Զինեդին Զիդան. «Սա իմ երազանքն էր»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Մադրիդի «Ատլետիկոյին» 11-մետրանոցներով հաղթելուց հետո անդրադարձել է հանդիպմանը:

«Ֆիզիկական առումով հեշտ չէր, բայց դա նորմալ է: Շատ մեծ հոգեբանական ճնշում էր, բայց մենք կարողացանք հաղթահարել այն: Ի վերջո մեզ մնում էր միայն պայքարել, որը մենք արեցինք: Երբ նման նվաճման ես հասնում, դա ինչ-որ բան նշանակում է թե՛ ֆուտբոլիստների, թե՛ մարզչական շտաբի համար:

Ես երազում էի այս մասին: Երբ նախագահն ինձ հնարավորություն ընձեռնեց այսպիսի տաղանդաշատ ֆուտբոլիստների հետ աշխատելու, ես հնարավորություն ստացա նաև լուրջ նվաճման հասնելու, և այսօր մենք կարողացանք օգտագործել այդ հնարավորությունը:

Ես երջանիկ եմ, քանի որ իմ կյանքը վաղուց է համակցված այս մեծագույն ակումբին: Սկզբում ես ֆուտբոլիստ էի, ապա՝ գլխավոր մարզչի օգնական, հիմա՝ գլխավոր մարզիչ: Ես իսկապես հպարտ եմ, որ այս փառահեղ ընտանիքի անդամ եմ:

Երկու թիմերն էլ այս ճանապարհն անցան մինչև վերջ, մինչև 11-մետրանոցներ: Հարվածաշարը մեր օգտին էր, սակայն կարող էր նաև այլ ելք ունենալ: Շնորհավորում եմ «Ատլետիկոյին» ու Սիմեոնեին, ով հիանալի մարզիչ է:

Անչելոտին ինձ ասում էր. «Չեմպիոնների լիգայում որպես մարզիչ հաղթանակ տանելը բացարձակ կապ չունի ֆուտբոլիստի կարգավիճակով հաղթանակի հասնելու հետ»:

Կրիշտիանուն վնասվածքով չէր: Նա բոլորի հետ էր և բոլորի հետ հասավ հաղթանակի: Նրա հետ ամեն ինչ կարգին է: Նա պայքարում էր, վազում, աչքի ընկնում շատ օգտակար գործողություններով: Ռոնալդուն միշտ օգնում է թիմակիցներին»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը փոխանցում է Զիդանի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ