Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արթուր Աբրահամ. «Հայաստան եմ եկել հոգևոր հաղթանակի հետևից»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը խոսեց իր մենամարտերի, ապագա ծրագրերի, անձնական կյանքի և այլ հետաքրքիր թեմաների շուրջ:

«Մենամարտից հետո եկել եմ Հայաստան հանգստանալու, ինչի համար շատ ուրախ եմ: Կարևոր է, որ ես հաղթում եմ, իսկ հաղթանակից հետո պետք է հոգևոր հաղթանակ, որի համար էլ Հայաստանում եմ եկել»,-սկսեց Արթուր Աբրահամը:

Մարտին Մուրրեյի դեմ հաղթանակի մասին

«Մուրրեյն ընդամենը երկու պարտություն ուներ, շատ ուժեղ ու փորձառու բռնցքամարտիկ էր, և մենամարտը շատ ծանր ստացվեց, սակայն մենք հաղթեցինք, որովհետև մենք էլ թույլ չէինք (ժպտում է՝ խմբ.): Կարևորը հաղթեցինք, և մարզիչս գոհ էր»,-նշում է Աբրահամը՝ հավելելով, որ դիտել էր բրիտանացու մենամարտերը և սպասում էր ծանր մենամարտ:

«Ես առաջին մի քանի ռաունդը հանգիստ եմ անցկացնում, իսկ ահա 4-5-րդ ռաունդից տաքանում եմ ու հունի մեջ ընկնում: Չեմ սիրում մտնել ռինգ ու միանգամից կռիվ անել, այլ սիրում եմ նայել մրցակցին, հետևել, հասկանալ ուժեղ հարվածների տարբերակները, մարտավարությունը, և ապա նոր սկսում եմ հարվածել»,-իր մարտավարության մասին կիսվում է Աբրահամը:

Հաջորդ մենամարտի մասին

Արթուր Աբրահամի հաջորդ մենամարտը տեղի կունենա 2016թ. մարտին: Նրա հաջորդ մրցակիցը մեքսիկացի Ժիլբերտո Ռամիրեսն է: «Սա տիտղոսի պաշտպանության համար հերթական մենամարտն է, մեքսիկացի բռնցքամարտիկ է, 25 մենամարտից ոչ մի պարտություն չի կրել, բոլորում հաղթել է»,- նշում է մարզիկը: Մենամարտի անցկացման վայրի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են, սակայն տարբերակները երկուսն են՝ ԱՄՆ կամ Գերմանիա: «Ես դեռ չեմ մտածում հաջորդ մենամարտի մասին, եթե այս պահից սկսեմ մտածել, ապա չեմ կարողանա հանգիստ քնել: Հիմա եկել եմ հանգստանալու, իսկ երբ սկսեմ մարզվել, կդիտեմ նաև նրա մենամարտերը, որպեսզի ամբողջովին մտնեմ բռնցքամարտիկի կենսակերպի մեջ»,-նշում է Աբրահամը:

IMG_9720_1

Դիետայի մասին

Հայաստանում Արթուր Աբրահամը դիետայի կարիք չունի, քանի որ շատ զբաղված է լինում ու շատ է նիհարում: «Ճիշտն ասած, Հայաստանում օրը մեկ անգամ եմ հաց ուտում, իսկ Գերմանիայում երեք անգամ սնվում եմ: Բացի այդ, երբ չեմ մարզվում, առանձնապես ախորժակ էլ չունեմ, որովհետև էներգիա չեմ ծախսում»,-խոստովանում է բռնցքամարտիկը:

Հանգստի մասին

Արթուրը Հայաստան է ժամանել դեկտեմբերի 7-ին և այստեղ անցկացնելու է 4 շաբաթ: «Նոր տարվա պլանները դեռ չենք հստակեցրել, ընտանիքով ենք որոշելու ու միասին ենք անցկացնելու ամանորը: Ես կուզենայի Հայաստանում դիմավորել»,- նշում է նա:

«Հայաստանի հող ու ջրում լինելն արդեն ինձ համար հանգիստ է»,-հայտարարում է Աբրահամը:

abraham

«Բեռլինի չեմպիոն 2015» մրցանակի մասին

«Չորրորդ անգամ դարձա Բեռլինի լավագույն մարզիկ, մինչդեռ այնտեղ կան շատ օլիմպիական, աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ, ուստի դա ինձ համար շատ մեծ պատիվ է: Երբ Հայաստանից գնում ես Գերմանիա ու այնտեղ էլ լավագույնն ես ճանաչվում, դա էլ ավելի է ոգեշնչում»,-ասում է մարզիկը:

Քաղաքականության մասին

Արթուրը որոշակի հետաքրքրվում է հասարակական-քաղաքական կյանքով, սակայն մենամարտերի օրերին հետևել անցուդարձին չի հասցնում: «Ես ընդհանրապես քաղաքականության մեջ չկամ, ես մարզիկ եմ, հասարակ մարդ, ինչպես բոլորը»,-նշում է նա:

Հոփկինսի հետ մենամարտի մասին

«Նա մենամարտ ուզում էր, ես էլ էի պատրաստ, սակայն իմ ու նրա պրոմոութերները երևի ընդհանուր հայտարարի չեկան, ու մենամարտը դեռ սառույցի վրա է»,-հայտնում է Արթուրը:

IMG_9736_1

Կարիերան ավարտելու մասին

«Երևի ևս 2 տարի մենամարտեմ և թողնեմ սպորտը, քանի որ 2 տարվա նոր պայմանագիր եմ ստորագրել մինչև 37 տարեկան: Դրանից հետո կվերադառնամ նորմալ կենսակերպի, այլապես հիմա տարվա մեջ 8 ամիս ապրում եմ հյուրանոցում, անընդհատ հավաքների մեջ եմ, կարոտում եմ տունը, սովորական կյանքը»,- կիսվում է Աբրահամը:

Անձնական կյանքի մասին

Պարզվում է՝ Արթուր Աբրահամը հասցրել է ամուսնանալ 6 ամիս առաջ, կնոջ անունը Մերի է, նա ուսանող է, սովորում է ԵՊՀ-ում: «Նոր կյանք ենք սկսել, բայց այս շրջանը մեզ համար շատ դժվար է, որովհետև շատ ժամանակ չենք հասցնում միասին անցկացնել: Գերմանիայում ես ապրում եմ լիովին սպորտային կյանքով»,- նշում է Աբրահամը: Հայ մարզիկը երազում է ունենալ երեք երեխաներ, սակայն կուզենար, որ նրանք ավելի շուտ զբաղվեին ֆուտբոլով ու բասկետբոլով, քան բռնցքամարտով:

IMG_9747_1

Բռնցքամարտի մարզադպրոցի մասին

Հողատարածքն արդեն վերցված է, նախագիծ կա, սակայն ավելին անել Արթուրը առայժմ չի հասցնում. «Պետք է ժամանակ ունենամ, որպեսզի գամ և գործին անձամբ հետևեմ»:

Բնակության վայրի մասին

Արթուր Աբրահամը քիչ հավանական է համարում կարիերան ավարտելուց հետո ընդմիշտ Հայաստան տեղափոխվելը: «Ես ամեն ինչ Գերմանիայում եմ ստեղծել, ու դա չեմ կարող հենց այնպես թողնել, ու բացի այդ, Հայաստանում նախընտրում եմ հանգստանալ»,-ասում է Արթուրը:

Հայաստանում պրոֆեսիոնալ բռնցքամարտի մասին

«Կարելի է փոքր մենամարտեր անցկացնել՝ որոշակի հովանավորներ գտնելով, սակայն լուրջ մակարդակի պրոֆեսիոնալ բռնցքամարտ ունենալու համար պետք են վճարովի հեռուստաալիքներ, որոնք կֆինանսավորեն այն, պետք է մշտական ֆինանսավորման աղբյուր»,-նշում է 35-ամյա մարզիկը: Արթուրը պահպանում է կապը հայկական բռնցքամարտի ներկայացուցիչների հետ, ու համարում, որ մեծ բնակչություն չունեցող Հայաստանի համար մեր բռնցքամարտը բավականաչափ լավ արդյունքներ է գրանցում աշխարհում:

  • 6