Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Նա այլևս չի կարողանա վազել և կատարել գեղեցիկ փոխանցումներ». Ինչպես ավարտվեց «Այաքսի» 20-ամյա ծագող աստղի կարիերան մեկ դրվագում

Ծանր օրեր «Այաքսի» և ակումբի երկրպագուների համար: Աբդելհակի Նուրիի տան մոտ են բազմաթիվ մարդիկ հավաքվել: Նրանց թվում են նաև «Այաքսի» երկրպագուները և ֆուտբոլիստները: Նրանցից շատերը չեն կարողանում զսպել իրենց արցունքները:

Հուլիսի 8-ին Նուրին «Վերդերի» հետ ընկերական խաղի ժամանակ խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում: Սակայն հանդիպման 71-րդ րոպեին 20-ամյա ֆուտբոլիստը ուշագնաց եղավ: Թիմի բժիշկները 15 րոպե փորձում էին ուշքի բերել Նուրիին և կարգավորել սրտի աշխատանքը: Արդյունքում բժիշկներին հաջողվեց դա և քիչ անց Ապիին ուղղաթիռով տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ էլ բժիշկները հայտնեցին, որ Նուրին գտնվում է կոմայի մեջ:

Հաջորդ օրը «Այաքսի» պաշտոնական կայքը հայտարարեց, որ Նուրիի կյանքին վտանգ չի սպառնում: Սակայն, օրեր անց բժիշկները հայտնեցին սարսափելի լուրը: Ապիի մոտ հայտնաբերել էին ուղեղի անբուժելի վնասվածք, որը առաջացել էր ուշագնացության պատճառով: Հաջորդ օրը բժիշկներին հաջողվել էր կոմայից դուրս բերել Նուրիին, սակայն ֆուտբոլիստը չէր ճանաչել իր հարազատներին: Հնարավոր է, որ մինչև կյանքի վերջ նա չկարողանա հիշել նրանց, ավելին նա շատ քիչ շանսեր ունի նորից քայլելու և խոսելու:

«Նա մեզ չի ճանաչում, չի կարողանում խոսել և չի զգում ոչ մի բան: Սակայն մենք չենք հանձնվում: Հավատը սովորեցնում է մեզ ընդունել անխուսափելին: Մենք աղոթում ենք Նուրիի ապաքինման համար»,- ասել էր ֆուտբոլիստի եղբայրը:

Նուրիի տաղանդը առաջինը տեսավ ակումբի նախկին գլխավոր մարզիչ Պետեր Բոշը, ով 2016թ. 20-ամյա ֆուտբոլիստին տեղափոխեց առաջին թիմ: Վերջինս մասնակցեց Հոլանդիայի առաջնության 9 հանդիպման և անգամ ընդգրկվեց Եվրոպա լիգայի «Այաքսի» հայտացուցակում: Դեռ մանուկ հասակից Նուրին երազել էր հանդես գալիս Հոլանդիայի հավաքականի կազմում, չնայած որ նրա արմատները Մորոկոյից են: Ֆուտբոլիստը մինչ այս դեպքը հասցրել էր խաղալ «գազարագույնների» երիտասարդական հավաքականների կազմում:

Այս օրերի ընթացքում Նուրիին և նրա ընտանիքին աջակցում էին հոլանդական ֆուտբոլի աստղերը:

«Ահավոր է: Սա ծանր հարված է «Այաքսի» համար: Նուրին իսկական տաղանդ է: Ցավոք, մենք այլևս չենք կարող իմանալ, թե ինչպիսի պայծառ աստղ կարող է նա դառնալ»,- ասել է «Այաքսի» գործադիր տնօրեն Էդվին վան դեր Սարը:

«Սիրտս կոտրվում է, երբ այսպիսի լուրեր եմ լսում: Աղոթում եմ Ապիի համար»,- գրել է Պատրիկ Կլույվերտը:

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը իր ինստագրամյան էջում ավելացրել է հետևյալ լուսանկարը՝ աջակցելով Նուրիի բոլոր մտերիմներին:

A post shared by Luis Suarez (@luissuarez9) on

 

Ապի Նուրին պետք է լիներ հոլանդական ֆուտբոլի ծագող աստղը: Դեռ 10 տարի առաջ նրան անվանում էին նոր Կրուիֆ,Կլույվերտ: Նա պետք է շարունակեր զարգանալ և գուցե մոտ ապագայում օգներ Հոլանդիայի հավաքականին վերադարձնել իրենց փառքը, որը նրանք կորցրել են վերջին տարիների ընթացքում:

Այս օրերին Նուրի ընտանիքի տունը ամենաշատն են հաճախում Ամստերդամում: Հազարավոր երկրպագուներ գալիս են, աղոթում Ապիի համար, փակցնում նրան աջակցող պաստառներ, գումար հավաքում: Նրանցից շատերը դեռ հավատում են, որ Նուրիին կապաքինվի և կկարողանա ապրել նորմալ կյանքով: