Երեք հայ շախմատիստներ առաջատարներին հետապնդողների թվում են

Բաթումում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնության մասնակիցներն անցկացրին 5-րդ տուրի հանդիպումները: Նախորդ տուրում անհաջողության մատնված Մամիկոն Ղարիբյանը և Մարիամ Մկրտչյանը կրկին վերելքով հանդես եկան ու մրցաշարում 4-րդ հաղթանակները տոնելով, մոտեցան առաջատարներին:

Մինչև 12 տարեկան պատանիների Եվրոպայի այս տարվա չեմպիոնը սևերով 43-րդ քայլին պարտության մատնեց ԱՄՆ-ը ներկայացնող Այդին Թուրգուտին: Մամիկոնը 4 միավորով 8-րդ տեղում է և ընդամենը մեկ միավորով է զիջում երեք առաջատարներին:

Տարիքային այս խմբում 3 միավոր ունեցող Րաֆֆի Ղազարյանը պարտվեց բուլղարացի Մոմչիլ Պետկովին: Իսկ ահա Գոռ Գրիգորյանն ու Սևակ Մանուկյանը հաղթանակներ տանելով, ևս վաստակեցին 3-ական միավոր:

Մինչև 12 տարեկան աղջիկների մրցաշարում Մարիամ Մկրտչյանը հաղթելով ռուսաստանցի Եկատերինա Շեստակովային, 4 միավորով տեղափոխվեց 9-րդ հորիզոնական: Նա ընդամենը մեկ միավոր է զիջում աղյուսակը գլխավորող ռուսաստանցի ՖԻԴԵ-ի վարպետ Բիբիսարա Ասայբաևային, որին պարտվել էր նախորդ տուրում:

Աստղիկ Հակոբյանը մրցաշարում 2-րդ պարտությունը կրեց՝ զիջելով չինացի Յուքսին Սոնգին: Նա և Մարիետա Խաչատրյանը վաստակել են 3-ական միավոր: Վերջինս ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Մարիա Սովինայի հետ:

Մինչև 10 տարեկան տղաների մրցաշարում հայ շախմատիստներից առավել հաջող է հանդես գալիս Արսեն Դավթյանը, ով հաղթելով լեհ Բարտոշ Ֆիշերին, վաստակեց 3,5 միավոր: 3 միավոր ունեն Դավիթ Գասպարյանը և Էրիկ Հակոբյանը: Դավիթը հաղթեց, իսկ Էրիկը պարտվեց:

Մինչև 8 տարեկան տղաների մրցաշարում Նիկոլայ Հովյանը կրկին հաղթանակ տարավ ու վաստակեց 4 միավոր: Նրա մրցակիցը վրացի Նիկոլոզ Պերտայան էր: Հովյանը մեկ միավորով է հետ մնում աղյուսակը գլխավորող իրանցի Ալ-Աա Նուրիից: Ռուդոլֆ Փաշիկյանն ու Մենուա Հակոբյանը պարտվեցին: Նրանք 2,5-ական միավոր ունեն:

Առայժմ ավելի համեստ են մինչև 10  և 8 տարեկան աղջիկների մրցաշարի հայ մասնակիցների ցուցանիշները: Լավագույն արդյունքն ունի մինչև 10  տարեկանների մրցաշարին մասնակցող Սեդա Բադալյանը, ով հաղթելով Ֆրանսիան ներկայացնող Նանի Գագուային, վաստակել է 3 միավոր: Նա 44-րդ տեղում է: Անետա Ասկարյանն ու Թամար Գոգինյանը վաստակել են 2-ական միավոր: Անետան հաղթեց, իսկ Թամարը հաշտություն կնքեց մրցակցի հետ:

Իսկ ամենակրտսեր տարիքային խմբում Անգելինա Ղուկասյանը հաղթելով ավստրալացի Կատերինե Պանին, վաստակեց 2,5 միավոր: Սյուզաննա Առաքելյանը պարտվեց: Նա ունի 1,5 միավոր:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ