«ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ» – «ՇԻՐԱԿ»
52 խաղ, +18=16-18, 67-57
14 ապրիլի, ժ.14:00, Երևան, «Նաիրի» մարզադաշտ
1-ին շրջան. 19.08.2017 «Գանձասար-Կապան» – «Շիրակ»՝ 0-1 (0-0)
Ալեքսանդր Իլիչ 80՛
2-րդ շրջան. 01.10.2017 «Շիրակ» – «Գանձասար-Կապան»` 1-1 (0-0)
Մուսա Փոլ Բակայոկո 90+5՛, 11մ – Վբեյմար Անգուլո 46՛
3-րդ շրջան. 18.11.2017 «Գանձասար-Կապան» – «Շիրակ»՝ 2-2 (1-0)
Դմիտրի Յաշին 37՛, Լուբամբո Մուսոնդա 46՛ – Արամ Մուրադյան 69՛, Մուհամեդ Կաբա 90՛
4-րդ շրջան. 10.03.2018 «Շիրակ» – «Գանձասար-Կապան»` 2-1 (0-1)
Մուհամեդ Կաբա 56՛, Մուսա Փոլ Բակայոկո 80՛ – Գևորգ Նռանյան 7՛
Ընթացիկ մրցաշրջանում երկու ճակատով պայքարող «Շիրակն» ու «Գանձասար-Կապանն» ընդամենը 5 օրվա ընթացքում երկու անգամ մրցավեճի կբռնվեն: Չեմպիոնական թեժ մրցավազքի մասնակից թիմերը նախ իրենց հարաբերությունները կպարզեն առաջնության մրցախաղում, ապա ապրիլի 18-ին Գյումրիում կանցկացնեն ՀՀ գավաթի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը:
Հիշեցնենք, որ գավաթային առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1: Ընդ որում խաղը կայացել է Գյումրիում, որտեղ դաշտի տիրոջ կարգավիճակով «Գանձասար-Կապանն» էր:
Տուրի կենտրոնական հանդիպումներից մեկի ելքն անչափ կարևոր է երկու թիմերի համար էլ ոսկե մեդալների համար մղվող պայքարում: Գանձասարցիներն ընդամենը 3 միավոր են զիջում «Շիրակին» և «Ալաշկերտին», ուստի հաղթանակն օդի ու ջրի պես անհրաժեշտ է կապանցիներին: Դե իսկ գյումրեցիներին հաջողությունը թույլ կտա պահպանելու առաջատարի դիրքը, իսկ «Ալաշկերտի» «սայթաքելու» դեպքում՝ միանձնյա գլխավորելու մրցաշարային աղյուսակը:
Նախորդ տուրը տարբեր կերպ դասավորվեց առաջիկա հանդիպման մասնակիցների համար: Գանձասարցիները հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվեցին «Փյունիկին», ընդ որում երկրորդ գոլը բաց թողեցին վերջին րոպեներին:
Այդ խաղում «Գանձասար-Կապանը» կազմի լուրջ կորուստներ ուներ: Որակազրկումների պատճառով հանդիպմանը չմասնակցեցին թիմի ավագ Արա Խաչատրյանն ու հարձակման գծի առաջատար Գեղամ Հարությունյանը: «Շիրակի» հետ մրցավեճում նրանք կվերադառնան խաղադաշտ: Արա Խաչատրյանի համար առաջիկա հանդիպումը կլինի 300-րդը պաշտոնական մրցումներում: Արթուր Յուզբաշյանն էլ կնշի բարձրագույն խմբում 250-րդ խաղի հոբելյանը:
Իսկ ահա «Շիրակը» շարունակեց գարնանը սկսված հաղթարշավը՝ «Բանանցի» հետ մրցավեճում տոնելով 5-րդ անընդմեջ հաղթանակը: Շիրակցիների հաջողություններում իր լուրջ ներդրումն ունի դարպասապահ Անատոլի Այվազովը, ով վերջին 4 հանդիպումներում դարպասն անառիկ է պահել՝ 443 րոպե շարունակ գոլ բաց չթողնելով:
Հետաքրքիր է, որ առաջնությունում վերջին գոլն Այվազովի դարպասը խփել են հենց գանձասարցիները մարտի 10-ին Գյումրիում կայացած 4-րդ շրջանի խաղում: 7-րդ րոպեին հաշիվը բացել էր Գևորգ Նռանյանը, սակայն շիրակցիներին հաջողվել էր կամային հաղթանակ տոնել:
Դա ընթացիկ առաջնությունում գյումրեցիների երկրորդ հաղթանակն էր կապանցիների նկատմամբ: Մյուս երկու խաղերում գրանցվել է ոչ-ոքի: Ընդ որում 2-րդ շրջանի խաղում «Շիրակը» պարտությունից փրկվել է ավելացված ժամանակում 11մ հարվածով խփած գոլի շնորհիվ, իսկ հաջորդ խաղում, զիջելով 0-2 հաշվով, կարողացել է վերջին րոպեին հավասարեցնել հաշիվը:
Մրցակիցների միջև ընթացիկ առաջնությունում կայացած հանդիպումներում արդյունավետությամբ աչքի են ընկել լեգեոնականները, որոնք դարձել են գրանցված 10 գոլերից 8-ի հեղինակը:
ՀՀ առաջնություններում արդեն 5 խաղ է, ինչ «Գանձասար-Կապանին» չի հաջողվում հաղթել «Շիրակին»՝ կրելով 2 պարտություն, 3-ն ավարտելով ոչ-ոքի: Վերջին հաղթանակը գյումրեցիների նկատմամբ կապանցիները տոնել են գրեթե մեկ տարի առաջ՝ 2017թ. ապրիլի 29-ին՝ 3-2:
Մրցակիցների մրցավեճում բոլորից արդյունավետ են գործել «Գանձասար-Կապանի» նախկին վետերաններ Արթուր Քոչարյանն ու Արսեն Ավետիսյանը` խփելով համապատասխանաբար 9 և 7 գնդակ: Գյումրեցիներից 5 գոլի հեղինակ է դարձել Դավիթ Հակոբյանը:
Այս հանդիպմանն էլ չի մասնակցի շիրակցի Մոհամեդ Կաբան, ով 7 դեղին քարտի է արժանացել: Գանձասարցիներից կբացակայի 4-րդ զգուշացումը ստացած Ստևան Ժիվկովիչը:
Աշոտ Հայրապետյան
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո