Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Մենք քիչ ենք, բայց մեզ հեռանկարային են ասում». Երբ պետք է լքել Հայաստանը «տեղում չդոփելու» համար

IMG 6918 - «Մենք քիչ ենք, բայց մեզ հեռանկարային են ասում». Երբ պետք է լքել Հայաստանը «տեղում չդոփելու» համար

«Ուժեղ լեգեոներներ, ուժեղ հավաքական». այս բանաձևի մասին շատ ենք լսել: Բաղձալի երազանքի պես մի բան է, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների մեծամասնությունը հանդես գա եվրոպական բարձրակարգ ակումբներում, ինչից «կսնուցվի» նաև մեր ընտրանին:

Հիշենք մեր այն հավաքականը, որը մոտ էր «Եվրո-2012» դուրս գալուն: Հաջողության գաղտնիքը նաև այն էր, որ մեծամասնությունը խաղային կայուն պրակտիկա ուներ և որակյալ ֆուտբոլ էր ցուցադրում իրենց ակումբներում, որոնք ամենևին ցածրակարգ չէին: Դա էլ անդրադառնում էր հավաքականի վրա: Եթե հիմա բոլորը պատասխանատվությանը բեռը գցում են միայն Մխիթարյանի ուսերին, ապա այն ժամանակ «սայլը» պատրաստ էին քարշ տալ նաև գոլահար Յուրա Մովսիսյանը, «մաեստրո» Մարկոսը, թիմի «դուխ» հանդիսացող Սարգիս Հովսեփյանը և Ռոբերտ Արզումանյանը, «լռակյաց» առաջնորդ Ռոման Բերեզովսկին և այլք:

«Մատների վրա հաշվելու» ֆուտբոլիստներ

Ազգային հավաքականի այսօրվա կազմի մեծ մասը կրկին արտասահմանում է խաղում, թեև նրանց թիմերը ոչ մի դեպքում բարձրակարգ չես համարի: Այդ դեպքում, ուշադրությունը թեքվում է երիտասարդական հավաքականի կողմը: Ի վերջո, նրանք, լինելով 19-21 տարեկան, կարծես իդեալական տարիքում են, որպեսզի հեռանան Հայաստանից և ճանապարհ հարթեն դեպի Եվրոպա:

IMG 6913 - «Մենք քիչ ենք, բայց մեզ հեռանկարային են ասում». Երբ պետք է լքել Հայաստանը «տեղում չդոփելու» համար

Մի կո՛ղմ թողնենք Հայկ Գալստյանին և Վահան Բիչախչյանին, ովքեր արդեն հեռացել են Հայաստանից և լեգեոներ են համարվում: Դիտարկենք Մ-21 հավաքականի թեկնածու համարվող ևս 22 ֆուտբոլիստի, ովքեր ներկայացնում են հայկական ակումբներ:

Ստանում ենք այսպիսի պատկեր՝ նրանցից ընդամենը 10-ն են, որ Բարձրագույն խմբում հանդես եկող թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստներ են (2017/18թթ. առաջնության 1-ին խաղաշրջանից ելնելով): Ընդ որում, 6-ը «Փյունիկից» են, որի «հավերժ ձգվող» քաղաքականությունն է վստահել երիտասարդներին: Այդ խաղացողներն են՝

Արթուր Քարտաշյան, Էրիկ Վարդանյան, Նարեկ Ասլանյան, Վահագն Հայրապետյան, Ալիկ Առաքելյան, Պետրոս Ավետիսյան (բոլորը՝ «Փյունիկ»),
Ռուդիկ Մկրտչյան, Արթուր Ամիրյան («Շիրակ»),
Նարեկ Պետրոսյան («Բանանց»),
Արամ Քոչարյան («Արարատ»):

Ցավալի պատկեր ենք ստանում: Իսկ եթե նաև փորձենք առանձնացնել առավել աչքի ընկածների, ովքեր կարող են գրավել արտասահմանյան ակումբի ուշադրություն, ապա ցանկում ֆուտբոլիստների թիվն ավելի կնվազի:

Փաստորեն, «Փյունիկից» բացի, մյուս թիմերն առաջին հայացքից «անտեսում» են երիտասարդ ֆուտբոլիստներին: Բայց այստեղ մեկ «բայց» կա: Մարզիչներին մեղադրելը դժվար է: Հայկական յուրաքանչյուր թիմի մարզչի առջև առաջնությունում բարձր տեղ գրավելու, թիմը եվրոպական մրցաշար դուրս բերելու խնդիր է դրվում և միայն երիտասարդներին ապավինելով հնարավոր չէ «խնդիր լուծել»: Կարող ես լիարժեք վստահել, բայց պաշտոնդ վտանգի տակ կլինի:

IMG 6914 - «Մենք քիչ ենք, բայց մեզ հեռանկարային են ասում». Երբ պետք է լքել Հայաստանը «տեղում չդոփելու» համար

Հիշենք Մ-21 հավաքականը ներկայումս գլխավորող Արթուր Ոսկանյանի օրինակը, ով նախորդ մրցաշրջանում «Բանանցում» «բեհամահարթակ» դուրս բերեց երիտասարդ մի շարք ֆուտբոլիստների, իսկ արդյունքը… թիմը նրա գլխավորությամբ առաջնությունում չտոնեց և ոչ մի հաղթանակ: Նման կտրուկ փոփոխությունները չեն կարող արդյունք տալ: Երիտասարդ խաղացողի՝ գլխավոր թիմ տեղափոխվելը պետք է կատարվի բնական ճանապարհով: Նա ինքը պետք է ապացուցի, որ արժանի է լինելու հիմնական կազմի խաղացող, այլ ոչ թե որ ակումբը «պարծենա»՝ իր սանը գլխավոր թիմում է հանդես գալիս:

Ախր, «հեռանալու տարիքն» էլ կարող է անցնել…

Վերադառնանք արտերկիր տեղափոխվելու թեմային: Ամեն օր սպասում ենք, որ Բարձրագույն խմբում հանդես եկող որևէ ֆուտբոլիստ մեկ քայլ առաջ կկատարի և կհայտնվի արտերկրի թիմում: Ճիշտ է, մենք սովոր ենք, որ 90% դեպքերում հետագա առաջընթաց չի լինում, և այդ խաղացողները կա՛մ մնում են նույն մակարդակի վրա, կա՛մ էլ վերադառնում հայրենիք:

Ո՞րն է տեղացի ֆուտբոլիստի համար իդեալական տարիքը՝ Հայաստանը լքելու համար: Այս դեպքում ընդհանուր դիտարկելը դժվար է, քանի որ խաղացողներից մեկի «աստեղային ժամը» կարող է գալ 16 տարեկանում, իսկ մյուսինը՝ դրանից 5 տարի անց:

Այսպիսի պատկեր ունենք, թե Հայաստանի հավաքականի նախկին և ներկա թեկնածուները երբ են Հայաստանից տեղափոխվել արտասահմանյան առաջին ակումբներ՝

Հայկ Գալստյան՝ 16տ. (տեղափոխվել է «Հոֆենհայմ», Գերմանիա), 2014թ. հուլիս
Վահան Բիչախչյան՝ 18տ. (տեղափոխվել է «Ժիլինա», Սլովակիա), 2017թ. հուլիս
Էդգար Մանուչարյան՝ 18տ. (տեղափոխվել է «Այաքս», Հոլանդիա), 2005թ. հունիս
Հենրիխ Մխիթարյան՝ 20տ. (տեղափոխվել է «Մետալուրգ Դոնեցկ», Ուկրաինա), 2009թ. հուլիս
Էդգար Մալաքյան՝ 21տ. (տեղափոխվել է «Վիկտորիա Պլզեն», Չեխիա), 2012թ. հուլիս
Ռոբերտ Արզումանյան՝ 22տ. (տեղափոխվել է «Ռանդերս», Դանիա), 2008թ. հունվար
Արթուր Եդիգարյան՝ 22տ. (տեղափոխվել է «ՊԱՍ Համադան», Իրան), 2010թ. հունվար
Արտակ Եդիգարյան՝ 22տ. (տեղափոխվել է «Մետալուրգ Դոնեցկ», Ուկրաինա), 2012թ. հուլիս
Զավեն Բադոյան՝ 22տ. (տեղափոխվել է «ԲԱՏԵ Բորիսով», Բելառուս), 2012թ. հունվար
Ռումյան Հովսեփյան՝ 22տ. (տեղափոխվել է «Մետալուրգ Դոնեցկ», Ուկրաինա), 2014թ. օգոստոս
Տիգրան Բարսեղյան՝ 22տ. (տեղափոխվել է «Վարդար», Մակեդոնիա), 2016թ. օգոստոս
Գևորգ Ղազարյան՝ 23տ. (տեղափոխվել է «Մետալուրգ Դոնեցկ», Ուկրաինա), 2011թ. հուլիս
Վարազդատ Հարոյան՝ 23տ. (տեղափոխվել է «Փադիդե», Իրան), 2016թ. հուլիս
Տարոն Ոսկանյան՝ 23տ. (տեղափոխվել է «Կարմիոտիսա», Կիպրոս), 2016թ. հուլիս
Հովհաննես Համբարձումյան՝ 23տ. (տեղափոխվել է «Վարդար», Մակեդոնիա), 2014թ. հուլիս
Արարատ Առաքելյան՝ 23տ. (տեղափոխվել է «Մետալուրգ Դոնեցկ», Ուկրաինա), 2008թ. հունվար
Կամո Հովհաննիսյան՝ 24տ. (տեղափոխվել է «Տորպեդո Բելազ», Բելառուս), 2017թ. հունվար
Դավիթ Մանոյան՝ 26տ. (տեղափոխվել է «Կարմիոտիսա», Կիպրոս), 2016թ. օգոստոս:

Գալստյանն ու Բիչախչյանը դեռ գտնվում են «խոստումնալից ֆուտբոլիստի» կարգավիճակում: Ընդհանուր պատկերը հասկանալու համար հարկավոր է չդիտարկել նաև «երջանիկ պատահականություն» Մանուչարյանին: Երբ 15 տարեկան տղաները միայն բակում էին գնդակ գլորում, Մանուչարյանն այդ տարիքում ինչ-որ գերբնական տաղանդի շնորհիվ արդեն գոլեր էր խփում Հայաստանի Բարձրագույն խմբում:

Եզրակացություն

Հայաստանցի ֆուտբոլիստը պետք է հասցնի առավելագույնը մինչև 22-23 տարեկան դառնալը դրսևորել իրեն Հայաստանի առաջնությունում և «հավաքել ճամպրուկները»: Եթե ֆուտբոլիստն այդպես էլ չի «բացվում» և մնում է, նրա մոտ սկսվում է նահանջ, նա սկսում է «դոփել տեղում»:

IMG 7204 - «Մենք քիչ ենք, բայց մեզ հեռանկարային են ասում». Երբ պետք է լքել Հայաստանը «տեղում չդոփելու» համար

Ընդ որում, ֆուտբոլիստը պետք է գիտակցի, թե ուր է գնում: Հարկավոր է ոչ թե Մանուչարյանի օրինակով «ցատկել միանգամից 5 աստիճան»՝ «Փյունիկից» տեղափոխվելով «այլ մոլորակ»՝ «Այաքս», այլ Մխիթարյանի պես առաջ գնալ քայլ առ քայլ՝ նույն «Փյունիկից» միանալով մեր իրականությունից չափազանց շատ չտարբերվող Ուկրաինա՝ Դոնեցկի «Մետալուրգ»:

Բայց խոսքը միայն «Այաքսի» մասին չէ: Այդ թիմը կարող է լինել Չեխիայից կամ Բելառուսից, բայց լինի այդ երկրում ամենաուժեղը, ունենա մեծ մրցակցություն իր կազմում և Հայաստանից տեղափոխված երիտասարդը չհարմարվի այնտեղ: Հիշենք Էդգար Մալաքյանի տեղափոխությունը «Փյունիկից» «Վիկտորիա Պլզեն» և Զավեն Բադոյանի տրանսֆերը «Իմպուլսից» ԲԱՏԵ: Թե՛ «Վիկտորիան», թե՛ ԲԱՏԵ-ն լիովին այլ մակարդակ են՝ Հայաստանի համեմատ:

Հ. Գ. Շատերը ֆուտբոլիստի կարիերայի անհաջողություններում կարող են մեղադրել ակումբների, մարզիչների կամ քննարկել այլ գործոններ, սակայն փորձը ցույց է տալիս, որ ամեն ինչ մեծամասամբ կախված է ֆուտբոլիստից: Եթե նա իրեն «լավ նայի», նվիրվի ֆուտբոլին և ապրի մարզիկին վայել ապրելակերպով, ապա հաջողությունն 99%-ով երաշխավորված է, նույնիսկ՝ շատ վաղ տարիքում: Վերջիվերջո, հիմա ո՞վ է հիշում, որ Կիլիան Մբապեն նոր է բոլորել 19-ամյակը:

Արման Աբելյան


Արսեն Վենգերը՝ «Ատլետիկոյի» հետ առաջին խաղում Մխիթարյանի և Օզիլի մասնակցության մասին

Կամոն «հերոսացավ» վերջին վայրկյաններին, Համբարձումյանը՝ ճիշտ հակառակը (տեսանյութ)

Հայ ֆուտբոլիստները գոլեր են խփել Գերմանիայում և Արգենտինայում (տեսանյութ)

Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, շարք կվերադառնա նախատեսվածից շուտ

СЭ. Յուրչենկոն ցանկանում է հանդես գալ Հայաստանի հավաքականում

Մրցույթ. Շահե՛ք Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկներ

Հենրիխ Մխիթարյանը կարող է նոր մարզիչ ունենալ

Վենգերը հայտնել է Մխիթարյանի վերադարձի ժամկետը

Ինքն էր ուզում. Անտոնի Մարսիալը հիասթափված է Մխիթարյանի՝ «Արսենալ» տեղափոխությունից

«Եթե Մխիթարյանը ինձ չստեր, և մենք չբաժանվեինք, ապա նա կդառնար «Լիվերպուլի» խաղացող». Հենրիխի նախկին գործակալ

Ուշադրությո՛ւն, «հայտնաբերվել» է Հովհաննես Համբարձումյանը

Ալեքսանդր Կարապետյան. «Ես արժանի եմ Հայաստանի հավաքականում 2-րդ հնարավորությունը ստանալուն»

Նոբել Առուստամյան. «Կարծում եմ, որ Մխիթարյանը երջանիկ չէր «Մանչեսթեր Յունայթեդում»»

Վարդան Մինասյանի՝ «RԷվոլուցիա» հաղորդաշարին տված հարցազրույցի ամբողջական տեսագրությունը (տեսանյութ)

Ռուբեն Հայրապետյանը մոտ օրերս հանդիպելու է Դավիդ Յուրչենկոյի հետ

Ալեքսանդր Կարապետյան. «Ամեն րոպե զանգի եմ սպասում Հայաստանից, բայց առայժմ չեմ ստանում»