Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Բարձրագույն խումբ. 11-րդ տուրին ընդառաջ

«ՇԻՐԱԿ»  – «ՓՅՈՒՆԻԿ»

Շիրակ - Փյունիկ

73 խաղ, +21=11-41, 78:124
26 հոկտեմբերիժ.15:00, Գյումրի, Քաղաքային  մարզադաշտ

Տուրի կենտրոնական խաղի մասնակիցները նախորդ տուրում հաջող հանդես եկան՝  նվազագույն հաշվով հաղթանակներ տոնելով: «Շիրակն» առավելության հասնելով «Գանձասար Կապանի» նկատմամբ, 21 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Իսկ փյունիկցիները «Բանանցին» հաղթելու շնորհիվ 15 միավորով հաստատվեցին աղյուսակի 3-րդ հորիզոնականում: Այդ խաղում կրկին վնասվածք ստացավ «Փյունիկի» ավագ Կամո Հովհաննիսյանը, ով չկարողացավ շարունակել հանդիպումը:

Ընթացիկ առաջնությունում «Շիրակը» հաջող է խաղացել «Փյունիկի» դեմ: Օգոստոսի 6-ին մրցակիցների միջև Գյումրիում կայացած խաղում, որով տրվել էր ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի հոբելյանական՝  25-րդ առաջնության մեկնարկը, «Շիրակը» 3:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց: Արդեն առաջին խաղակեսում շիրակցի Վիուլեն Այվազյանը 2 անգամ գրավեց իր նախկին թիմի դարպասը՝ փաստորեն վճռելով հանդիպման ելքը:

Ընդմիջումից հետո Դավիթ Մանոյանը 11մ հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը, բայց ավելացված ժամանակում Արամ Մուրադյանը 3-րդ գոլը խփեց: Ի դեպ, այդ խաղից հետո Դավիթ Մանոյանն էլ հեռացավ «Փյունիկից»՝ մեկնելով Կիպրոս:

Այդ հաղթանակը «Շիրակի» համար առաջինն էր փյունիկցիների հետ անցկացրած առաջնության վերջին 10 հանդիպումներում: Մինչ այդ շիրակցիները 6 պարտություն էին կրել, 3 խաղ ավարտել էին ոչ-ոքի: Վերջին հաղթանակը «Փյունիկի» նկատմամբ շիրակցիները տոնել էին 2014թ. ապրիլի 6-ին Գյումրիում և կրկին 3:1 հաշվով:

Երկրորդ շրջանի երևանյան խաղում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի:

Մրցակիցների մրցավեճում բոլորից արդյունավետ է գործել նախկին փյունիկցի Գևորգ Ղազարյանը, որի օգտին 11 գոլ է գրանցված: «Փյունիկին» առավել մեծ տհաճություն է պատճառել «Շիրակի» բոլոր տարիների լավագույն ռմբարկու Արթուր Պետրոսյանը, ով խփել է 8 գնդակ:

1 2 3

Բարձրագույն խումբ. 11-րդ տուրին ընդառաջ

«ԱՐԱՐԱՏ» – «ԲԱՆԱՆՑ»
49
խաղ, +12=14-23, 53:78
24 հոկտեմբերի, ժ.14:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

«Արարատը» գերազանց է սկսել առաջնության 2-րդ շրջանը՝  հաղթելով անցկացրած 3 հանդիպումներում էլ: Արարատցիների այս արդյունքը լավագույնն է առաջնության մասնակիցների մեջ: «Արարատը» վերջապես վերագտել է իր խաղը և, անկասկած, ձգտելու է զարգացնել հաջողությունը: Այն հնարավորություն կընձեռի արարատցիներին ընդհուպ մոտենալու առաջատարներին և անմիջականորեն ներգրավվելու մրցանակային տեղերի համար մղվող պայքարին:

«Արարատի» համար հաղթանակ տոնելու լրացուցիչ խթան  է նաև այն հանգամանքը, որ վերջին 2 մրցաշրջաններում «Բանանցն» անհարմար մրցակից է դարձել թիմի համար: Բավական է նշել, որ վերջին հաղթանակը «Բանանցի» նկատմամբ «Արարատը» տոնել է 2012թ. հոկտեմբերի 27-ին Ավետիք Կիրակոսյանի խփած միակ գոլի շնորհիվ: Իսկ դրանից հետո մրցակիցների միջև կայացած առաջնության 11 հանդիպումներում «Բանանցը» 6 հաղթանակ է տոնել, 5 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

«Բանանցն» առաջնությունում առայժմ անհաջող է հանդես գալիս: Թիմում կատարված մարզչական փոփոխությունն էլ առայժմ դրական արդյունք չարձանագրեց: Իսպանացի Տիտո Ռամալյոյի նորամուտը «Բանանցի» գլխավոր մարզչի պաշտոնում անհաջող անցավ: Նրա սաները նախորդ տուրում 0:3 հաշվով զիջեցին «Ալաշկերտին», որը բացահայտ առավելություն ուներ և կարող էր հաղթել գերխոշոր հաշվով:

Հետաքրքիր է, որ ընթացիկ առաջնությունում միակ հաղթանակը «Բանանցը» տոնել է հենց «Արարատի» նկատմամբ՝ 4-րդ տուրում սեփական հարկի տակ մրցակցին պարտության մատնելով 3:0 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան Ջերեմիա Ջոնը, Միգել Լոպեսն ու Նաիրի Մինասյանը:

6 արարատցիներ՝ Սարգիս Կարապետյանը, Բենիկ Հովհաննիսյանը, Արեգ Ազատյանը, Արամ Հայրապետյանը, Նորայր Գրիգորյանն ու Գևորգ Նռանյանը ժամանակին հանդես են եկել «Բանանցում»: Ընդ որում  Նռանյանը նախորդ առաջնությունում 7 գնդակով «Բանանցի» լավագույն ռմբարկուն էր: Այդ գոլերից 3-ը նա խփել էր «Արարատի» դարպասը, ընդ որում առաջին շրջանի խաղում դուբլի հեղինակ էր դարձել: Իսկ ահա «Արարատի» կազմում Նռանյանին առայժմ մեկ անգամ է հաջողվել գրավել «Բանանցի» դարպասը՝ աչքի ընկնելով  2012/13թթ. առաջնությունում:

Իսկ ընդհանուր առմամբ «Բանանցի» հետ հանդիպումներում արարատցիներից բոլորից արդյունավետ է գործել թիմի բոլոր տարիների լավագույն ռմբարկու Վահե Յաղմուրյանը` խփելով 5 գնդակ: «Բանանցի» կազմում էլ նույնպիսի արդյունքի են հասել Սամվել Մելքոնյանն ու Արսեն Բալաբեկյանը:

«Բանանցի» կազմում «Արարատի» հետ կայանալիք հոբելյանական՝ 50-րդ հանդիպմանը չեն մասնակցի նախորդ տուրում դաշտից հեռացված Արամ Շահնազարյանն ու 4-րդ զգուշացումը ստացած Կարեն Հարությունյանը:

1 2 3 4