Լրացուցիչ

Ընտրել լեզուն

ՀՀ Սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանի ամանորյա ուղերձը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի շնորհավորական ուղերձը՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

Հարգելի մարզիկներ, մարզիչներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ, սիրելի հայրենակիցներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Թող 2016 թվականը սպորտաշխարհի և ողջ հայ ժողովրդի համար լինի խաղաղության, կայունության և բարօրության տարի:

Այսօր Հայաստանի Հանրապետությունն աշխարհին ներկայանում է նաև սպորտաշխարհի ներկայացուցիչների շնորհիվ, այսօր նաև նրանք են աշխարհի բոլոր հատվածներում հնչեցնում մեր երկրի պետական օրհներգը, բարձրացնում մեր հայրենիքի եռագույնը: Այդ նաև նրանց քրտնաջան աշխատանքի, կամքի և նվիրումի շնորհիվ է, որ Հայաստանը կարողանում է համաքայլ շարժվել աշխարհի խոշորագույն երկրների հետ:

Հարգելի հայրենակիցներ, անվիճելի է, որ հայը ստեղծարար և արարող ժողովուրդ է: Դարեր շարունակ մեր նախնիներից մեզ են հասել տոկունության, համառության, քաջության և համարձակության անխախտ հատկանիշները: Մենք՝ բոլորս դրանց կրողներն ենք և ապագա սերունդներին փոխանցողները: Սրանք այն հատկանիշներն են, ինչի շնորհիվ բոլորս միասին մեր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը հաստատ քայլերով տանում ենք դեպի վառ ապագա:

Կրկին շնորհավորում եմ և թող խաղաղություն ու համերաշխություն լինի բոլոր հայ ընտանիքներում:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար
Գաբրիել Ղազարյան