«Երևան օփեն». առաջատարները հաշտություն կնքեցին

«Երևան օփեն» միջազգային մրցաշարի 5-րդ տուրում 4 առաջատարների միջև կայացած երկու հանդիպումներն էլ խաղաղ ելք ունեցան: Ռուսաստանցի Պավել Սմիռնովը հաշտություն կնքեց ուկրաինացի Վիտալի Բեռնադսկու հետ, իսկ Հովիկ Հայրապետյանը միավորը կիսեց բելառուս Ալեքսեյ Ալեքսանդրովի հետ: 5 տուրից հետո այս քառյակը վաստակեց 4,5 միավոր՝ պահպանելով առաջատարի դիրքերը:

Առաջատարներին միացան գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանն ու միջազգային վարպետ Դավիթ Քալաշյանը, որոնք հաղթելով համապատասխանաբար Արտավազդ Հայրապետյանին և Տիգրան Հարությունյանին, ևս վաստակեցին 4,5 միավոր:

Բավական հաջող ելույթներ է ունենում ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Վարդանյանը, ով հերթական հաղթանակը տոնեց գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանի նկատմամբ: Հայկը 4 միավորով հետապնդում է առաջատարներին:

4 միավոր ունի նաև Ռաֆայել Վահանյանը, ով նախորդ տուրում անհաջողության մատնվելուց հետո հաղթեց Դավիթ Կարաթորոսյանին: Տիգրան Պետրոսյանն էլ պարտության մատնելով Մահդի Ղոլամիին, ընդամենը կես միավորով է հետ մնում առաջատարներից: 4-ական միավոր են վաստակել նաև Սերգեյ Տիվյակովը, Անտոն Դեմչենկոն, Թամիր Նաբատին, Սուրեն Պողոսյանը և Ավիտալ Բորուչովսկին:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ