Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Չեմպիոնին վայել հաղթանակ Երևանում, Մարկոսի գոլը նոր թիմում և Գրիգորյանի հրաժարականը. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը (տեսանյութ)

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում օգոստոսի 12-ի իրադարձությունների քրոնիկոնը:

Հայաստանի Բարձրագույն խումբ. «Ալաշկերտ» 3-0 «Արարատ». Գործող չեմպիոնից աչքի են ընկել Միհրան Մանասյանը, Արտյոմ Սիմոնյանը և Արթուր Եդիգարյանը: Գլխավոր մարզիչներ Աբրահամ Խաշմանյանը և Ալբերտ Սաֆարյանը մասնակցել են հետխաղյա մամուլի ասուլիսների: Թիմերն այս տուրից հետո վաստակել են 3-ական միավոր (1-ին տուրում՝ «Շիրակ» 2-1 «Ալաշկերտ», «Գանձասար-Կապան» 1-3 «Արարատ»):

Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգա, 1-ին տուր. «Ալ-Շաբաբ» 1-2 «Օհուդ». Մարկոս Պիզելին 82-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ՝ կրճատելով հաշվի տարբերությունը: Նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Սա ամենահայ բրազիլացու առաջին պաշտոնական խաղն էր Սաուդյան Արաբիայում:

Մակեդոնիայի Բարձրագույն խումբ, 1-ին տուր. «Շկենդիյա» 2-0 «Վարդար». Տիգրան Բարսեղյանը և Հովհաննես Համբարձումյանը մասնակցել են ամբողջ հանդիպմանը: Երկու ֆուտբոլիստներն էլ զգուշացվել են դեղին քարտով:

Ուկրաինայի Պրեմիեր լիգայի, 6-րդ տուր. «Ստալ» 0-1 «Վորսկլա». Եղիշե Մելիքյանի գլխավորած «Ստալից» Էդգար Մալաքյանը և Արթուր Դանիելյանը մասնակցել են ամբողջ հանդիպմանը, իսկ Գոռ Մալաքյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 86-րդ րոպեին: «Վորսկլայից» Գեղամ Կադիմյանը խաղը սկսել է առաջին րոպեներից և փոխարինվել 74-րդ րոպեին: «Ստալը» 6-րդ տեղում է, «Վորսկլան»՝ 2-րդ:

Ալեքսանդր Գրիգորյանը հրաժարական է տվել «Անժիի» գլխավոր մարզչի պաշտոնից: Դա տեղի է ունեցել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում Մախաչկալայի թիմի՝ Մոսկվայի «Դինամոյից» սեփական հարկի տակ 1-3 հաշվով պարտությունից հետո` «Наш футбол» հեռուստաալիքին տված հետխաղյա հարցազրույցի ժամանակ:

«Անժին» այս պահին ընթանում է մրցաշարային աղյուսակի «նկուղում»՝ նախավերջին՝ 15-րդ հորիզոնականում: 50-ամյա Գրիգորյանը Մախաչկալայի ակումբը գլխավորում էր 2017թ. հունվարից: Նա ասել է. «Ես այլևս «Անժիի» գլխավոր մարզիչը չեմ: Որակյալ խաղ էր, բայց պարտվեցինք: Ոչ առաջին անգամ: Մարզիչը նման դեպքերում պետք է տղամարդկություն ունենա և հրաժարական տա: Ես այդպես էլ անում եմ»:

Գերմանիայի գավաթ, 1/32 եզրափակիչ. «Յան Ռեգենսբուրգ» 3-1 «Դարմշտադ». Սարգիս Ադամյանը եղել է հիմնական կազմում և փոխարինվել 81-րդ րոպեին: «Յան Ռեգենսբուրգը» 1/16 եզրափակչում է:

Լեհաստանի 1-ին դիվիզիոն, 3-րդ տուր. «Ռակուվ» 0-1 «Հոյնիցե». Աղվան Պապիկյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 77-րդ րոպեին:

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 6-րդ տուր. «Ուֆա» 1-4 «Ռոստով». Խորեն Բայրամյանը մնացել է պահեստայինների նստարանին: «Ռոստովը» եզրափակում է լավագույն եռյակը:

Ղազախստանի Պրեմիեր լիգա, 23-րդ տուր. «Շախտյոր Կարագանդա» 2-1 «Օրդաբասի». Գևորգ Նաջարյանը մնացել է պահեստայինների նստարանին: «Շախտյորն» ընթանում է 7-րդ հորիզոնականում:

Ռուսաստանի Երիտասարդական լիգա, 6-րդ տուր. «Ուֆա Մ-21» 1-0 «Ռոստով Մ-21». Նորիկ Մկրտչյանը եղել է մեկնարկային կազմում և փոխարինվել 62-րդ րոպեին: «Ռոստովի» երիտասարդական թիմը 7-րդ տեղում է: