Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Աբրահամ Խաշմանյան. «Չեմպիոնության մասին խոսակցությունները կարող են ճնշում գործադրել ֆուտբոլիստների վրա»

Դեկտեմբերի 17-ից  «Ալաշկերտը» սկսեց նախապատրաստությունն առաջնության գարնանային հատվածին: Մարզումներին մասնակցող ֆուտբոլիստներից բացակայում էին միայն լեգեոնականները՝ Հեբեր Արաուխոն և Ֆոֆանա Սեկուն, որոնք թիմին կմիանան հունվարի սկզբին: «Միկա» մարզահամալիրում անցկացված պարապմունքն ավարտվեց երկկողմանի խաղով, որին իր մասնակցությունն ունեցավ նաև թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: Խաղի ավարտից հետո Աբրահամ Խաշմանյանը պատասխանեց «Վիվառո Նյուզի» թղթակցի հարցերին:

Պարոն Խաշմանյան, նախորդ մրցաշրջանի ավարտից հետո նշել էիք, որ թիմի կազմն ուժեղացվելու է և «Ալաշկերտն»  ավելի հաջող ելույթներ է ունենալու, ինչն իրականացավ: Բացի սելեկցիոն արդյունավետ աշխատանքից, որո՞նք էին հաջողության մյուս գրավականները:

– Առաջինն այն է, որ «Ալաշկերտը» շատ կազմակերպված թիմ է, ինչն անդրադառնում է բուն խաղի որակի և արդյունքների վրա: Կայուն ելույթներն էլ պայմանավորված են մարզումային արդյունավետ գործընթացով: Մնացած գործոններն էլ ֆուտբոլային են, որոնք որ տեսանելի են:

Արդեն Եվրոպա լիգայի մրցաշարում «Ալաշկերտը» դրսևորեց իր խաղային ունակությունները: Որքանո՞վ դա նպաստեց թիմի հետագա հաջողություններին:

– Ոչ միայն իմ, ակումբի հովանավորի և նախագահի, այլև կարծում եմ ֆուտբոլային հանրության կողմից Եվրոպա լիգայի մրցաշարում թիմի ելույթների գնահատականը բավականին բարձր էր: Թիմն իր պատմության մեջ առաջին անգամ հանդես գալով եվրոպական մրցասպարեզում, ուժեղ մրցակիցների հետ հանդիպումներում հաջող ելույթներ ունեցավ:

Նույնիսկ «Կայրաթի» հետ արտագնա խաղում վատ չխաղացինք, թեև 0:3 հաշվով պարտվեցինք շատ ուժեղ թիմին: Բայդ դա էլ իր պատճառն ուներ, երկար ճանապարհ էինք անցել: Իսկ սեփական հարկի տակ լավ ոճով հաղթեցինք մրցակցին:

Բնական է, որ Եվրոպա լիգայում հաջող ելույթները նպաստեցին, որ թիմը բարձր տրամադրվածությամբ սկսի Հայաստանի առաջնությունը: Սակայն առանց այդ էլ մի վայրկյան անգամ չէի կասկածում, որ առաջնությունում էլ հաջող ենք հանդես գալու, քանի որ գիտեմ իմ թիմի ներուժը, ինչ թիմ եմ նախապատրաստել, ինչ նպատակներ ենք հետապնդում:

Vahagn+Minasyan+St+Johnstone+v+Alashkert+FC+QdwiaqHrPYCl
Ավագ Վահագն Մինասյանը տոնում է ելքը Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլ:

– Իսկ կպատկերացնեի՞ք, որ «Ալաշկերտը» դառնալու է առաջնության աշնանային հատվածի հաղթող:

– Չէի ասի, թե վստահ էի, որ անպայման կգլխավորենք մրցաշարային աղյուսակը, սակայն ելնելով թիմի ներուժից, հաստատ համոզված էի, որ լինելու ենք լավագույններից մեկը:

«Ալաշկերտը»  3 մրցաշարերում էլ իրեն հիանալի դրսևորեց ու բնական է, որ գոհ եք արդյունքներից: Իսկ ի՞ նչ կասեք թիմի ցուցադրած խաղի մասին:

Դժգոհելու առիթ չունեմ: «Ալաշկերտը» հաջող խաղաց Եվրոպա լիգայում, առաջնության առաջատարն է, գավաթի մրցաշարում էլ կիսաեզրափակչի ուղեգիր է նվաճել: Գոհ եմ նաև թիմի ցուցադրած խաղի որակից, քանի որ ժամանակակից ֆուտբոլ է ցուցադրում: Իհարկե, պետք է ձգտենք ավելի բարելավել մեր խաղը:

– «Ալաշկերտը» 5-րդ տուրից սկսած միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ առաջատարի դիրքը չզիջելով ոչ մեկին: Սակայն երբ խոսք է գնում չեմպիոնության մասին, դուք մշտապես խուսափում եք այդ մասին խոսելուց: Դա թիմի վերջնական հաջողության նկատմամբ թերահավատությունի՞ց է, թե պարզապես Ձեր կողմից դիվանագիտական քայլ է:

– Թերահավատություն, իհարկե, չկա: Ես միշտ ասում եմ, որ պետք ՝է զգոն լինել և դա ապացուցում ենք գործով: Երբեք որևէ մեկին, այդ թվում ակումբի ղեկավարությանը չեմ ասել ու չեմ ասի, որ թիմը պայքարում է չեմպիոնության համար: Դա կարող է ավելորդ լարվածություն առաջացնել ֆուտբոլիստների մոտ, ճնշում գործադրել նրանց վրա: Մենք կանենք առավելագույնը, իսկ մրցաշրջանի վերջում կտեսնենք արդյունքը:

– Իսկ ինչպիսի՞ն է ակումբի ղեկավարության տեսակետն այդ հարցում: Մրցաշրջանի մեկնարկի համեմատ չե՞ն փոխվել պահանջները թիմի նկատմամբ:

– Ակումբի ղեկավարության հետ մշտապես քննարկում ենք թիմի խնդիրները և նպատակների հարցում համակարծիք ենք:

– Առաջնության ընթացքում հրաժարվեցիք որոշ լեգեոնականների ծառայություններից: Նրանք չարդարացրի՞ն սպասելիքները:

– Եթե արդարացնեին, ապա ներկայումս թիմում կլինեին: Լեգեոնականը պետք է լավ ֆուտբոլ խաղա, ինչպիսին մեր թիմում Հեբերն է ցուցադրում: Ինձ համար այնքան էլ ցանկալի չէ թիմում լեգեոնականների մեծ թիվը, եթե ունենք հայ տղաներ, որոնք կարող են լավ մակարդակի խաղ ցուցադրել: Այդ դեպքում պետք է հայ ֆուտբոլիստները գերակշռեն թիմում:

– Ձեզ կարելի է երջանիկ մարզիչ համարել, քանի որ ունեք հարձակողական հզոր երկյակ ի տարբերություն որոշ  թիմերի, որոնք նույնիսկ մեկ լիարժեք հարձակվող չունեն:

– Այսօր հանձինս Հեբերի և Միհրան Մանասյանի իրոք թիմում ունենք ագրեսիվ և արդյունավետ հարձակվողներ, ովքեր լավ մակարդակի ֆուտբոլ են ցուցադրում, միմյանց ու թիմակիցների հետ լավ են համագործակցում ի շահ թիմի: Նշեմ, որ իմ գլխավորած թիմերում լավ հարձակվողներ չեմ ունեցել, նույնիսկ գրեթե առանց հարձակվողի ենք խաղացել: Սակայն խաղի ճիշտ կազմակերպման, թիմային գործողությունների շնորհիվ կրկին լավ ցուցանիշներ են գրանցվել:

«Ալաշկերտը» տոնում է «Շիրակի» դարպասը խփած գնդակը:
«Ալաշկերտը» տոնում է «Շիրակի» դարպասը խփած գնդակը:

– Հեբերի և Մանասյանի արդյունավետ գործելու հետևանքով թիմի մյուս ագրեսիվ ֆուտբոլիստները՝ Նորայր Գյոզալյանն ու Արսեն Բալաբեկյանը քիչ խաղաժամանակ ստացան: Ռմբարկուի հատկանիշներով օժտված Գյոզալյանի մոտ կարծես խաղային որոշ անկում է նկատվում: Ինչո՞վ եք դա պայմանավորում:

– Առաջնության 4-րդ տուրում Գյոզալյանը ծանր վնասվածք ստացավ ու գրեթե 2 ամիս նույնիսկ մարզումներին չմասնակցեց: Դա է խաղային անկման պատճառը: Հեբերի և Մանասյանի արդյունավետ գործելու պարագայում Բալաբեկյանը բնականաբար քիչ խաղաժամանակ պիտի ստանար: Թիմում շատ մեծ է մրցակցությունը նույնիսկ հանդիպման հայտացուցակում հայտնվելու համար, ինչը դրականորեն է անդրադառնում ֆուտբոլիստների վրա, որոնք ձգտում են լավ մարզավիճակում գտնվել:

Մեզ մոտ չկան սիրված կամ չսիրված ֆուտբոլիստներ: Երբեք նման քաղաքականություն չեմ վարել, քանի որ լավ եմ գիտակցում, թե դա ինչի է հանգեցնում: Թիմում այդ հարցերին պրոֆեսիոնալ մոտեցում է դրսևորվում. ով տվյալ պահին ավելի լավ մարզավիճակում է և կարող է ավելի օգտակար լինել, նա էլ խաղում է:

– Ասվածի վառ վկայությունն առաջնության ընթացքում թիմի մեկնարկային կազմում Անդրանիկ Ոսկանյանի և Արտակ Եդիգարյանի ամրապնդվելն էր:

– Մրցաշրջանի մեկնարկում Անդրանիկի մոտ որոշակի ընկճվածություն էր նկատվում, խնդիրներ կային: Չէր կարողանում հարմարվել, քանի որ թիմի հիմնական կազմում տեղ չուներ: Ես առանձնազրույց ունեցա նրա հետ, ասացի, որ եթե ֆուտբոլիստը մրցունակ չէ, երբեք չի կարող լավ մակարդակի ֆուտբոլ ցուցադրել: «Միկայում» նա մրցակցությունից դուրս էր, գիտեր, որ ինչպես էլ խաղա, միևնույն է, իր տեղն ուներ մեկնարկային կազմում:

Բացատրեցի, որ «Ալաշկերտում» իրավիճակն այլ է, ինձ համար առաջնայինը ֆուտբոլիստի խաղային որակներն են, նրա մարզավիճակն ու ցուցադրած խաղը: Ոսկանյանը սկսեց աշխատել իր վրա, աստիճանաբար լավ մարզավիճակ ձեռք բերեց, ավելի պրոֆեսիոնալ մոտեցում դրսևորեց և այդ ամենի արդյունքում 2-րդ շրջանից հանդես է գալիս հիմնական կազմում:

Եդիգարյանը մեզ ավելի ուշ միացավ: Սկզբնական շրջանում հիմնական կազմում չհայտնվելը պայմանավորված էր նրա ֆունկցիոնալ վատ վիճակով, որի բարելավման ուղղությամբ աշխատանքներ տարվեցին: Նա էլ ապացուցեց, որ արժանի է մեկնարկային կազմում հայտնվելու ու կրկին իր խաղային լավագույն որակներն է ցուցադրում:

– Թիմում ներկայումս փորձառու մի շարք ֆուտբոլիստներ են հանդես գալիս: Ձեզ բավարարու՞մ է ներկա կազմը, թե այնուամենայնիվ համալրումների կարիք զգացվում է:

– Նախորդ տարիներին էլ թիմում փորձառու ֆուտբոլիստներ էին խաղում, սակայն այլ մակարդակի խաղ էին ցուցադրում: Իրոք ունենք փորձառու ֆուտբոլիստներ, որոնք բարձր մակարդակի խաղ են ցուցադրում և մեծ օգուտ են տալիս թիմին: Սակայն ամեն դեպքում համալրումներ կլինեն: Դա անհրաժեշտ է ոչ միայն կազմն ուժեղացնելու, այլ նաև թարմ լիցք հաղորդելու համար: Հունվարին թիմին կմիանան 3 լեգեոնականներ՝ մեկ կրեատիվ ֆուտբոլիստ ենթահարձակվողի դիրքում, մեկական պաշտպան և եզրային խաղացող: Գուցե մեկ ֆուտբոլիստ էլ Հայաստանից համալրի «Ալաշկերտը»:

– «Ալաշկերտն» առաջնության մասնակից թիմերից բոլորից շուտ սկսեց նախապատրաստությունը: Դա պայմանավորված է առաջնության առաջատարի դիրքո՞վ, թե մարզչական Ձեր պրակտիկայում ընդունված նորմ է:

– Իմ գլխավորած բոլոր թիմերում էլ նույն ծրագրով եմ աշխատել: Մինչև դեկտեմբերի 27-ն անցկացվելիք մարզումները ոչ մի կոնկրետ ուղղվածություն չունեն, պարզապես ֆուտբոլիստները շփվում են միմյանց հետ, միասին անցկացնում որոշակի ժամանակահատված, քանի որ լավ կոլեկտիվ ունենք: Չեմ գտնում, որ թիմը պետք է 1,5 ամիս արձակուրդում գտնվի, դա ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է: Բացի այդ, այս ընթացքում ֆուտբոլիստները որոշակիորեն կբարելավեն իրենց ֆուկցիոնալ վիճակը և հունվարի 7-ից մարզումներին կներգրավվեն արդեն ոչ զրոական մակարդակով:

– Հետագա աշխատանքներն ինչպե՞ս են կազմակերպվելու:

– Ամեն ինչ արդեն ծրագրավորած է: Հունվարի 17-29-ը թիմն ուսումնամարզական առաջին հավաքը կանցկացնի կամ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, կամ Ծաղկաձորում: Փետրվարի 1-11-ը նախատեսված է առաջին հավաքն արտերկրում: Հայաստան վերադառնալուց 3 օր անց կրկին կմեկնենք արտերկիր, որտեղ մարզումներն ու ստուգողական հանդիպումները կշարունակվեն մինչև փետրվարի 28-29-ը: Այնուհետև Երևանում կսկսենք անմիջական նախապատրաստությունը մարտի 5-ին «Գանձասար Կապանի» հետ կայանալիք առաջնության հանդիպմանը:

Աշոտ Հայրապետյան


«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Աշոտ Բարսեղյան. «Սա չեմպիոնական խաղ էր, բայց բախտն այսօր «Ալաշկերտի» կողմն էր»

«Ալաշկերտը» հսկայական քայլ կատարեց դեպի չեմպիոնություն

Ալբերտ Սաֆարյան. «Պետք է «Ալաշկերտի» մակարդակի թիմերի դեմ ավելի խելացի ֆուտբոլ ցուցադրել»

Աբրահամ Խաշմանյան. «Հուսով եմ՝ մեր ռիսկն արդարացրեց իրեն»

«Ալաշկերտ» – «Արարատ»՝ 3-1. Արտակ Եդիգարյանի դուբլն ու առաջատարի հերթական հաղթանակը

«Ալաշկերտ» – «Արարատ». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Արարատ». Թիմերի մեկնարկային կազմերը

Ուրոշ Նենադովիչ. «Նպատակս «Ալաշկերտի» կազմում չեմպիոն դառնալն ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելն է»

Մ-19 հավաքականը կմեկնի Կիպրոս, իսկ Թուրքիայում հիշել են Բիչախչյանի մասին. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

«Ալաշկերտը» նոր պայմանագրեր է ստորագրել 12 ֆուտբոլիստների հետ

ՀՖՖ-ն որոշել է Անդրանիկ Ոսկանյանի և Էմիլ Եղիազարյանի որակազրկման ժամկետը

Վարդան Բիչախչյան. «Գիտեինք, որ ստանդարտ իրավիճակներն «Ալաշկերտի» ուժեղ կողմերից են»