«Երևան օփեն» մրցաշարի գլխավոր մրցանակը բաժին հասավ հայ շախմատիստին

Շախմատի ակադեմիայում այսօր վերջնագիծը հատեց «Երևան օփեն» միջազգային մրցաշարը: Ավարտական՝  9-րդ տուրում դրամատիկ պայքար ծավալվեց մրցաշարի հաղթողի տիտղոսի համար: Թվում էր, թե գլխավոր մրցանակին կարժանանա 7 միավորով աղյուսակը միանձնյա գլխավորող ռուսաստանցի գրոսմայստեր Պավել Սմիռնովը, որին ինչպես պարզվեց հետագայում, կես միավորն էլ բավարար էր 1-ին տեղը գրավելու համար: Սակայն նա սպիտակներով պարտվեց  իսրայելցի գրոսմայստեր Թամիր Նաբատիին, ով ևս վաստակեց 7 միավոր:

Սմիռնովի գլխավոր հակառակորդներ Տիգրան Պետրոսյանի և Ռոբերտ Հովհաննիսյանի մրցավեճն ավարտվեց ոչ-ոքի: Նրանք ևս միավորներով հավասարվեցին Սմիռնովին ու Նաբատիին:

7-ական միավոր վաստակեցին նաև Վիտալի Բեռնադսկին, Հովիկ Հայրապետյանը, Սերգեյ Տիվյակովը և Չանդա Սանդիպանը:

Եվ այսպես, հավասար միավորներ ունեցող 8 շախմատիստների մեջ լրացուցիչ գործակիցներով լավագույնը ճանաչվեց Հայաստանի այս տարվա փոխչեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանը, ով ստացավ 3000 դոլար գլխավոր մրցանակը: 2-րդ տեղը գրաված Պավել Սմիռնովը պարգևատրվեց 2000 դոլարով, եռյակը եզրափակած ուկրաինացի գրոսմայստեր Վիտալի Բեռնադսկին արժանացավ 1500 դոլարի: Տիգրան Պետրոսյանը 4-րդն էր, Հովիկ Հայրապետյանը՝ 5-րդը:

Ընդհանուր առմամբ դրամական պարգևների արժանացան լավագույն արդյունքի հասած 15 շախմատիստները (11-15-րդ տեղերը գրավածների մրցանակը 400-ական դոլար էր): Բացի այդ, մրցանակներ էին սահմանված նաև կանանց մեջ լավագույն արդյունքի հասած 3 մասնակիցների, ինչպես նաև մինչև 2000, 2200 և 2400 վարկանիշ ունեցող մասնակիցների մեջ լավագույն եռյակներում տեղ զբաղեցրած շախմատիստների համար:

Մրցաշարին մասնակցած շախմատիստուհիներից լավագույն արդյունքի հասան 5-ական միավոր վաստակած Արմինե Բաբայանը (43-րդ տեղ), Սուսաննա Գաբոյանը (44-րդ), միջազգային վարպետ Մարիա Գևորգյանը (47-րդ), Աննա Սարգսյանը (54-րդ) և Սոնա Ասատրյանը (56-րդ):

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ