Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Շիրակ» – «Արարատ». Տեղեկություններ, որոնք մարզադաշտ այցելելու առիթ կդառնան

«ՇԻՐԱԿ»- «ԱՐԱՐԱՏ»
10 խաղ, +2=26, 7:11

13 սեպտեմբերի, ժ.16:00, Գյումրի, Քաղաքային մարզադաշտ

Եզրափակիչ

25.05.1993   «Արարատ» – «Շիրակ»՝  3-1 (1-1)
Համլետ Մխիթարյան (30), Արմեն Շահգելդյան (77, 83) – Հովհաննես Թահմազյան (27):

Եզրափակիչ

28.05.1994    «Արարատ» – «Շիրակ»՝ 1-0 (0-0)
Կարեն Բարսեղյան (82):

1/4 եզրափակիչ

26.03.1997   «Շիրակ»«Արարատ»՝ 1-1 (1-0)
Հովհաննես Թահմազյան  (7) – Վիգեն Աբրահամյան (72):

08.04.1997    «Արարատ» – «Շիրակ»՝ 1-0 (1-0)
Ռաֆայել Նազարյան (17):

1/2 եզրափակիչ

03.05.2001    «Շիրակ»«Արարատ»՝ 1-2 (1-0)
Արարատ Հարությունյան (11) – Կարեն Բարսեղյան (56, 72):

12.05.2001    «Արարատ» – «Շիրակ»՝ 1-0 (0-0)
Էմիլ Մեսրոպյան (64):

1/4 եզրափակիչ

23.03.2004   «Շիրակ»«Արարատ»՝ 3-0 (1-0)
Տիգրան Դավթյան (42), Վահան Մառանջյան (63), Արտակ Գրիգորյան (82):

27.03.2004    «Արարատ» – «Շիրակ»՝ 2-0 (2-0)
Մհեր Ավանեսյան (38), Պրեդրագ Բլագոևիչ (41՝ 11մ):

1/4 եզրափակիչ

03.03.2013    «Շիրակ» – «Արարատ»՝ 1-0 (1-0)
Դամե Դիոպ (3):

13.03.2013    «Արարատ» – «Շիրակ»՝ 0-0

Այս հանդիպումով մեկնարկում է Հայաստանի գավաթի 2017/18թթ. խաղարկությունը: Գործող գավաթակիր «Շիրակը» սկսում է պայքարն իր տիտղոսի պաշտպանության համար: Բացառված չէ, որ գավաթային մրցախաղում «Շիրակի» մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գան թիմի երիտասարդ մի քանի ֆուտբոլիստներ, որոնք առաջնության հանդիպումներում սովորաբար փոխարինման են դուրս գալիս: Այդ մասին հայտարարել էր «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը «Փյունիկի» հետ խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Դա պայմանավորված է նրանով, որ «Շիրակը»  պահեստայինների կարճ նստարան ունի, իսկ սեպտեմբերի 16-ին գյումրեցիներին առաջնության 6-րդ տուրում սկզբունքային մրցախաղ է սպասում չեմպիոնի հետ: Ուստի որոշ ֆուտբոլիստների հանգստանալու հնարավորություն կտրվի:

Իհարկե, դա չի նշանակում, թե «Արարատին» առաջնության առաջատարի հետ մրցավեճում հեշտ մրցակցություն է սպասվում: «Շիրակը» գերազանց է մեկնարկել առաջնությունում և, իհարկե, կձգտի նաև հաջող հանդես գալ գավաթի մրցաշարում: Հիշեցնենք, որ ընթացիկ առաջնության 4-րդ տուրում «Շիրակը» Գյումրիում 2-1 հաշվով հաղթել էր «Արարատին»:

Մրցակիցների գավաթային ճանապարհները 7-րդ անգամ են հատվում: Գավաթային առաջին 4 դիմակայություններում առավելության են հասել արարատցիները, ընդ որում երկու անգամ նրանց հաջողվել է գյումրեցիներին հաղթել պատվավոր մրցանակի եզրափակչում: Իսկ ահա մրցակիցների վերջին երկու դիմակայություններն էլ ավարտվել են շիրակցիների հաղթանակով:

Գավաթի մրցաշարերում «Արարատն» ավելի մեծ հաջողության է հասել, քան «Շիրակը»: Արարատցիները Հայաստանի հնգակի գավաթակիրներ են, մինչդեռ շիրակցիներին ընդամենը երկու անգամ է հաջողվել նվաճել պատվավոր մրցանակը: Սակայն «Արարատի» գավաթային հաջողությունները հիմնականում գրանցվել են 1990-ական թվականներին, երբ թիմը 4 անգամ (1993-1995, 1997թթ.) գավաթակիր է դարձել:

Վերջին հաջողությանն արարատցիները հասել են 2008թ. Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ: Իսկ ահա դրանից հետո կայացած գավաթի 8 խաղարկություններում (2010թ. «Արարատը» չի մասնակցել գավաթի մրցաշարին) «Արարատին» չի հաջողվել հաղթահարել առաջին փուլի՝ քառորդ եզրափակչի արգելքը:

Այդ ընթացքում անցկացրած գավաթային 16 հանդիպումներում արարատցիներն ընդամենը 2 հաղթանակ են տոնել (2012թ., «Ուլիս»՝ 3-2, 2016/17թթ., «Բանանց»՝ 1-0), 2 խաղ ավարտել են ոչ-ոքի, կրել են 12 պարտություն:

Հիշեցնենք, որ գավաթի նախորդ խաղարկությունում «Արարատը» քառորդ եզրափակչի առաջին խաղում սեփական հարկի տակ 1-2 հաշվով զիջել էր «Բանանցին», իսկ հյուրընկալվելիս հաղթել էր 1-0 հաշվով: Մրցակցի հարկի տակ խփած ավելի շատ գոլերի շնորհիվ հաջորդ փուլ էր մտել «Բանանցը»:

«Շիրակի»  գավաթային հաջողությունները կապված են Վարդան Բիչախչյանի անվան հետ: Հենց նրան հաջողվեց իրականացնել գյումրեցիների վաղեմի երազանքը՝ պատվավոր մրցանակով պատվո շրջան կատարել մարզադաշտում: Դա 2012թ. էր, երբ «Շիրակը» Գյումրիում կայացած եզրափակիչ խաղում Լամին Լի Յորոյի խփած միակ գոլի շնորհիվ հաղթեց Դիլիջանի «Իմպուլսին»:

Իսկ մինչ այդ գավաթը նվաճելու «Շիրակի» 4 փորձերն էլ ապարդյուն էին անցել (1993, 1994, 1999թթ. Անդրանիկ Ադամյանի, 2011թ.՝ Սամվել Պետրոսյանի օրոք):

Գավաթի նախորդ խաղարկությունում պատվավոր մրցանակը երկրորդ անգամ ուղևորվեց Գյումրի: «Շիրակը» գավաթի մրցաշարը սկսեց նորաստեղծ Աբովյանի «Կոտայքի» հետ մրցավեճով: Առաջին խաղում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի, իսկ պատասխան հանդիպումը չկայացավ, քանի որ «Կոտայքը» լուծարվել էր: Գյումրեցիները եզրափակչի ուղեգիր նվաճեցին՝ առավելության հասնելով գանձասարցիների նկատմամբ (1-0, 1-1): Իսկ գավաթի վճռորոշ խաղում «Շիրակը» 3-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Փյունիկի» նկատմամբ:

Մրցակիցների գավաթային մրցավեճում առավել արդյունավետ է գործել նախկին արարատցի Կարեն Բարսեղյանը՝ խփելով 3 գնդակ: Գյումրեցիներից 2 գոլի հեղինակ է դարձել «Շիրակի» ներկայիս մարզիչներից մեկը՝ Հովհաննես Թահմազյանը:

4-րդ զգուշացման պատճառով հանդիպմանը չի մասնակցի «Շիրակի» պաշտպան Արտյոմ Միքայելյանը:

Աշոտ Հայրապետյան