Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Բազմապատկման աղյուսակն ու հաղթանակը». Կարլո Անչելոտիի ինքնակենսագրականից

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Մյունխենի «Բավարիայի» ապագա գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի ինքնակենսագրականի գլուխներից մեկը` վերնագրված «Բազմապատկման աղյուսակն ու հաղթանակը» (Times Tables and Victory): Նշենք, որ իտալացու պատմություններն առանձնանում են նուրբ հումորով։

Ֆուտբոլը նման է ընկերներիդ հետ ճաշելուն` ինչքան շատ ես ուտում, այնքան ավելի ես սովածանում: Եվ խոհարարն ու քո հետ ճաշող մարդիկ են տարբերություն ստեղծում: Եվ ես շատ եմ սիրում Դևիդ Բեքհեմի ընկերակցությամբ ճաշել: Մի երեկո, երբ նա դեռ «Միլանի» խաղացող էր, ես հրավիրեցի Բեքհեմին Պարմայի ռեստորաններից մեկում ճաշելու: Երեկոյի ավարտին նա հրաժարվում էր լքել ռեստորանը: Ես պնդում էի, իսկ նա չէր դադարում համոզել ինձ.«Խնդրում եմ, ևս մեկ անգամ»: Ես նույնիսկ մի պահ մտածեցի ոստիկաններին կանչել, քանի որ ձեռնաշղթաները հաստատ կստիպեին նրան դադարել ամբողջ ձայնով գոռալ.«Էլի տորտելլի եմ ուզում»: Բայց, ի վերջո, ես նրան համոզեցի այս բառերով.«Տե´ս, Դևի՛դ, եթե մենք հիմա չլքենք այս ռեստորանը, ես կկազմակերպեմ «Spice girls» խմբի ևս մեկ վերամիավորում ու շրջագայություն»: 14 վայրկյան անց մենք մեքենայում էինք ու շարժվում էինք Միլան, իսկ ռադիոն անջատված էր: Բացեմ փակագծերը. թույլ տվեք ինձ մի բան ասել Բեքհեմի մասին: Նա ինձ համար մեծ անակնկալ էր, լավ անակնկալ: Երբ նա Իտալիա եկավ, ինձ թվում էր, որ գործ եմ ունենալու կինոաստղի հետ, ով այն խաղացողներից է, որ ավելի շատ մտածում է շշուկների ու համբավի մասին, քան թե ֆուտբոլի: Բայց ես սխալվում էի: Նա հիանալի պրոֆեսիոնալ է, աշխատասեր, բացի այդ էլ շատ քաղաքակիրթ ազնվայր, ով ունի ազնիվ մարդու բոլոր հատկանիշները: Բացի այդ էլ նա սիրում է Էմիլիյան խորտիկները, ինչն ինձ համար ամենակարևորն է: Փակագծերը փակվեցին:

26DC98C400000578-0-image-a-26_1426938293213

Մենք այլևս հնարավորություն չունեցանք վերադառնալ Պարմա, բայց մի օր ես այնտեղ կվերադառնամ «Չելսիի» խաղացողներիս հետ: Եվ երբ վերադառնամ, միայն մի խնդիր կլինի: Պարմայում արև կա, իսկ նրանք կմոլորվեն, հատկապես Լեմպարդն ու Տերին` անգլիացի տղաները: Նրանք կնայեն երկնքի մեջ եղած տարօրինակ նարնջագույն գնդակին, կթափահարեն ուսերն ու միաձայն կհարցնեն.«Օհ, ինչ է դա»: Նրանք շատ կվախենան, նույնիսկ ավելի շատ, քան վախեցել էին, երբ լսում էին, թե ինչպես էր Յուրի Ժիրկովը կարաոկե երգում: Նրանք իրենց կյանքում երբեք արև չեն տեսել: Ես տեսել էի, բայց Լոնդոնում անցկացրած առաջին 10 օրվա ընթացքում մոռացա, թե ինչ է դա: Անձրևում էր: Ամբողջ օրը, գիշեր ու ցերեկ, ժամացույցի սլաքի ամեն մի պտույտի հետ մեկտեղ անձրև էր գալիս: Ես առավոտյան տանից դուրս էի գալիս, ինչպես երեխան, որ սկսում է զբոսնել Օուշն դրայվից մինչև Մայամի բիչ` կրելով կիսաթև շապիկ ու չունենալով բահ ու դույլ, և տուն էի վերադառնում, ինչպես Ալյասկայում սահնակներին կապվող շուն` առանց պոչի, բայց մինչև վերջին ոսկորս մրսած: Եվ միշտ նույնն էր: Ես սովորեցի ցրտին ու սովորեցի նոր կյանքիս: Անգլիացիները դրա կարևոր մասնիկներից էին: Ես կարող էի ցանկացած տեղ գնալ` առանց ճանապարհին որևէ մեկի կողմից կանգնեցվելու: Ես կարող էի գնալ սուպերմարկետ, ու միակ մարդիկ, որ կմոտենային ինձ, պահապաններն էին, ովքեր, տեսնելով իմ գերծանրաբեռնված պայուսակները, զարմանքով հարցնում էին.«Սա գողությու՞ն է»: Մյուսներն ինձ ճանաչում էին, բայց համարում էին որպես իրենցից մեկը: Նրանք ինձ հանգիստ էին թողնում, հարգում էին իմ հանգիստ լինելու իրավունքը, իսկ գրեթե բոլոր ինքնագրերը, որ տվել եմ, եղել են իտալացի երկրպագուների համար, ովքեր, անկախ ամեն ինչի, տեղ ունեն իմ սրտում ու կունենան: Դա մի մոտեցում է, որ Անգլիայի ֆուտբոլային կուլտուրայի մասն է կազմում: Մարդիկ գնում են մարզադաշտեր` իրենց թիմին աջակցելու: Դու գիտես, որ եթե սխալվես, դրա համար կհատուցես: Տրիբունաներում երեխաներ են, այլ ոչ թե մահակներով, խելագարված երիտասարդներ: Ու մարզիչը կարող է հանգիստ ապրել նման ճնշման պայմաններում, նա ավելի շատ ժամանակ ունի, ժամանակ` մտածելու, իր կյանքը վայելելու ու ավելի լավ աշխատելու:

Եվ իմ դեպքում` ժամանակ` հաղթելու: Պրեմիեր Լիգայում մենք հիանալի կերպով մեկնարկեցինք` ոգևորված Աբրամովիչի ցանկությամբ («Ես ուզում եմ, որ «Չելսիի» խաղաոճի մասին խոսեն ողջ աշխարհում»,- ասել էր Ռոմանը) ու խաղաոճով, որ հետս բերել էի Իտալիայից` 4-3-2-1` «Տոնածառ»: Առաջին մի քանի խաղերում ոչ ոք չէր գուշակում այն` թե´ սպորտային լրագրողները, թե´ հակառակ թիմի մարզիչները: Մի պահ դա նման էր զբոսայգում քայլելու, ես մեծ հաճույք էի ստանում, իսկ երկրորդ տուրում «Սանդերլենդի» նկատմամբ տարած 3-1 հաղթանակը կարծես ֆիզիկական հաճույք լիներ: Դա նման էր զառիվայր վազելուն: Մեր վստահությունն աճում էր, խաղացողները նույնպես երջանիկ էին, քանի որ նրանք նոր բան էին փորձում, նրանք չէին ձանձրանում: Ես մերթընդմերթ փոխում էի խաղաոճը` կախված Անելկայի դիրքից: Ամեն ինչ հիանալի էր մինչև դեկտեմբեր, երբ մրցակիցները սկսեցին գլուխ հանել, թե ինչպես հաղթել մեզ, ու մեր հաղթարշավը սկսեց կանգ առնել, ինչը, միևնույն է, անխուսափելի էր: Մենք պարտվեցինք «Մանչեսթեր Սիթիին» ու ոչ-ոքի խաղացինք «Էվերթոնի», «Վեսթ Հեմի», «Բիրմինհեմի» հետ: Բայց նորմալ բան է մրցաշրջանի ոչ բոլոր խաղերում հաղթելը. երբ մարդիկ ասում էին, որ մենք չենք պարտվելու, ուզում էի ծիծաղել, բայց ես շատ ավելի ուժգին էի ծիծաղում, երբ ասում էին, որ մենք տիտղոս չենք նվաճելու: Մենք «բուժվեցինք» ու սկսեցինք նորից մեր հունով շարժվել` առանց շատ գաղտնիքներ բացահայտելու: Իսկ դրան մեկ պատճառ կար. մենք գրեթե գաղտնիք չունեինք, իսկ եթե կար էլ, ապա մեկ-երկուսը:

 

Բազմապատկման աղյուսակը. այն աղյուսակներից, որ քեզ տալիս են կրտսեր դպրոցում, երբ դու սովորում ես հաշվել ու բազմապատկել: Դուք սահեցնում եք շրջանակները ձողի վրայով, ու հաշվում ես ոչխարներին, քանի դեռ չես քնում (ճիշտն ասած ես հաշվում էի գառների, քանի որ դրանք ավելի համեղ են ու հեշտ են մարսվում) և ժամանակի ընթացքում քո ուղեղում ձևավորվում է թվաբանության ֆիլտր: Մենք սկսեցինք մեր հաշվարկները, հենց որ Չեմպիոնների լիգայում պարտվեցինք «Ինտերին» ու դուրս մնացինք. դա մրցաշրջանի պահ էր, երբ ամեն ինչ կարող էր աղետի վեածվել: Նախկինում «Չելսին» շատ անգամներ է ստիպված եղել ապաքինվել նման ծանր ապտակներից հետո, այդ իսկ պատճառով պարտությունից մեկ օր անց մենք հավաքվեցինք հանդերձարանում` Կոբհեմի մեր մարզաբազայում: Սրբություն դարձած ծերունիները սկսեցին խոսել` Տերին, Դրոգբան, Չեխը և Լեմպարդը (անգլիացի առաջնորդի մեկ այլ հիանալի կերպար. երբ նրան տեսնում եմ խաղադաշտում, դա ինձ երջանկություն է պարգևում): Այդ 20 րոպեների ընթացքում ես հպարտանում էի մեզանով, մենք գիտակցել էինք, որ պարտվել ենք մեծ դիմակայությունում, բայց կարող էինք հաղթել ավելին, շատ ավելին: Ես հստակ արտահայտվեցի, երբ խոսքն ինձ հասավ.«ԱՊԼ-ն ու FA Cup-ը նորից մեր նպատակներն են: 140 տարվա ընթացքում միայն 6 թիմի է հաջողվել դուբլ ձևակերպել, բայց, տղանե´ր, հիմա մեր հերթն է»: Պլանը, որն այնքան էլ պլան չէր, Չեմպիոնների լիգայից ուշադրությունը շեղելն էր ու մեր էներգիան նոր նպատակակետին կենտրոնացնելը: «Մեզ 11 խաղ է բաժանում մրցաշրջանի ավարտից, ու եթե մենք լավ խաղանք այդ խաղերը, կմտնենք պատմության մեջ»: Հենց այդ ժամանակ էլ մենք ստեղծեցինք մեր բազմապատկման աղյուսակը: Թվեր ու վիճակագրություն` գրված այնքան պարզ, որ որևէ մեկը հնարավորություն անգամ չուներ դրանք սխալ հասկանալու: Կային միայն մի քանի թվեր, պարզ թվեր, ֆունդամենտալ գումարներ, ու մենք պետք է դրանք մտապահեինք: Մարզումների քանակը` 50, մեր նպատակին հասնելուն մնացած օրերի քանակը` 60, մի քիչ քիչ կամ մի քիչ շատ, մնացած խաղերի քանակը` 11:

Առաջին խաղը «Բլեքբերնի» դեմ էր, ու, ազնվորեն ասած, վերջնական 1-1 հաշիվը ինձ չէր վախեցնում: Հետո մենք ատոմային ռումբի պես պայթեցինք` 5-0 «Պորտսմութի» դեմ, 7-1 «Ասթոն Վիլայի» դեմ, 2-1 հաշվով արտագնա հաղթանակ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ: Դրանք կախարդական թվեր են, որ մեր բազմապատկման աղյուսակին գեղեցիկ տեսք էին տալիս: «Օլդ Թրաֆորդում» մեր արձանագրած հաջողությունը մեզ առաջնության տիտղոսը բերեց, չնայած վերջում ես ու Ռեյ Ուիլկինսը ստիպված էինք միայնակ խմել մեր հաջողության կենացը: Ավանդույթի համաձայն, եզրափակիչ սուլիչից մի քանի րոպե անց մենք գնացինք սըր Ալեքսի սենյակ` սովորական մեկ բաժակ գինին ըմպելու: Մենք ներս մտանք, ու լռություն էր տիրում: Նա նստած էր ու հայացքն ուղղել էր հեռուստացույցի էկրանին. միացված էր ձիավազք` նրա մեծագույն կիրքը: Մենք մղվել էինք երկրորդ պլան` առաջին պլանը զիջելով դրան: Մենք, մեզ անհարմար զգալով, մի քանի րոպե լուռ կանգնած էինք, վստահ չէինք, թե ինչ է պետք անել, և ի վերջո արեցինք այն, ինչի համար եկել էինք: Մենք խմեցինք մի-մի գավաթ գինի` մեր առողջության համար: Եվ հետո` ցտեսություն: Չնայած բոլոր երեք դեպքերում, երբ խաղում էինք «Յունայթեդի» դեմ, հաղթեցի նրանց, ես Ֆերգյուսոնին համարում եմ ֆուտբոլային գիտակ, իմ կյանքում մի մեծ ուսուցիչ ու օրինակ, որին միշտ հետևել եմ, գործընկեր, որի հետ համեմատվում էի, և, փաստացիորեն, որոշ դեպքերում նաև` անհասանելի (անհասանելի այն առումով, որ ես ձիարշավ չեմ սիրում): Նախքան «Ստեմֆորդ Բրիջ» վերադառնալը մենք հաղթեցինք «Ասթոն Վիլային» գավաթի խաղում 3-0 հաշվով: Եվ հետո նորից առաջնությունում` «Ռեդինգին»` 1-0, հաղթեցինք «Տոտենհեմին», 7 գոլ խփեցինք «Սթոք Սիթիին», 2-0 հաղթեցինք «Լիվերպուլին» և 8-0 հաղթեցինք «Ուիգանին»: Մենք դարձանք Անգլիայի չեմպիոն, ես օտար թագավոր էի բարեկամ երկրում, մի փոքր հարբած թագավոր, եթե ուզում եք իմանալ ճշմարտությունը, քանի որ ես այդքան շատ գարեջուր, որքան մեր հանդերձարանում էր, միայն մի անգամ էի տեսել: Տղաները պարում էի ռեփ երաժշտության տակ. ես նույնպես փորձեցի, բայց առանց մեծ հաջողությունների: Ես դժվարությամբ էի ընկալում անգլերեն երգի ռիթմը: Ես կարծում էի, որ դեռ ամեն ինչ ավարտված չէ, ու հենց այդ ժամանակ որոշեցի խոսել տղաների հետ.«Carissimi signori, եկել է ժամանակը, որ դուք սկսեք սովորել իտալերեն: Հիմա սկսվում է մեր գաղութացումը: Ես չեմպիոնական «Չելսիի» մարզիչն եմ, Կապելոն` Իտալիայի հավաքականի…» Օբի Միկելը, Ջո Քոուլը ու Դրոգբան (ով մեքենա է խաղադաշտում), Մալուդան (խաղացող, ով ամենաշատն ինձ զարմացրեց իր առաջընթացով) տվեցին իրենց համաձայնությունը` ասելով.«Օհ, դու ճիշտ ես, Կարլո´, e che cazzo…» Ես ինչ որ բան բաց էի թողել, ըստ երևույթին: «Eccheccazzo sì («գրողը տանի» արտահայտության իտալերեն համարժեքը), նրանք ավելի լավ գիտեն իտալերեն, քան ես: Չէի՞ն կարող ավելի շուտ ասել»:

Բոլորս սկսեցինք հանել մեր աղյուսակները: Եվ տեսանք, որ դեռ մեկ բացթողում կա, որ պետք է լրացնենք` FA Cup-ի եզրափակիչը: Դրանից ես միայն մի հիշողություն եմ պահպանում: Արքայազն Ուիլիամը խաղից առաջ ողջունում էր թիմին, երբ խաղացողները արդեն իսկ կանգնած էին «Ուեմբլիի» խոտածածկին: Ես խաղացողներին մեկ առ մեկ ներկայացնում էի նրան, եվ դրանից հետո նա պարզապես ասաց.«Հաջողություն եմ մաղթում»: Այդ պահին ես ցանկանում էի նրան հարցնել.«Կծանոթացնե՞ք ինձ Ձեր տատիկի հետ: Բայց ես չհամարձակվեցի: Ես պաշտում եմ Էլիզաբեթ թագուհուն, ում անձամբ չեմ ճանաչում, բայց ամեն անգամ, երբ տեսնում եմ հեռուստացույցով, նրան անկրկնելի եմ համարում: Ես շատ էի ցանկանում հանդիպել նրան, չնայած չգիտեի, թե ինչպես դա կազմակերպեմ: Ես չէի կարող պարզապես զանգահարել Բուքինհեմյան պալատ ու ասել.«Բարև Ձեզ, կներեք, սա Կարլո Անչելոտին է, դե նա, ով չափից շատ է ուտում: Կարո՞ղ եմ խոսել Էլիզաբեթի հետ»: Դա պարզապես չի կարող լինել: Եվ այսպիսով, միակ բանը, որ կարող էի անել, շարունակել հաղթելն էր ու հուսալը, որ նա կնկատի: Նրա թոռան ներկայությամբ մենք հաղթեցինք գավաթը` 1-0 հաշվով հաղթելով «Պորտսմութին» խաղում, որի առաջին կեսում 5 անգամ հարվածեցինք դարպասաձողերին:

Կան օրեր, երբ ինձ թվում է, թե երազում եմ: Ես հարյուր անգամ կկայացնեմ նույն որոշումը` մարզել «Չելսին», կրկնում եմ` հարյուր անգամ: Նույնիսկ այն դեպքում, երբ «Ինտերից» կրած պարտությունից հետո Չեմպիոնների լիգայից դուրս մնալը մեծ հարված էր: «Ինտերից», այլ ոչ թե Մոուրինյոյից: Իտալիայում մենք բազում կեղտոտ բառեր ենք ասել միմյանց հասցեին, մենք հատկապես չէինք սիրում իրար (կարդալով այս գիրքը` կհամոզվեք դրանում), բայց հենց որ ես տեղափոխվեցի Անգլիա, իմ կարծիքը մի քիչ փոխվեց:

Նա պատմություն էր կերտել ակումբում, որում աշխատում էի, նրա մարզումների ու վարժությունների սեղմագրերի արխիվը մեկ անգամ չէ, որ ինձ օգտակար է եղել, և, այսպիսով, նա արժանի է լիակատար ու համակ ուշադրության: Մենք որոշեցինք խաղաղություն կնքել, խաղաղություն, որը համաձայնեցվեց Միլանում` Չեմպիոնների լիգայի մեր դիմակայության առաջին խաղից առաջ: Մենք հանդիպեցինք «Սան Սիրոյի» միջացնքում, սեղմեցինք միմյանց ձեռքը ու ասեցինք.«Ոչ մի կռիվ, ոչ մի վեճ»: 6 բառ, ձեռքսեղմում ու 10 վայրկյան, որոնց ընթացքում մենք հասկացանք միմյանց: Մարդիկ հաճախ են ինձ հարցնում` ինչու՞ դուք դուրս մնացիք Չեմպիոնների լիգայից` պարտվելով «Ինտերին»: Պատասխանեմ. դա մանրուքների խնդիր էր: Չկա այլ ճշմարտություն, չկա ասելու այլ բան: Չեմ կարծում, թե ես ու Ժոզեն երբևէ ընկերներ կլինենք, բայց հիմա մենք իսկապես հարգում ենք իրար: Երբ ես հաղթեցի ԱՊԼ-ն, նա նամակ գրեց.«Շամպայն»: Երբ նա նվաճեց Սկուդետոն Իտալիայում, ես պատասխան նամակն ուղարկեցի.«Շամպայն, բայց ոչ շատ»:

Կապ չունի, թե ինչպես ես նայում ամեն ինչին, ի վերջո ամեն ինչ գալիս է ուտել-խմելուն: «Չելսի» ֆուտբոլային ակումբ` լիքը փուչիկներով: Իմ նոր կյանքը ու տաքսի մեքենան, որտեղ ամեն ինչ սկսվեց:

Թարգմանեց Գևորգ Լոռեցյանը
Աղբյուրը` Անչելոտիի ինքնակենսագրական


Արիեն Ռոբենը կազմել է իր երազանքի թիմը (ֆոտո)

«Ռեալը» փոխարինող է գտել Պեպեին

Չեմպիոնները. 9 ակումբներ, որոնք արդեն լավագույնն են ճանաչվել իրենց երկրներում

Դուգլաս Կոստան հեռանում է Մյունխենի «Բավարիայից»

«Ռեալն» արդյունավետության պատմական ռեկորդ է գրանցել՝ շրջանցելով «Բավարիայի» ցուցանիշը

Անգլիական մի քանի գրանդ պայքարում է Լուկա Մոդրիչի համար

12 ակումբներ արդեն ապահովել են տեղը Չեմպիոնների լիգա-2017/18-ի խմբային փուլում

9 գոլ, կամային հաղթանակ ավելացված ժամանակում և Լևանդովսկու նոր ռեկորդը (տեսանյութ)

«Բավարիան» 2 մեգա տրանսֆեր է նախապատրաստում

Պաշտոնական. «Յուվենտուսը» և «Բավարիան» հասան վերջնական համաձայնության

Անչելոտին անվանել է լավագույն ֆուտբոլիստին, ում հետ իրեն վիճակվել է աշխատել

«Բարսելոնան» և «Մանչեսթեր Սիթին» միացան «Բենֆիկայի» պաշտպանի համար պայքարին

Ո՞ր ակումբներն են ամենաշատ մարզաշապիկները վաճառել 2016/17 մրցաշրջանում

Արտուրո Վիդալ. «Ուզում եմ, որ պատիժը գործի բոլորի համար»

Սանչեսի գործակալը բանակցություններ է վարում գրանդ ակումբի հետ

Ռոնալդուն իր մեքենայով հողին է հավասարեցնում «Բավարիային» և «Ատլետիկոյին» (ծաղրանկար)