Եվրոպայի առաջնություն. Էլինա Դանիելյանն առաջատարին հետապնդողների թվում է

Ռիգայում ընթացող կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի 4 շախմատիստուհիներից առայժմ բոլորից հաջող է հանդես գալիս Էլինա Դանիելյանը: Մեր փորձառու գրոսմայստերը 3-րդ տուրում պարտության մատնեց շախմատային բարձրագույն տիտղոսը կրող ուկրաինուհի Նատալյա Բուկսային՝ տոնելով մրցաշարում 2-րդ անընդմեջ հաղթանակը:

Էլինան 2,5 միավորով այն 25 շախմատիստուհիների թվում է, որոնք հետապնդում են  100 տոկոսանոց արդյունքով աղյուսակը միանձնյա գլխավորող վրացի Նանա Ձագնիձեին:

Հայաստանի չեմպիոնուհի Մարիա Գևորգյանը հաշտություն կնքեց բելառուս Անաստասիա Զեզյուլկինայի հետ: Մարիան Լիլիթ Գալոյանի հետ վաստակել է 1,5-ական միավոր: Լիլիթը մրցաշարում առաջին պարտությունը կրեց՝ զիջելով Գերմանիան ներկայացնող Մարթա Միչնային:

Տուրն անհաջող էր նաև մյուս Լիլիթի՝ Մկրտչյանի համար, ով ևս առաջին անգամ ճաշակեց պարտության դառնությունը: Նրա մրցակցուհին Իտալիայի ներկայացուցիչ, միջազգային վարպետ Ելենա Սեդինան էր: Լիլիթը վաստակել է մեկ միավոր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ