Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Հունիսի 6-ի խորհուրդը, թուրինյան հույսեր եւ Մորատայի որոշիչ գործոնը. Ռաֆայել Խալաթյանի բլոգը

Թուրինի «Յուվենտուսից» քչերն էին սպասում, որ կհասնի մինչեւ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որոնց թվում էի նաեւ ես: Ալեգրիի թիմից հաջող խաղ սպասում էի, ժամանակն էր՝ քայլ կատարել նաեւ միջազգային ասպարեզում: Սպասումներս կրկնապատկվեցին այն ժամանակ, երբ պարզ դարձավ Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակչի անցկացման օրը: Հունիսի 6-ն իմ ծննդյան օրն է եւ ֆուտբոլային առումով այն պակաս էմոցիաներ չէր տվել ինձ: Բավական է նշել, որ հենց այդ օրը Հայաստանի ազգային ընտրանին «Հանրապետականում» հաղթել էր Լեհաստանի ազգային ընտրանուն շնորհիվ Համլետ Մխիթարյանի գոլի:

Սպասումներս եռապատկվեցին, երբ մրցաշրջանի ընթացքում կամաց-կամաց թիմին էր մերվում նորեկ Ալվարո Մորատան, որն ամռանն էր տեղափոխվել Մադրիդի «Ռեալից»: Ներքին ձայնս հուշում էր՝ ինչ-որ բան տեղի է ունենալու եւ ակամայից հիշում էի 2004 թվականը:
Ցանկությունը մեկն էր. ծննդյան օրը հետեւել սիրելի թիմի ելույթին Չեմպիոնների լիգայի եզրափակչում: Ճիշտ է հաղթանակը մրցաշրջանի գլխավոր խաղում ցանկալի էր, բայց ոչ պարտադիր: Ի վերջո, շատ գործոններով թուրինյան թիմը զիջում է եվրոպական մի շարք գրանդների այդ թվում նաեւ «Բարսելոնային»:

Սպասումներս քառապատկվեցին, երբ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչից հետո «Ծեր Սինյորային» բաժին հասավ Մադրիդի «Ռեալը»: Շատերին թվում էր՝ վերջ, թուրինյան հեքիաթն ավարտվեց, բայց կրկին ոչ ինձ համար: Գրեթե վստահ էի, որ անցնելու ենք, հույսս էլ ոչ թե Տեւվեսն էր կամ Պիռլոն, այլ երիտասարդ Մորատան: Պատահականություններ չեն լինում, իսկ ֆուտբոլը գրեթե միշտ պատժում է նրանց, ովքեր նախկինում թույլ տված սխալներից դասեր չեն քաղում:

12358438_1163883006972496_63188456_n

 

Վերադառնալով 2004 թվական հիշեցնեմ, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում Մադրիդի «Ռեալը» դուրս մնաց մրցաշարից «Մոնակոյի» հարձակվող Ֆերնանդո Մորիենտեսի «թեթեւ ոտքով»: Ավելին, ֆուտբոլիստի աշխատավարձի մի մասը վճարում էր հենց «Ռեալը»: Մորիենտեսը «Ռեալի» սան է, ինչպես Մորատան: Ժամանակին ինչ-ինչ պատճառներով ֆուտբոլիստները չեն բավարարել մադրիդցիների ղեկավարների ախորժակը եւ դուրս մնացել ակումբից: Խաղացողների խաղաոճերն էլ շատ նման են: Դրանում կարելի է համոզվել դիտելով երկու ֆուտբոլիստի մասնակցությամբ հանդիպումները: Երկուսն էլ միշտ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում են, ունեն գրեթե նույն բարի դիմագծերը եւ այլն:

Ստացվեց այնպես, որ 11 տարի անց «Ռեալի» սանը Մադրիդի սրտում կրկին դարձավ գոլի հեղինակ ու «թաղեց» հարազատ ակումբի հույսերը՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելու Չեմպիոնների լիգայի գավաթն երկրորդ տարին անընդմեջ: «Յուվեն» դուրս եկավ հաջորդ փուլ, սպասումներս արդարացան եւ ես հնարավորություն ունեցա հետեւելու սիրելի թիմի խաղին Չեմպիոնների լիգայի եզրափակչում:

Արդյոք պատահականությու՞ն էր, չեմ կարծում: Չէ որ ի սկզբանե ամեն ինչ տանում էր դրան:

[ale_tabs] [ale_tab title=” “] Սույն հոդվածը հրապարակվել է «Վիվառո Նյուզի» կազմակերպած մրցույթի շրջանակներում: Հոդվածում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել «Վիվառո Նյուզի» տեսակետների հետ: Հոդվածի օգտին քվեարկելու համար սեղմե՛ք ներքևում գտնվող «Հավանել հոդվածը» կոճակը:[/ale_tab] [/ale_tabs]