Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Բարձրագույն խմբի 5-րդ տուրի լավագույն 3 ֆուտբոլիստներն՝ ըստ VivaroNews-ի

Հայաստանի Բարձրագույն խմբի 26-րդ առաջնությունում ավարտվել է առաջին խաղաշրջանը: Կայացած 5 տուրերից հետո արդեն որոշակիորեն ուրվագծվել է այն թիմերի շրջանակը, որ պայքարելու է եվրագավաթների ուղեգրերի համար: Թեև, բոլորս գիտենք, որ մեր 6-թիմանոց առաջնությունն անկանխատեսելի է, և վերջին տեղում ընթացող թիմի հաղթանակն առաջատարի նկատմամբ անակնկալ չի համարվում:

VivaroNews.am-ը ներկայացնում է 5-րդ տուրի՝ իր վարկածով լավագույն 3 ֆուտբոլիստներին:

3. Ռումյան Հովսեփյան («Բանանց»)

«Բանանցի» երկրպագուներն այս մրցաշրջանում առաջին անգամ զգացին հաղթանակի համը: Արամ Ոսկանյանի թիմի ելույթների վերաբերյալ արդեն լեգենդներ են հյուսվում. թիմը բոլոր 5 խաղերում առաջին կեսերից հետո եղել է պարտվողի դերում, բայց ընդմիջմանը կերպարանափոխվել է և 3 դեպքում ոչ-ոքի խաղացել, «Արարատի» նկատմամբ էլ հաղթանակ տոնել:

Ռումյան Հովսեփյանը «Բանանցի» կազմում լավագույններից մեկն էր այդ մրցավեճում: Հենց նա երկրորդ կեսի մեկնարկից վայրկյաններ անց հեռահար տպավորիչ հարվածով հավասարեցրեց հաշիվը՝ դնելով թիմի հաղթանակի հիմքը: Ռումյանը խաղադաշտի կենտրոնում իրեն շատ հարմարավետ է զգում, լավ է համագործակցում թիմակիցների հետ: «Բանանցի» կիսապաշտպանությունը շատ ավելի զորեղ կլինի, եթե լավ մարզավիճակ հավաքի երիտասարդ Հակոբ Հակոբյանը: Նա և Հովսեփյանը հիանալի կերպով կփոխլրացնեն միմյանց:

2. Ալեքս Ջունիոր Քրիստիան («Գանձասար-Կապան»)

Եթե նախորդ մրցաշրջանում «Գանձասար-Կապանի» շարժիչ ուժը Մուսոնդա – Վալմերսոն տանդեմն էր, ապա այժմ թիմի բեռն իր ուսերին է կրում հենց Քրիստիանը: Ամռանը նրա հետ միասին Կապան տեղափոխված մյուս լեգեոները՝ Գերմանիայի քաղաքացի Քրիստոֆեր Մանդիանգուն, այդպես էլ չդրսևորեց իրեն և հավաքեց ճամպրուկները, իսկ Քրիստիանը կարծես ճիշտ ժամանակին ճիշտ տեղում է հայտնվել:

Չեմպիոն «Ալաշկերտի» հետ խաղում էլ Քրիստիանը հաճելիորեն առանձնանում էր թիմակիցներից: Նա դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ, և «Գանձասար-Կապանն» առաջնությունում առաջին հաղթանակը կտոներ, եթե խաղավերջում 11-մետրանոց «չնվիրեր» ինքն իրեն: Եթե Մուսոնդան, ով կարգապահական որոշ խնդիրներ ունի, կրկին ցուցադրի իր ամբողջ պոտենցիալը, ապա հայկական ակումբները կրկին ահ ու սարսափով կսպասեն այս թիմի եզրային ֆուտբոլիստների հետ դիմակայություններին:

1. Անատոլի Այվազով («Շիրակ»)

Կարծում ենք՝ նա ոչ միայն այս տուրի, այլև առաջնության առաջին խաղաշրջանի լավագույն ֆուտբոլիստն է: Շատերը կնշեն, որ «Շիրակից» կարելի էր առանձնացնել նաև այլ ֆուտբոլիստների՝ Սոլոմոն Իմե Ուդոյին, Իգոր Ստանոևիչին, Աղվան Դավոյանին կամ այլոց: Այո՛, գյումրեցիների՝ ծափահարությունների արժանի մեկնարկը նաև նրանց արժանիքն է, բայց թիմի հաջողության գլխավոր գրավականը թիմային խաղն է: «Շիրակն» այսօր որպես թիմ շատ հզոր է: Վարդան Բիչախչյանն է թիմի գլխավոր ճարտարապետը:

Իսկ ինչու առանձնացնել Այվազովի՞ն: Ծեծված խոսք է, բայց դարպասապահը թիմի կեսն է: Այվազովն իր վստահ խաղով այսօր լիարժեք վստահ գործելու հնարավորություն է տալիս թիմակիցներին: Նրանք գիտեն՝ թիմի ողնաշարն ամուր է: Անատոլին վերջերս ժամանակավոր դադար վերցրեց Հայաստանի հավաքականում ելույթներից: Իրոք, եկել է պահը, որ նա ուժերը փորձի արտասահմանում: Եթե նա այնտեղ ամրապնդվի և կրկին հրավիրվի հավաքական, ապա մենք գուցե կարողանանք «նոր Բերեզովսկիի» մեր տեսլականն իրականության մեջ տեսնել: Չէ՞ որ նա ընդամենը 21 տարեկան է: Եվ հետո, ինչպես Բերեզովսկին, ռուսախոս է…


Արամ Ոսկանյան. «Ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»

Վարդան Բիչախչյան. «Արդեն աբսուրդի է վերածվում՝ գոլային պահերի գոնե 30%-ը չենք իրացնում»

«Շիրակ» – «Բանանց»՝ 1-0. «Ավանդույթի» պես՝ գյումրեցիները «Բանանցից» հաղթանակ կորզեցին խաղավերջում (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Տիգրան Ղարաբաղցյան. «Արարատն» այսօր ոչնչով չէր զիջում «Գանձասար-Կապանին»

Աշոտ Բարսեղյան. «Շատ ենք տեսել, որ թիմերն ամենավերջին պահին բաց են թողել չեմպիոնությունը»

«Արարատ» – «Գանձասար-Կապան»՝ 1-2. Կապանյան թիմն «Ալաշկերտին» արդեն զիջում է 3 միավորով

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Առաջին խաղակեսից հետո

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

ՀՖՖ-ն «Շիրակին» ժամանակ է տվել՝ Գյումրիի ակադեմիայի բնական և արհեստական խոտածածկով խաղադաշտերի վիճակը բարելավելու համար

Արկադի Անդրեասյան. «Արարատն» արդեն պատրաստ է պայքարելու բոլոր մրցակիցների հետ»

Արամ Ոսկանյան. «Պարզ իրավիճակներում «նվերներ» ենք տալիս, ինչից էլ օգտվում է մրցակիցը»

Արտակ Օսեյան. «Շիրակը» փորձառու թիմ է, և բնական է, որ պետք է օգտվեր մեր սխալներից»

Վարդան Բիչախչյան. «Հաղթեցինք, բայց կրկին մտահոգում է գոլային պահերի իրացումը»