միջև: Նշվում էին տարբեր անուններ՝ Մարիո Գյոտցե, Կրիստիան Էրիկսեն, Օսկար: Բայց «Յուվեին» ամենաշատը մոտ էր Յուլիան Դրակսլերը, ում տրանսֆերը սակայն ձախողվեց վերջին պահին, և ակումբի սպորտային տնօրեն Ջուզեպպե Մարոտտան տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին Թուրին բերեց Մարսելի «Օլիմպիկի» կիսապաշտպան Մարիո Լեմինային և «Ինտերի» կիսապաշտպան Էրնանեսին:

Թիմը սկսեց նախապատրաստվել մրցաշրջանին: Մրցաշրջանի սկզբին տեղի ունեցավ մի ուշագրավ իրադարձություն: Պոլ Պոգբան փոխեց իր խաղային համար և սկսեց կրել լեգենդար 10 համարի մարզաշապիկը:

Առաջին պաշտոնական հանդիպումը «Լացիոյի» դեմ սուպերգավաթի համար խաղն էր: Դա առաջին հանդիպումն էր, որին «Յուվեի» ֆուտբոլիստները դուրս եկան խաղադաշտ՝ մարզաշապիկների վրա ունենալով 3 աստղ: Այդպիսով «Յուվեն» իրականություն դարձրեց թիմի պատվավոր նախագահ Ջամպիերո Բոնիպերտիի երազանքը, այն է՝
«Յուվեի մարզաշապիկի վրա կարել 3-րդ աստղն ավելի շուտ, քան միլանյան ակումբները կկարեն իրենց 2-րդ աստղերը»:

«Յուվեն» վստահ հաղթանակ տոնեց, նվաճելով մրցաշրջանի առաջին մրցանակը: Չնայած հաղթանակին, նկատվում էր, որ ֆուտբոլիստների մեջ խաղակցվածություն չկա: Ավարտին էր մոտենում 4 տարի տևողությամբ սպիտակ շերտը:

ՍԵՎ

TURIN, ITALY - AUGUST 23: Paulo Dybala (L) and Paul Pogba of Juventus FC look dejected at the end of the Serie A match between Juventus FC and Udinese Calcio at Juventus Arena on August 23, 2015 in Turin, Italy. (Photo by Valerio Pennicino/Getty Images)

Առաջնության մեկնարկից առաջ վնասվածքներ ստացան 2 կիսապաշտպաններ՝ Կլաուդիո Մարկիզիոն և Սամի Խեդիրան, որոնց հետ մեծ հույսեր էր կապում Մասսիմիլիանո Ալլեգրին: Արդյունքում մրցաշրջանի առաջին մի քանի խաղերում Ալլեգրին ստիպված տակտիկական փոփոխություններ կատարեց: Կիսապաշտպանությունում Պոգբայի հետ նախատեսված Խեդիրա-Մարկիզիո զույգի փոխարեն խաղում էին կամ Լեմինան ու Ստուրարոն, կամ Էրնանեսը, Պերեյրան և Պադոինը: Արդյունքը եղավ այն, որ «Յուվեն» ամբողջությամբ ձախողեց առաջնության սկիզբը՝ մեկնարկային 3 խաղերում վաստակելով 3 միավոր և միավորներ կորցրեց այնպիսի թիմերի հետ խաղերում, ինչպիսիք են «Կիևոն» և «Ֆրոզինոնեն»: Բացակայում էր թիմային խաղը, աչքի էր ընկնում միայն Կուադրադոն իր անհատական անցումներով, որոնք արդյունք չէին տալիս: Սկսվեց քննադատությունների տարափը թիմի և մարզիչ Ալլեգրիի վրա: Հայտարարությունով հանդես եկավ նաև «Պալերմոյի» նախագահ Մաուրիսիո Ձամպարինին, ով խորհուրդ տվեց Պաուլո Դիբալային հեռանալ «Յուվենտուսից», քանի որ «Յուվեն» կործանում է նրան: Իտալական ԶԼՄ-ները սկսեցին խոսել այն մասին, որ «Ծեր սենյորան» խորը ճգնաժամի մեջ է: Բայց դա ճգնաժամ էր, դա թիմի չխաղակցվածության և վնասվածքների հետևանքն էր: Դա Սև-սպիտակ «Յուվեի» բարակ սև շերտն էր:

ՍՊԻՏԱԿ

Ամեն ինչ փոխվեց այն բանից հետո, երբ վնասվածքներից վերականգնվեցին Կլաուդիո Մարկիզիոն և Սամի Խեդիրան, կրկին սկսեց փայլել Պոլ Պոգբան, Պաուլո Դիբալան ադապտացվեց թիմին, Ալեքս Սանդրոն փայլուն կերպով սկսեց փոխարինել Պատրիս Էվրային:

11227872_1002142776493482_8053517624157855389_o

Բեկումնային եղավ թուրինյան դերբին: Ինչպես և 1 տարի առաջ, այս անգամ ևս «Յուվեն» հաղթանակ կորզեց վերջին վայրկյաններին: Այդ խաղից հետո մինչ այժմ թուրինցիները հաղթել են Ա սերիայի բոլոր հանդիպումները: Արդյունքում 5 անընդմեջ հաղթանակ Ա Սերիայում, վստահ խաղ, անցում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ մահվան խմբից, -6 միավոր առաջատար Ինտերից: 6 միավոր, որն ինչպես Ալլեգրին նշեց, դա այն 6 միավորներն են, որոնք մենք կորցրել ենք առաջնության մեկնարկում:

Մենք չենք ասում, որ «Յուվեն» վերադարձել է: «Յուվեն» վերադառնալու կարիք չուներ, քանի որ ոչ մի տեղ չէր գնացել, այլ հավատարիմ մնալով իր գույներին, քառամյա հաստ սպիտակ շերտից տեղ էր տվել նաև բարակ սև շերտին: Երբ քեզ հետապնդում է սև շերտը, հիշիր, որ դու Յուվենտինո ես: Իսկ դա նշանակում է, որ անպայման ինչ որ տեղ մոտակայքում գտնվում է սպիտակը:

“Vincere non è importante, ma è l’unica cosa che conta”.
«Հաղթելը կարևոր չէ, բայց դա միակ բանն է, որ նշանակություն ունի»:

Ջամպիերո Բոնիպերտիի այս խոսքերը լավ են հիշում «Յուվենտուսի» բոլոր երկրպագուները:

Fino Alla Fine
Forza Juve!!!

[ale_tabs] [ale_tab title=” “] Սույն հոդվածը հրապարակվել է «Վիվառո Նյուզի» կազմակերպած մրցույթի շրջանակներում: Հոդվածում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել «Վիվառո Նյուզի» տեսակետների հետ: Հոդվածի օգտին քվեարկելու համար սեղմե՛ք ներքևում գտնվող «Հավանել հոդվածը» կոճակը:[/ale_tab] [/ale_tabs]