Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Վերջին 16 մրցաշրջաններում առաջին անգամ առանց մրցանակի մնացած ամենատիտղոսակիր ակումբը. «Փյունիկի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

VivaroNews.am-ը շարունակելով ՀՀ 25-րդ առաջնությունում թիմերի ելույթների ամփոփումը, անդրադառնում է «Փյունիկին»:

1. Հայկական ֆուտբոլի ամենատիտղոսակիր ակումբը 25-րդ առաջնության 30 հանդիպումներում վաստակելով հնարավոր միավորների 50 տոկոսը (+12=9-9, 35-27), զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: ՀՀ բարձրագույն խմբի 23 առաջնությունների մասնակից «Փյունիկը» 6-րդ անգամ (նախկինում՝ 1993, 1997, 1998, 2012/13, 2013/14թթ.) մնաց առանց մեդալների: «Փյունիկը» 2001թ. սկսած առաջին անգամ չկարողացավ տիրել մրցաշրջանի ընթացքում խաղարկված հայկական ֆուտբոլի որևէ մրցանակի: Նախկինում նման բան թիմի հետ պատահել էր միայն 1993 և 1998թթ.:

Նախորդ մրցաշրջանի համեմատ փյունիկցիներն առաջնությունում վատթարացրել են ցուցանիշները: Թեև «Փյունիկն» ավարտված առաջնությունում երկու խաղ ավելի անցկացրեց, սակայն 3 միավոր պակաս վաստակեց, մեկ հաղթանակ պակաս տոնեց, փոխարենը 3 պարտություն ավելին կրեց: 3 գնդակով նվազեց «Փյունիկի» արդյունավետությունը, փոխարենը թիմը 6 գոլ ավելին բաց թողեց:

Խփած գոլերի քանակով (35) «Փյունիկը»  զիջեց «Ալաշկերտին» և «Գանձասար Կապանին», իսկ բաց թողած գոլերի թվով (27) ցույց տվեց 4-րդ արդյունքը:

2. «Փյունիկը» գրեթե հավասարաչափ ելույթներ ունեցավ թե սեփական հարկի տակ, թե մրցակիցների դաշտերում: Սեփական դաշտում անցկացրած 15 հանդիպումներում փյունիկցիները վաստակեցին 22 միավոր (+6=4-5, 19-15), ինչը հնարավոր միավորների 48,8 տոկոսն է: Սեփական դաշտում «Փյունիկը» պարտվել է «Ալաշկերտին» (1-2, 0-3), «Շիրակին» (0-2, 0-2) և «Գանձասար Կապանին» (1-2):

Հյուրընկալվելիս անցկացրած 15 հանդիպումներում «Փյունիկի»  օգտին գրանցվեց հնարավոր միավորների 51,1 տոկոսը (+6=5-4, 16-12): Մրցակցի հարկի տակ «Փյունիկին» հաջողվել է հաղթանակներ տոնել «Բանանցի» (1-0, 3-0, 2-0), «Շիրակի» (1-0, 2-0) և «Արարատի» (2-1) նկատմամբ:

3. Առավել հաջող «Փյունիկը» հանդես եկավ 3-րդ շրջանում` 5 հանդիպումներում վաստակելով 11 միավոր (+3=2-0, 6-3): Առավել անհաջող էր թիմի ելույթը 5-րդ շրջանում, երբ «Փյունիկի» օգտին ընդամենը 4 միավոր գրանցվեց (+1=1-3, 3-6):

Առաջին (+2=1-2, 7-6) և 4-րդ (+2=1-2, 6-4) շրջաններում փյունիկցիները վաստակեցին 7-ական միավոր, իսկ 2-րդ (+2=2-1, 5-1) և 6-րդ (+2=2-1, 8-7) շրջաններում մեկ միավոր ավելին վաստակեցին:

4. Առաջնության 9-12-րդ տուրերում «Փյունիկը» 4 անընդմեջ հաղթանակ տոնեց: 9-15-րդ տուրերում փյունիկցիները 7 խաղ անպարտելի էին: Այդ շարքն ընդհատեց «Շիրակը»՝ փյունիկցիներին պարտության մատնելով 2-0 հաշվով: Իսկ ահա 22-28-րդ տուրերում «Փյունիկին» 7 խաղ անընդմեջ չհաջողվեց հաղթանակ տոնել՝ կրելով 4 պարտություն, 3 խաղ ավարտելով ոչ-ոքի:

6-8-րդ տուրերում «Փյունիկը»  ոչ միայն հաղթանակ չտոնեց, այլև չկարողացավ գրավել մրցակիցների դարպասները: Դա կրկնվեց նաև 16-18-րդ և 24-26-րդ տուրերում: Թիմի ամենաերկարատև գոլային երաշտը տևեց 359 րոպե (16-18-րդ տուրերում): 22-24-րդ տուրերում փյունիկցիները 3 անընդմեջ պարտություն կրեցին:

5. Փյունիկցիները խոշոր հաշվով 4 հաղթանակ տոնեցին («Գանձասար Կապան»՝ 3-0, «Արարատ»՝ 4-0, 3-0, «Բանանց»՝ 3-0)՝  կրելով այդ կարգի մեկ պարտություն «Ալաշկերտի»  հետ մրցախաղում՝ 0-3:

«Փյունիկը» յուրօրինակ ռեկորդակիր է գոլազուրկ ոչ-ոքիների քանակով՝ 6: 30 հանդիպումներից 12-ում փյունիկցիներին չի հաջողվել գոլ խփել, 14 խաղում էլ «Փյունիկի» դարպասն անառիկ է մնացել: Ընդ որում 9-11-րդ և 19-21-րդ տուրերում «Փյունիկը» 3 խաղ անընդմեջ գոլ բաց չի թողել:

6. Առաջնության մասնակից թիմերից առավել հաջող «Փյունիկը» խաղաց «Բանանցի» հետ՝ 6 հանդիպումներում վաստակելով 14 միավոր (+4=2-0, 9-2): Փյունիկցիների ամենաանհարմար մրցակիցը «Գանձասար Կապանն» էր, որի հետ հանդիպումներում ընդամենը 5 միավոր վաստակեցին (+1=2-3, 5-6):

7. «Փյունիկի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 11 հարված, որից իրացվել է 8-ը: Փյունիկցիներն իրացրել են իրենց օգտին նշանակված 7 հարվածներից 5-ը: Առավել հաճախ՝ 4 անգամ 11մ հարվածի իրացումը վստահվել է Վարդան Պողոսյանին: Եթե «Ալաշկերտի» և «Բանանցի» դարպասները գրավել Պողոսյանին հաջողվել է, ապա արարատցի Արամ Հայրապետյանի և շիրակցի Անատոլի Այվազովի հետ մենամարտերում «Փյունիկի» հարձակվողը տանուլ է տվել: Մեկական դիպուկ հարված են կատարել Դավիթ Մանոյանը («Շիրակի» դարպասին), Ալիկ Առաքելյանը («Գանձասար Կապանի») և Պետրոս Ավետիսյանը («Շիրակի»):

Վալերի Ոսկոնյանի դարպասին նշանակված 11մ 4 հարվածներից իրացվել են 3-ը: «Փյունիկի» դարպասապահը հետ է մղել շիրակցի Ռումյան Հովսեփյանի հարվածը, իսկ ահա ալաշկերտցիներ Արտակ Եդիգարյանն ու Արտակ Դաշյանը և գանձասարցի Արա Խաչատրյանը գրավել են նրա դարպասը:

8. Թիմի խփած 35 գոլերի հեղինակներ դարձան 18 փյունիկցիներ: 2-րդ մրցաշրջանն անընդմեջ թիմի լավագույն ռմբարկու ճանաչվեց Վարդան Պողոսյանը՝ 27 հանդիպումներում խփելով 6 գնդակ: Նախորդ մրցաշրջանում նա ավելի արդյունավետ էր գործել՝ 18 խաղում դառնալով 9 գոլի հեղինակ: Պողոսյանի արդյունքը թիմի ռմբարկուների մեջ երկրորդ վատագույն ցուցանիշն է: Ավելի ցածր արդյունավետություն գրանցվել է միայն 1998թ. առաջնությունում, երբ Արսեն Ավետիսյանն անցկացրած 12 հանդիպումներում 5 գոլ էր խփել: Այդ տարի թիմի մի շարք առաջատար ֆուտբոլիստներ, այդ թվում նաև Արսեն Ավետիսյանն առաջին շրջանից հետո հեռացել էին «Փյունիկից», իսկ մրցաշրջանի ավարտից հետո թիմը կազմալուծվել էր:

«Փյունիկը» բարձրագույն խմբի առաջնություններում 1500-րդ գոլի հոբելյանը նշեց: Հոբելյանական գոլի հեղինակը Ռազմիկ Հակոբյանն էր, ով մարտի 10-ին գրավեց «Արարատի»  դարպասը: Այդ խաղում «Արարատի»  նկատմամբ 3-0 հաշվով տոնած հաղթանակը 400-րդն էր բարձրագույն խմբում:

Արամ Շահնազարյանը, Պետրոս Ավետիսյանը, Վահագն Հայրապետյանը, Հովհաննես Հարությունյանը, Վիգեն Բեգոյանը, Արթուր Նադիրյանը, Գևորգ Հարությունյանը, Սամվել Սպերցյանն ու Արմեն Նահապետյանը բացեցին գոլերի հաշիվը թիմի կազմում:

9. «Փյունիկի» դարպասը պաշտպանեցին 2 դարպասապահներ: Մեկնարկային երկու հանդիպումներում, որոնցում «Փյունիկը» պարտվեց, դարպասի պաշտպանությունը վստահվել էր թիմի նորեկ Վալերի Ոսկոնյանին: Հաջորդ 10 հանդիպումներում դարպասում Գոռ Մանուկյանն էր, ով ընդամենը 3 գոլ բաց թողեց՝ 7 անգամ դարպասը պահելով անառիկ, որից հետո վնասվածքի պատճառով բավական ժամանակ խաղադաշտ դուրս չեկավ: Առաջնության գարնանային հատվածում Գոռն ընդամենը 3 խաղի մասնակցեց:

Ընդհանուր առմամբ Գոռ Մանուկյանն անցկացրած 13 հանդիպումներում ընդամենը 6 գոլ բաց թողեց: Անխոցելիության գործակցով (միջինը մեկ խաղում բաց թողած 0,46 գոլ) Գոռ Մանուկյանը 2-րդ մրցաշրջանն անընդմեջ դարձավ առաջնության ամենահուսալի դարպասապահը: Նրա ցուցանիշը «Փյունիկում» հանդես եկած դարպասապահների ցանկում 7-րդն է: Լավագույն արդյունքը ցույց է տվել Արմեն Ավագյանը, ով 1996/97թթ. առաջնությունում միջինը մեկ խաղում 0,29 գոլ էր բաց թողել (5 գոլ 17 խաղում):

Առաջնության աշնանային հատվածում Գոռ Մանուկյանին հաջողվեց 416 րոպե անընդմեջ դարպասն անառիկ պահել: Գարնանը նրա ցուցանիշը մեկ րոպեով բարելավեց  Վալերի Ոսկոնյանը, ով առաջնությունում անցկացրած 17 հանդիպումներում 21 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 1,23 գոլ), 6 անգամ դարպասն անառիկ պահեց:

10. 25-րդ առաջնությունում «Փյունիկում» հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստը 25-ամյա Վարդան Պողոսյանն էր: Իսկ ամենափորձառուն առաջնության աշնանային հատվածում «Փյունիկում» հանդես եկած Կամո Հովհաննիսյանն էր, ով բարձրագույն խմբում 174 խաղ է անցկացրել և բոլորն էլ՝ հարազատ ակումբի կազմում:

Ամենաերիտասարդ փյունիկցիներն էին 18-ամյա Հովհաննես Հարությունյանն ու Արմեն Նահապետյանը: Հարությունյանը բարձրագույն խմբում նորամուտը նշել էր դեռևս նախորդ մրցաշրջանում՝ 16 տարեկան 327 օրականում: Իսկ Նահապետյանը «Բանանցի» հետ խաղում գոլի հեղինակ էր դարձել 17 տարեկան 238 օրականում՝ ընդգրկվելով բարձրագույն խմբում «Փյունիկում» գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում:

Արտակ Օսեյանն առաջնության հանդիպումներում խաղադաշտ դուրս բերեց 27  ֆուտբոլիստների, որոնցից 9-ը՝ Վալերի Ոսկոնյանը, Արամ Շահնազարյանը, Պետրոս Ավետիսյանը, Վիգեն Բեգոյանը, Սամվել Սպերցյանը, Էրիկ Վարդանյանը, Գևորգ Հարությունյանը, Արմեն Նահապետյանը և Հովհաննես Նազարյանը 25-րդ առաջնությունում նորամուտը նշեցին «Փյունիկում»:

Առաջնության հանդիպումներում փյունիկցիները 52 անգամ զգուշացվել են, Հովհաննես Պողոսյանն էլ հեռացվել է խաղադաշտից: Առավել հաճախ՝ 6 անգամ դեղին քարտի է արժանացել Սերոբ Գրիգորյանը:

VivaroNews.am-ը ներկայացնում է 25-րդ առաջնությունում «Փյունիկում»  հանդես եկած ֆուտբոլիստների անհատական ցուցանիշները:

Ֆուտբոլիստներ Խաղ Գոլ Զգ. (Հեռ.)
1.Արմեն Մանուչարյան 30 2 4
2.Արթուր Քարտաշյան 28 4 3
3.Սերոբ Գրիգորյան 28 6
4.Վարդան Պողոսյան 27 6 4
5.Ալիկ Առաքելյան 27 5 1
6.Արամ Շահնազարյան 27 1 3
7.Նարեկ Ասլանյան 26 1 5
8.Վահագն Հայրապետյան 25 1 4
9.Պետրոս Ավետիսյան 24 2 5
10.Էրիկ Պետրոսյան 24 2
11.Հովհաննես Հարությունյան 20 2 2
12.Ռազմիկ Հակոբյան 19 1 5
13.Վալերի Ոսկոնյան 17 21
14.Հովհաննես Պողոսյան 17 1(1)
15.Ռոբերտ Հակոբյան 15
16.Կամո Հովհաննիսյան 14 2 1
17.Գոռ Մանուկյան 13 6 1
18.Գևորգ Հարությունյան 13 1 1
19.Արթուր Նադիրյան 11 1 3
20.Արմեն Նահապետյան 10 1
21.Էրիկ Վարդանյան 10 1
22.Սամվել Սպերցյան 6 1 1
23.Ռոբերտ Մինասյան 5 1
24.Վիգեն Բեգոյան 3 1
25.Հովհաննես Փանոսյան 2
26.Հովհաննես Նազարյան 2
27.Դավիթ Մանոյան 1 1

Աշոտ Հայրապետյան


Արամ Ոսկանյան. «Ինձ համար շատ ծանր է, քանի որ թիմի 9 ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեն»

Վարդան Բիչախչյան. «Արդեն աբսուրդի է վերածվում՝ գոլային պահերի գոնե 30%-ը չենք իրացնում»

«Շիրակ» – «Բանանց»՝ 1-0. «Ավանդույթի» պես՝ գյումրեցիները «Բանանցից» հաղթանակ կորզեցին խաղավերջում (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Առաջին խաղակեսից հետո (տեսանյութ)

«Շիրակ» – «Բանանց». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Տիգրան Ղարաբաղցյան. «Արարատն» այսօր ոչնչով չէր զիջում «Գանձասար-Կապանին»

Աշոտ Բարսեղյան. «Շատ ենք տեսել, որ թիմերն ամենավերջին պահին բաց են թողել չեմպիոնությունը»

«Արարատ» – «Գանձասար-Կապան»՝ 1-2. Կապանյան թիմն «Ալաշկերտին» արդեն զիջում է 3 միավորով

«Ալաշկերտ» – Փյունիկ»՝ 3-3. Գոլառատ ոչ-ոքի, որը կտրուկ սրեց չեմպիոնական պայքարը

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Առաջին խաղակեսից հետո

«Ալաշկերտ» – «Փյունիկ». Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Արարատ» – «Գանձասար-Կապան». Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը

Դանիել Ստոյկովիչը՝ «Ալաշկերտում» իր նպատակների, հայերի և սերբերի նմանությունների ու «Դոկտոր» մականվան մասին

Փոխվել է «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպման անցկացման օրը

Արկադի Անդրեասյան. «Արարատն» արդեն պատրաստ է պայքարելու բոլոր մրցակիցների հետ»

Արամ Ոսկանյան. «Պարզ իրավիճակներում «նվերներ» ենք տալիս, ինչից էլ օգտվում է մրցակիցը»