Բաժիններ

Լրացուցիչ

Ընտրել լեզուն

3 պատճառ, թե ինչո՞ւ է հայկական մարզադաշտերում թեժ լինելու առաջիկա օրերին

Արդեն վաղը՝ ապրիլի 21-ին, մեկնարկում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրը: Ֆուտբոլային մրցաշրջանի ավարտին շատ ժամանակ չի մնացել, ուստի առաջիկա բոլոր հանդիպումներն էլ մեծ նշանակություն են ունենալու թիմերի համար:

VivaroNews.am-ն առանձնացրել է երեք պատճառ, թե որ հանգամանքներն են առավել սպասված դարձնում հերթական տուրի երեք հանդիպումները:

1. Եթե «Փյունիկը» սայթաքեց, կարող է մոռանալ չեմպիոնության մասին

«Փյունիկն» ապրիլի 21-ին հյուրընկալվելու է «Արարատին»: Անկասկած, այստեղ կա բացահայտ ֆավորիտ՝ ի դեմ Արտակ Օսեյանի թիմի: «Արարատն» արդեն տևական ժամանակ է, ինչ լոկ միավորներ բաժանողի դերում է, թեև վերջին հանդիպումներին խաղային առաջընթացն ակներև է: Արկադի Անդրեասյանի թիմը խնդիրներ ունի հատկապես հարձակման գծում, որտեղ փոխվում են ֆուտբոլիստները, սակայն դրանից թիմի արդյունավետությունը չի բարելավում:

«Փյունիկը» պարտություն է կրել նախորդ երկու խաղերում և առաջատարներ «Շիրակից» ու «Ալաշկերտից» հետ է մնում արդեն 9-ական միավորով: Հաշվի առնելով մրցաշարային աղյուսակի վերնամասում ստեղծված չեմպիոնական սուր պայքարը՝ եթե Հայաստանի բազմակի չեմպիոնը չկարողանա հաղթել նաև «Արարատին», ապա կկորցնի առաջին հորիզոնականը զբաղեցնելու ամենավերջին հույսերը: Արտակ Օսեյանի թիմը կփորձի կրկին հուսալի գործել պաշտպանությունում: Փյունիկցիները, ովքեր ունեին անառիկ պաշտպանություն ունեցող թիմի համբավ, նախորդ երկու մրցավեճում 5 գոլ են բաց թողել:

2. Կընդհատվի՞ «Գանձասար-Կապանի» հաղթարշավը

Աշոտ Բարսեղյանի թիմը նախորդ տուրում ակումբային ռեկորդ էր սահմանել՝ 7-րդ անընդմեջ հաղթանակը տոնելով առաջնությունում: Կապանցիներն «Ալաշկերտի» հետ միասին գլխավորում են մրցաշարային աղյուսակը, և միավորների կորուստը կարող է թանկ նստել կողմերի համար: Ուշագրավ է, որ «Գանձասար-Կապանն» իր վերջին 5 հանդիպումներում մրցակիցներին հաղթել է նվազագույն առավելությամբ: Այսինքն, նրանք գրեթե միշտ առաջ են անցնում հաշվի մեջ, ապա ամբողջ ուշադրությունը կենտրոնացնում պաշտպանությունում:

17917847_1292234924162864_409779862284705745_o

«Բանանցը» լավագույն օրերը չի ապրում: Թիմում բազմաթիվ վնասվածքներ կան, իսկ Արամ Ոսկանյանը դեռևս փորձում է հասկանալ, թե որ ֆուտբոլիստների վրա է շեշտը դնելու հաջորդ մրցաշրջանում: Մի կողմից՝ այդ թիմն այլևս մրցաշարային խնդիրներ չի լուծում, մյուս կողմից՝ դա նրանց թույլ կտա ավելի անկաշկանդ գործելու և համառ պայքար մղելու մյուս մրցավեճերում: Ֆուտբոլիստներից յուրաքանչյուրն էլ ապացուցելու բան ունի Արամ Ոսկանյանին:

3. Գյումրիում շատ բան կորոշվի

Անկասկած, տուրի կենտրոնական խաղը կայանալու է ապրիլի 23-ին, Գյումրիում: «Շիրակը» կմրցի գործող չեմպիոն «Ալաշկերտի» հետ: Վարդան Բիչախչյանի թիմի մարզավիճակը կրկին կասկածներ է առաջացնում: Ճիշտ է, թիմը հաղթել է վերջին 3 հանդիպումներում (հաշվի առնելով նաև գավաթի խաղարկությունը), բայց դրանք բոլորը եղել են նվազագույն հաշվով: Թիմը կայունացրել է խաղը պաշտպանությունում, բայց հարձակման գծում խնդիրներն ակներև են: Վիուլեն Այվազյանը նախկինի պես արդյունավետ չէ, իսկ Կիրիան Նվաբուեզեն ու մյուս նորեկները դեռ լավագույնս չեն դրսևորում իրենց: Թիմի «հույսը» կարծես դարձել է Վահան Բիչախչյանը:

«Ալաշկերտն» Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ անհաջող մեկնարկից հետո արդեն 2 անընդմեջ հաղթանակ է տոնել, ընդ որում՝ սեփական դարպասն անառիկ է պահել: Թիմի հին ու նոր գլխավոր մարզիչը շեշտը դնում է տեղացի փորձառու ֆուտբոլիստների վրա, ովքեր առայժմ արդարացնում են նրա սպասումները: Հրաշալի մարզավիճակում են հատկապես Արտակ Եդիգարյանը և Ուրոշ Նենադովիչը, որոնց անհատական վարպետությունը շատ բան կարող է վճռել Գյումրիում:

Ծանոթացեք մրցաշարային աղյուսակին մեկնարկող տուրից առաջ՝

N Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
1. Գանձասար-Կապան 23 14 3 6 30 18 45
2. Ալաշկերտ 23 13 6 4 41 20 45
3. Շիրակ 23 13 4 6 22 15 43
4. Փյունիկ 23 10 6 7 27 19 36
5. Բանանց 23 5 4 14 17 35 19
6. Արարատ 23 1 3 19 9 39 6

QrtNkod