«Երևան օփեն». մրցաշարային աղյուսակում երկիշխանություն հաստատվեց

«Երևան օփեն» միջազգային մրցաշարի 6-րդ տուրի հանդիպումներից հետո մրցաշարային աղյուսակում երկիշխանություն հաստատվեց: 5,5-ական միավորով առաջատարի դերը ստանձնեցին Ռոբերտ Հովհաննիսյանն ու ռուսաստանցի Պավել Սմիռնովը:

Հովհաննիսյանը սպիտակներով հաղթեց առաջատարներից մեկին՝ Հովիկ Հայրապետյանին, ով մրցաշարում առաջին պարտությունը կրեց: Պավել Սմիռնովն առավելության հասավ իր հետ աղյուսակը գլխավորած միջազգային վարպետ Դավիթ Քալաշյանի նկատմամբ, ով ևս առաջին անգամ զիջեց մրցակցին:

Ալեքսեյ Ալեքսանդրովն ու Վիտալի Բեռնադսկին հաշտություն կնքեցին ու վաստակեցին 5-ական միավոր: Նույնպիսի արդյունքով առաջատարներին հետապնդում է նաև Տիգրան Պետրոսյանը, ով հաղթեց Սուրեն Պողոսյանին:

Առաջատարներից կեսական միավորով հետ են մնում նաև Հոլանդիան ներկայացնող Սերգեյ Տիվյակովն ու իսրայելցի գրոսմայստերներ Թամիր Նաբատին ու Ավիտալ Բորուչովսկին: Տիվյակովը սևերով պարտության մատնեց մրցաշարում հաջող հանդես եկող ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Վարդանյանին, իսկ Նաբատին իր օգտին հաղթական միավոր գրանցեց Ռաֆայել Վահանյանի հետ մրցապայքարում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ