Լրացուցիչ

Ընտրել լեզուն

12 ֆուտբոլիստներ, որոնք ՀՀ ազգային հավաքականում նորամուտը նշել են Վարուժան Սուքիասյանի օրոք

«Վիվառո Նյուզին» տված հարցազրույցում ՀՀ ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը նշել էր, որ սերնդափոխություն է իրականացնելու՝  հավաքական հրավիրելով նաև Հայաստանի առաջնությունում հանդես եկող մի խումբ հեռանկարային ֆուտբոլիստների:

Հիշեցնենք, որ երբ 1999թ. մրցաշրջանի ավարտից հետո Վարուժան Սուքիասյանը ստանձնել էր ազգային հավաքականի ղեկը, կրկին սերնդափոխություն էր իրականացրել՝ ազգային թիմում ընդգրկելով ՀՀ առաջնության մասնակից երիտասարդ ֆուտբոլիստների: Սուքիասյանի գլխավորությամբ անցկացրած արդեն առաջին խաղում՝ Գվատեմալայի հավաքականի հետ ընկերական մրցավեճում միանգամից 4 ֆուտբոլիստներ նորամուտը նշեցին ՀՀ ազգային հավաքականում:

Հավաքականում Վարուժան Սուքիասյանի պաշտոնավարման 2 տարիների ընթացքում անցկացված 17 հանդիպումներում մեր ընտրանիի մարզաշապիկն առաջին անգամ կրեցին 12 ֆուտբոլիստներ, որոնցից 7-ը հետագայում էլ շարունակեցին ելույթները: Նրանցից 4-ը՝ Արման և Արտավազդ Քարամյանները, Արամ Հակոբյանն ու Անդրեյ Մովսիսյանը դարձան հավաքականի առանցքային ֆուտբոլիստներ:

«Վիվառո Նյուզը» ժամանակագրական կարգով ներկայացնում է Վարուժան Սուքիասյանի օրոք ՀՀ ազգային հավաքականում նորամուտը նշած 12 ֆուտբոլիստներին:

Արման Քարամյան

  • Սուքիասյանի գլխավորությամբ՝ 13 խաղ, 1 գոլ
  • Հավաքականում ընդամենը՝ 49 խաղ, 5 գոլ

arman karamyanԵրևանի «Կիլիկիայում» հանդես եկող 20-ամյա հարձակվողը նորամուտը նշեց Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ մեր ընտրանու անցկացրած առաջին խաղում՝ 2000թ. հունվարի 9-ին Լոս Անջելեսում Գվատեմալայի հավաքականի հետ կայացած ընկերական մրցավեճում, որում գրանցվեց ոչ-ոքի՝ 1:1: Արմանը 67-րդ րոպեին փոխարինեց Ֆելիքս Խոջոյանին:

1999թ. ՀՀ առաջնությունում Արման Քարամյանն իրեն հիանալի էր դրսևորել՝ աչքի ընկնելով իր ագրեսիվ գործողություններով ու բարձր արդյունավետությամբ: Առաջնությունում անցկացրած 30 հանդիպումներում Արմանը 20 գոլի հեղինակ էր դարձել՝ ընդամենը մեկ գնդակով զիջելով լավագույն ռմբարկուի տիտղոսին արժանացած «Ցեմենտի» 32-ամյա հարձակվող Շիրակ Սառիկյանին: Ուստի պատահական չէր, որ նա արժանացել էր Վարուժան Սուքիասյանի ուշադրությանը:

Փետրվարի սկզբին Կիպրոսում կայացած միջազգային մրցաշարի ժամանակ Արման Քարամյանը 3-րդ հանդիպումն անցկացնելով հավաքականում, բացեց գոլերի հաշիվը՝ գրավելով տանտերերի հավաքականի դարպասը: Այդ խաղում Քարամյանն առաջին անգամ էր խաղադաշտ դուրս եկել հավաքականի մեկնարկային կազմում: Վարուժան Սուքիասյանը նրան հիմնականում փոխարինման էր դուրս բերում՝ փորձելով ուժեղացնել հարձակման գիծը: Արագաշարժությամբ աչքի ընկնող և հուժկու հարվածների տիրապետող Քարամյանն ընդամենը 3 անգամ հայտնվեց հավաքականի մեկնարկային կազմում և միայն նորվեգացիների հետ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի ավարտական խաղում ամբողջ 90 րոպեն անցկացրեց խաղադաշտում:

Արման Քարամյանը մեկն էր այն 4 ֆուտբոլիստներից, ով հավաքականում հայտնվելով Վարուժան Սուքիասյանի օրոք, հետագայում հաջողությամբ շարունակեց ելույթներն ազգային թիմում՝ դառնալով հարձակման գծի առաջատարը: «Փյունիկում», այնուհետև Ռումինիայում հանդես գալու տարիներին Արման Քարամյանը մինչև 2010թ. բազմիցս հրավիրվել է ազգային հավաքական, որի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 49 խաղ, դարձել 5 գոլի հեղինակ: Հավաքականում նա իր վերջին խաղն անցկացրել է 2010թ. մարտի 3-ին Անթալիայում Բելառուսի հավաքականի հետ կայացած ընկերական մրցավեճում:

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12