Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Աֆրոլեննականցիների ֆենոմենը «Շիրակում». Հաբեթ Հարությունյանի բլոգը

Գյումրեցիների դուխն ու թասիբը միշտ իր տեղում է, գյումրեցի ֆուտբոլիստներինն առավել եւս: Պատահական չէ, որ Հայաստանի ազգային հավաքականում, անկախ ամեն ինչից, գյումրեցի ֆուտբոլիստներ եղել են, կան ու կլինեն: Պատահական չէ նաեւ, որ հաշված ֆուտբոլիստներ են կարողացել այս ընթացքում ամրապնդվել Գյումրիի «Շիրակում»՝ չլինելով գյումրեցի: Գյումրիում նույնիսկ կատակում են, որ հրավիրված սեւամորթ ֆուտբոլիստները ոչ թե լեգեորներներ են, այլ աֆրոլեննականցիներ: Սրանում կարելի է համոզվել, եթե մեկ անգամ, օրինակ, շփվեիք Սերժ Դեբլեի հետ: Դեբլեի դուխն ու անսպառ հումորի զգացումը, Յորոյի շուստռությունը, Դամի ամերիկայի վիզա ստանալու պատմությունը, Բեկոյի ու Բուգուհիի կամային հատկանիշներն արտացոլում են այն ամենն, ինչը հարկավոր է «Շիրակում» հարմարվելու եւ թիմում տեղ ունենալու համար:

Բնական է, նշված խաղացողները չէին կարողանա կարճ ժամանակում ճանապարհ հարթել դեպի Եվրոպա, եթե չլինեին գյումրեցի նրանց խաղաընկերներն ու մարզիչները: Շատերն են զարմանում, թե ինչպես է հաջողվում «Շիրակին» գտնել համեմատաբար բարձրակարգ լեգեոներներ: Խնդիրը ոչ միայն հրավիրված խաղացողի բնատուր տաղանդի մեջ է, այլ նրա, թե ուր է նա գնում եւ ինչպես նրան կընդունեն այնտեղ: Օրինակ նույն Յորոյի մասին գյումրեցիները կատակում են. «Երբ իմացանք Յորո անունով ֆուտբոլիստ բդի գա մեր թիմ, գուգլով պոիսկ տվեցինք, խալաձելնիկի նկարներ բերեց…»: Գալուց հետո էլ միանգամից փոխեցին անունը՝ «Երվանդ»:
Արդեն մեկ տարի անց Յորոյի ֆեյսբուքյան էջը լցվեց նրա «Շիրակի» մարզաշապիկով նկարներով, իսկ արդյունքում խաղացողների ծառայություններով հետաքրքրվեց եւ արդյունքում ձեռք բերեց ոչ ավել ոչ պակաս պորտուգալական «Բոավիշտան»: Թե ինչու Յորոյի կարիերան չի դասավորվում Հայաստանից դուրս, կռահեք ինքներդ:

Անուններ ստացան նաեւ մյուս աֆրոլեննականցիները՝ Սերժ Դեբլեն՝ Սերոժն էր կամ Սերժիկը, Բուգուհին՝ Ժանը, Բորիս Կադիոն՝ Բոռյա կամ, պարզապես, Բորիս, ներկայիս հարձակվող Կուակու Օդիլիոնին էլ՝ Օդեկոլոն, ու երբ վերջին խաղում նա չէր խաղում, մարզադաշտից մեկը բացականչեց. «Էս մեր օդեկոլոնը վերջացել է, հա՞»: Վերջիններս տարիների ընթացքում հասցնում են յուրացնել նաեւ գյումրվա բարբառը եւ նրանց հետ զրուցելիս կարելի է լսել գյումրվա անուշ խորատեք՝ համեմված աֆրիկյան ակցենտով, ինչը ավելի է գեղեցկացնում ու քաղցրացնում նրանց հայերենը:

Յուրաքանչյուր կոլեկտիվում հաջողության հասնելու թիվ մեկ գրավականը առողջ մթնոլորտն է՝ լի հումորով եւ փոխադարձ հարգանքով՝ ղեկավարից մինչեւ պահակ: Ահա եւ ամբողջ գաղտնիքը:

[ale_tabs] [ale_tab title=” “] Սույն հոդվածը հրապարակվել է «Վիվառո Նյուզի» կազմակերպած մրցույթի շրջանակներում: Հոդվածում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին և կարող են չհամընկնել «Վիվառո Նյուզի» տեսակետների հետ: Հոդվածի օգտին քվեարկելու համար սեղմե՛ք ներքևում գտնվող «Հավանել հոդվածը» կոճակը:[/ale_tab] [/ale_tabs]