Յուրայ Յարաբեկ.«Կցանկանայինք ամեն ինչ վճռել առաջին խաղում, բայց շատ դժվար կլինի»

Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Դինամո» – «Ալաշկերտ» խաղից առաջ վրացական թիմի գլխավոր մարզիչ Յուրայ Յարաբեկը պատասխանեց լրագրողների հարցերին:

-Ողջունում եմ լրագրողներին և «Դինամոյի» բոլոր երկրպագուներին: Շատ կարևոր խաղ է Վրաստանի համար, քանի որ մենք վերջին թիմն ենք, որ դեռ պայքարի մեջ ենք մնացել եվրոգավաթներում: Մեր թիմն անհամբերությամբ է սպասում Չեմպիոնների լիգային: Տղաները մի ամբողջ ամիս շատ լավ աշխատել են: Ամեն ինչ անում ենք լավ արդյունքի համար: Գիտենք, որ շատ երկրպագուներ կլինեն Հայաստանից: Մենք էլ մեր երկրպագուներին ենք հրավիրում:

-Նոր ձեռք բերված հարձակվող Վլադիմիր Դվալիշվիլին արդյոք տեղ է գտել հայտացուցակում:

-Վլադիմիր Դվալիշվիլին արդեն մեր ակումբի ֆուտբոլիստ է և վաղը կարող է օգնել թիմին: Կարծում եմ` սա լավ համալրում է մեր թիմի համար:

-Ինչպիսի վիճակում է գտնվում թիմը: Ավստրիայում կայացած հավաքի ժամանակ թիմը 4 ընկերական խաղերից միայն մեկում է հաղթել, ինչքանով է պատրաստ այս խաղին:

-Արդեն ասել եմ, որ Ավստրիայի հավաքի ժամանակ տղաները շատ լավ պատրաստվել են: Մրցակիցները բավականին ուժեղ էին ու հանդես էին գալիս ուժեղ առաջնություններում` «Դինամո Կիև», «Լեգիա Վարշավա», «Մաքքաբի Հայֆայ»:

-Ինչքանով եք ուսումնասիրել մրցակցին, ու արդյոք ներքին զգացողություն ունեք, որ Ձեր թիմը կանցնի հաջորդ փուլ:

-Կարծում եմ, որ յուրաքանչյուր երկրի չեմպիոն էլ լավ թիմ է: Կարծում եմ լավ ուսումնասիրել ենք «Ալաշկերտին»: Նախորդ տարի Եվրոպա լիգայում հաղթահարել են «Սենտ Ջոնսթոնի» արգելքը, ուրեմն դա չի կարող թույլ թիմ լինել: Բայց մենք, «Դինամո Թբիլիսին», ֆուտբոլիստները, անձնակազմը, ամեն ինչ անելու ենք, որպեսզի հաջորդ փուլ անցնենք:

-Կլինեն արդյոք պարգևավճարներ:

-Չենք մտածում պարգևավճարների մասին, քանի որ, կարծում եմ, մենք գիտենք, թե ինչի համար ենք խաղում:

-Արդյոք դիմակայության ելքը վճռվելու է այս խաղում, թե ամեն ինչ որոշվելու է Երևանում:

-Սա երկու խաղակեսով խաղ է: Վաղը խաղալու ենք առաջին խաղակեսը, ու կցանկանայի, որ ամեն ինչ որոշվեր վաղը, սակայն դա շատ դժվար կլինի:

-Ինչքանով են նոր լեգեոները պատրաստ խաղին:

-Մեր համալրումները իրենց շատ լավ են դրսևորել, ու կարծում եմ` Անտոնի Սկրիբեն վաղը 99 տոկոսով կլինի մեր հիմնական դարպասապահը: Ինչ վերաբերում է մյուս նորեկներին, բոլորն էլ շատ լավ խաղացողներ են, բայց նրանց ժամանակ է հարկավոր: Իսկ ահա հիմնական կազմը որոշելու համար ինձ դեռ պետք է վաղն արթնանալ (ժպտում է` խմբ.):

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ