Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Չեմպիոնական մրցավազքը մեկնարկեց

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր մեկնարկեցին շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց բարձրագույն խմբի առաջնությունները:

Տղամարդկանց առաջնությունում երկու պարտիա արդյունավետ ելք ունեցավ: Հաղթանակով մեկնարկեցին Ռոբերտ Հովհաննիսյանը և Կարեն Գրիգորյանը, որոնք էլ ստանձնեցին առաջատարի դերը: Հովհաննիսյանը հաղթեց Սամվել Տեր-Սահակյանին, Գրիգորյանը պարտության մատնեց Զավեն Անդրիասյանին:

Տուրի մյուս երեք պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Միավորը բաժանեցին Մանուել Պետրոսյանն ու Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանն ու Տիգրան Պետրոսյանը, Արման Փաշիկյանն ու հանրապետության գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը:

Կանանց մրցաշարում կայացած 5 պարտիաներից միայն մեկում խաղաղ ելք գրանցվեց: Փորձառու գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը հաշտություն կնքեց Նարե Առաքելյանի հետ:

Հանրապետության գործող չեմպիոնուհի Մարիա Գևորգյանը հաղթանակով մեկնարկեց՝ առավելության հասնելով Աննա Խաչատրյանի նկատմամբ: Հայաստանի կանանց հավաքականի մեր մյուս անդամը՝ Մարիա Կուրսովան էլ պարտության մատնեց մինչև 18 տարեկանների Եվրոպայի չեմպիոնուհի Սոնա Ասատրյանին:

Իրենց օգտին հաղթական միավորներ գրանցեցին նաև Աննա Սարգսյանն ու Սիրանուշ Ղուկասյանը, որոնց մրցակիցներն էին համապատասխանաբար Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը: