Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Արմեն Պետիկյան. «Չնայած առկա խնդիրներին, «Միկան» կարող էր ավելի լավ հանդես գալ»

Նախորդ մրցաշրջանի ավարտից հետո «Միկա» ֆուտբոլային ակումբը հայտնվել էր ֆինանսական ծանր կացության մեջ, որի հետևանքով ակումբի ղեկավարությունը մի պահ նույնիսկ որոշել էր հրաժարվել բարձրագույն խմբի առաջնության մասնակցությունից: Թեև վերջին պահին մասնակցության հարցը լուծվեց, սակայն թիմից արդեն հեռացել էր մարզչական կազմն ու ֆուտբոլիստների մեծամասնությունը:

Տևական ընդմիջումից հետո «Միկայի» ղեկը կրկին ստանձնած Արմեն Ադամյանը ստիպված էր հապշտապ նոր թիմ կազմավորել: Այդ ամենը չէր կարող բացասաբար չանդրադառնալ «Միկայի» ելույթների վրա, որն առաջնության աշնանային հատվածում 14 միավորով զբաղեցրեց 6-րդ տեղը:

Թիմի մրցելույթների, ակումբի ներկայիս իրավիճակի և առաջիկա անելիքների մասին զրուցեցինք «Միկայի» նորանշանակ նախագահ Արմեն Պետիկյանի հետ:

– Պարոն Պետիկյան, որոշ ընդմիջումից հետո կրկին վերադարձել եք մեծ ֆուտբոլ: Ինչո՞վ էր պայմանավորված հարազատ ակումբի նախագահի պաշտոնի ստանձնումը «Միկայի» համար այս բարդ ժամանակաշրջանում:

– Պարզապես առաջարկ ստացա կրկին վերադառնալու հարազատ ակումբ: Բանակցելուց հետո ընդունեցի առաջարկը: Դա ինձ համար նոր մարտահրավեր էր ու շատ հետաքրքիր: Փորձում եմ ներդնել իմ առավելագույն ուժերն ու գիտելիքներն ակումբին օգտակար լինելու համար:

– Վերջերս Պենզայի «Զենիթի» պաշտոնական կայքը տեղեկացրել էր Արմեն Ադամյանին այդ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին: Ի՞նչ կասեք այդ առնչությամբ:

– Այսօրվա դրությամբ Արմեն Ադամյանը պաշտոնապես «Միկայի» գլխավոր մարզիչն է: Այդ հարցի շուրջ ավելացնելու ոչինչ չունեմ:

– Հայտնի իրադարձությունների հետևանքով ընթացիկ առաջնությունում փաստորեն հարկ եղավ նոր թիմ կազմավորել: Մրցաշրջանի շեմին նույնիսկ դրված էր առաջնությունից հրաժարվելու հարցը, որի հետևանքով ֆուտբոլիստների մեծամասնությունը լքեց թիմը: Այս ամենը հաշվի առնելով, ինչպե՞ս եք գնահատում «Միկայի» ելույթներն առաջնության աշնանային հատվածում:

– Նույնիսկ հաշվի առնելով այդ ամենը, թիմի ելույթները բավարար չեմ գնահատում, որովհետև իմ խորին համոզմամբ կարող էինք շատ ավելի հաջող հանդես գալ: Իրականում հասկանում ենք, որ մեր թիմն իր կազմով այնքան էլ ուժեղ չէր, բայց ամեն դեպքում ֆուտբոլիստների ներուժը թույլ էր տալիս ավելի բարձր արդյունքներ գրանցելու:

Իրոք, հատկապես առաջին շրջանում շատ դժվար էր, քանի որ նոր ֆուտբոլիստներ էին ընդգրկվել թիմի կազմում, նրանց միջև համագործակցության հարցեր էին ծագել, խնդիրներ կային, հետո մարզիչ փոխվեց: Իսկ ահա 2-րդ շրջանում կարծում եմ, որ կարող էինք ավելի հաջող խաղալ:

– Առաջնության ընթացքում Արմեն Ադամյանը մշտապես նշում էր, որ թիմը փաստորեն առանց հարձակվողի է խաղում: Այդ գծում հանդես եկող Սամվել Մելքոնյանն էլ վնասվածքի պատճառով մի քանի խաղ բաց թողեց: Դա ևս իր ազդեցությունն ունեցավ թիմի գրանցած արդյունքի վրա:

– Այդ հարցում համակարծիք եմ թիմի գլխավոր մարզչի հետ, որովհետև ի սկզբանե թիմում նոմինալ հարձակվող չի եղել, իսկ Սամվել Մելքոնյանը հարձակողական ոճի կիսապաշտպան է: Ցավոք, սելեկցիոն աշխատանքների ժամանակ չգիտես ինչու անտեսվել է հարձակվողի հարցը, ինչի հետևանքով էլ նման իրավիճակում էր հայտնվել թիմը: Ուստի Ադամյանը ստիպված էր հարձակման գծում խաղացնել հարձակողական ոճի կիսապաշտպաններին, կամ էլ այնպիսի տակտիկա ընտրել, որ թիմն առանց հարձակվողների էլ կարողանա արդյունք ապահովել:

«Միկայում» մեծ թիվ են կազմում լեգեոնականները: Արմեն Ադամյանը նշել էր, որ տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմին առնվազն 6 բարձրակարգ ֆուտբոլիստներ են անհրաժեշտ խաղային օղակներն ուժեղացնելու համար: Շարունակելու՞ եք լեգեոնականներ հրավիրել, թե ավելի մեծ տեղ եք հատկացնելու հայ ֆուտբոլիստներին:

– Տարբեր առիթներով մշտապես ասել եմ, որ հնարավորության դեպքում մենք նախապատվությունը տալիս ենք հայ ֆուտբոլիստներին: Ինչու՞ հնարավորության դեպքում, որովհետև այսօր Հայաստանում շատ դժվար է ազատ խաղացողի կարգավիճակ ունեցող ֆուտբոլիստներ գտնելը, որոնք իրենց խաղային որակներով բավարարեն մեր պահանջները և ցանկություն ունենանք նրանց հրավիրելու «Միկա»: Իհարկե, Հայաստանում շատ են ֆուտբոլիստները, որոնց կցանկանայինք տեսնել մեր թիմում, սակայն նրանք պայմանագրեր ունեն իրենց ակումբների հետ:

Ներկայումս «Միկայում» 10 լեգեոնականներ են ընդգրկված, որոնց կեսից ավելին հավանաբար կհեռանա թիմից: Գուցե նոր լեգեոնականների կհրավիրենք, առանց որոնց հայկական ակումբներին դժվար կլինի բարձր արդյունքների հասնելը, քանի որ մեր ներքին շուկայում բարձրակարգ ֆուտբոլիստների թիվը մեծ չէ: Այսօր բացառությամբ «Փյունիկի», հայկական մյուս թիմերում լեգեոնականներ են հանդես գալիս: «Փյունիկում» էլ նախորդ մրցաշրջանում հանդես եկավ մեքսիկացի հարձակվող Սեսար Ռոմերոն, ով մեծ ներդրում ունեցավ թիմի չեմպիոնության նվաճման հարցում:

– Թիմի համալրման հարցում արդեն կա՞ն պայմանավորվածություններ առանձին ֆուտբոլիստների հետ:

– Իհարկե, կան ֆուտբոլիստներ, որոնց հետ բանակցում ենք: Մեր տեսադաշտում են ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրացի ֆուտբոլիստներ: Բայց այս պահի դրությամբ դեռ հստակություն չկա, որովհետև կան հարցեր, որոնց պատասխաններին ենք սպասում: Երբ որ ամեն ինչ կհստակեցվի, այդ ժամանակ էլ ֆուտբոլիստների հրավիրման հետ կապված կոնկրետ քայլեր կձեռնարկենք:

«Միկան» նախատեսել է առաջնության գարնանային հատվածի նախապատրաստությունը սկսել հունվարի 15-ից: Ինչու՞ այդքան ուշ: Դա ֆինանսական խնդիրների հե՞տ է կապված:

– Այդ հարցում ֆինանսական խնդիրներ չկան: Իմ կարծիքով մենք կհասցնենք նորմալ նախապատրաստվել առաջնության 2-րդ հատվածին: Ըստ նախնական պայմանավորվածության, Երևանում մարզումները սկսելուց հետո 10 օրով մեկնելու ենք Թբիլիսի: Այնուհետև նախատեսված է ուսումնամարզական երկշաբաթյա հավաք Կիպրոսում: Ավելի հստակ նախապատրաստական ծրագիրը հայտնի կդառնա դեկտեմբերի վերջին:

– Մրցաշրջանի մեկնարկից առաջ ակումբը հայտնվել էր ֆինանսական դժվարին կացության մեջ: Այդ հարցը կարգավորվե՞լ է, կա՞ն նոր հովանավորներ:

– Այո, ֆինանսական վիճակը համեմատաբար կարգավորվել է և հույս ունենք, որ հետագայում այս առումով շատ ավելի լավ է լինելու: Գիտեք, որ «Միկայի» միակ գլխավոր հովանավորը Միքայել Բաղդասարովն է: Պարզապես այս ընթացքում նրա կողքին հայտնվեց մի անձնավորություն, ով պատրաստակամ էր ինչ-որ կերպ աջակցելու թիմին: Սակայն գաղտնիք չէ և դա փաստ է, որ «Միկայի» սեփականատերը Միքայել Բաղդասարովն է:

Աշոտ Հայրապետյան


Ինչքան գումար են ստացել հայկական ակումբներն իրենց ֆուտբոլիստների՝ ԵՎՐՈ-2016-ի որակավորմանը խաղալու համար

2 ֆուտբոլիստ համալրեց «Արարատի» կազմը

Պաշտոնական. Նարեկ Բեգլարյանը՝ ղազախական «Ժետիսուի» ֆուտբոլիստ

Հայտնի է, թե քանի թիմով են անցկացվելու ՀՀ Բարձրագույն և առաջին խմբի առաջնությունները

«Միկա» ֆուտբոլային ակումբը, ամենայն հավանականությամբ,կդադարեցնի իր գոյությունը

«Ալաշկերտը» պատմության մեջ առաջին անգամ՝ Հայաստանի չեմպիոն

Բարձրագույն խումբ. «Ալաշկերտը» նորից ձեռքից բաց թողեց հաղթանակը և այլ արդյունքներ

Փոփոխություն Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում

«Գանձասար Կապան» 3-1 «Միկա», «Շիրակ» 1-1 «Փյունիկ»

Սերգեյ Յուրանը կարող է տեղափոխվել «Ալաշկերտ»

Խորեն Հովհաննիսյանն ու Սերգեյ Յուրանը հեռացել են «Միկայից»

«Բանանցը»՝ Հայաստանի գավաթակիր

ԲԽ. «Ալաշկերտն» ու «Շիրակը» հաղթանակներ են տանում, «Փյունիկը»` ոչ ոքի խաղում

Բարձարգույն խումբ. «Միկա»-«Շիրակ»,«Ալաշկերտ»-«Բանանց» ուղիղ եթեր

Բարձրագույն խումբ. Առաջատարները ոչ-ոքի են խաղում, «Միկան» ջախջախում է «Արարատին»

«Միկա» 0-0 «Բանանց». Թիմերը խաղաղությամբ բաժանվեցին