Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Բարձրագույն խմբի 5-րդ տուրի լավագույն 3 ֆուտբոլիստներն՝ ըստ VivaroNews-ի

Հայաստանի Բարձրագույն խմբի 26-րդ առաջնությունում ավարտվել է առաջին խաղաշրջանը: Կայացած 5 տուրերից հետո արդեն որոշակիորեն ուրվագծվել է այն թիմերի շրջանակը, որ պայքարելու է եվրագավաթների ուղեգրերի համար: Թեև, բոլորս գիտենք, որ մեր 6-թիմանոց առաջնությունն անկանխատեսելի է, և վերջին տեղում ընթացող թիմի հաղթանակն առաջատարի նկատմամբ անակնկալ չի համարվում:

VivaroNews.am-ը ներկայացնում է 5-րդ տուրի՝ իր վարկածով լավագույն 3 ֆուտբոլիստներին:

3. Ռումյան Հովսեփյան («Բանանց»)

«Բանանցի» երկրպագուներն այս մրցաշրջանում առաջին անգամ զգացին հաղթանակի համը: Արամ Ոսկանյանի թիմի ելույթների վերաբերյալ արդեն լեգենդներ են հյուսվում. թիմը բոլոր 5 խաղերում առաջին կեսերից հետո եղել է պարտվողի դերում, բայց ընդմիջմանը կերպարանափոխվել է և 3 դեպքում ոչ-ոքի խաղացել, «Արարատի» նկատմամբ էլ հաղթանակ տոնել:

Ռումյան Հովսեփյանը «Բանանցի» կազմում լավագույններից մեկն էր այդ մրցավեճում: Հենց նա երկրորդ կեսի մեկնարկից վայրկյաններ անց հեռահար տպավորիչ հարվածով հավասարեցրեց հաշիվը՝ դնելով թիմի հաղթանակի հիմքը: Ռումյանը խաղադաշտի կենտրոնում իրեն շատ հարմարավետ է զգում, լավ է համագործակցում թիմակիցների հետ: «Բանանցի» կիսապաշտպանությունը շատ ավելի զորեղ կլինի, եթե լավ մարզավիճակ հավաքի երիտասարդ Հակոբ Հակոբյանը: Նա և Հովսեփյանը հիանալի կերպով կփոխլրացնեն միմյանց:

2. Ալեքս Ջունիոր Քրիստիան («Գանձասար-Կապան»)

Եթե նախորդ մրցաշրջանում «Գանձասար-Կապանի» շարժիչ ուժը Մուսոնդա – Վալմերսոն տանդեմն էր, ապա այժմ թիմի բեռն իր ուսերին է կրում հենց Քրիստիանը: Ամռանը նրա հետ միասին Կապան տեղափոխված մյուս լեգեոները՝ Գերմանիայի քաղաքացի Քրիստոֆեր Մանդիանգուն, այդպես էլ չդրսևորեց իրեն և հավաքեց ճամպրուկները, իսկ Քրիստիանը կարծես ճիշտ ժամանակին ճիշտ տեղում է հայտնվել:

Չեմպիոն «Ալաշկերտի» հետ խաղում էլ Քրիստիանը հաճելիորեն առանձնանում էր թիմակիցներից: Նա դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ, և «Գանձասար-Կապանն» առաջնությունում առաջին հաղթանակը կտոներ, եթե խաղավերջում 11-մետրանոց «չնվիրեր» ինքն իրեն: Եթե Մուսոնդան, ով կարգապահական որոշ խնդիրներ ունի, կրկին ցուցադրի իր ամբողջ պոտենցիալը, ապա հայկական ակումբները կրկին ահ ու սարսափով կսպասեն այս թիմի եզրային ֆուտբոլիստների հետ դիմակայություններին:

1. Անատոլի Այվազով («Շիրակ»)

Կարծում ենք՝ նա ոչ միայն այս տուրի, այլև առաջնության առաջին խաղաշրջանի լավագույն ֆուտբոլիստն է: Շատերը կնշեն, որ «Շիրակից» կարելի էր առանձնացնել նաև այլ ֆուտբոլիստների՝ Սոլոմոն Իմե Ուդոյին, Իգոր Ստանոևիչին, Աղվան Դավոյանին կամ այլոց: Այո՛, գյումրեցիների՝ ծափահարությունների արժանի մեկնարկը նաև նրանց արժանիքն է, բայց թիմի հաջողության գլխավոր գրավականը թիմային խաղն է: «Շիրակն» այսօր որպես թիմ շատ հզոր է: Վարդան Բիչախչյանն է թիմի գլխավոր ճարտարապետը:

Իսկ ինչու առանձնացնել Այվազովի՞ն: Ծեծված խոսք է, բայց դարպասապահը թիմի կեսն է: Այվազովն իր վստահ խաղով այսօր լիարժեք վստահ գործելու հնարավորություն է տալիս թիմակիցներին: Նրանք գիտեն՝ թիմի ողնաշարն ամուր է: Անատոլին վերջերս ժամանակավոր դադար վերցրեց Հայաստանի հավաքականում ելույթներից: Իրոք, եկել է պահը, որ նա ուժերը փորձի արտասահմանում: Եթե նա այնտեղ ամրապնդվի և կրկին հրավիրվի հավաքական, ապա մենք գուցե կարողանանք «նոր Բերեզովսկիի» մեր տեսլականն իրականության մեջ տեսնել: Չէ՞ որ նա ընդամենը 21 տարեկան է: Եվ հետո, ինչպես Բերեզովսկին, ռուսախոս է…