Յակուբ Կվիատովսկի. «Դանիայի դեմ Հայաստանը հիանալի է գործել»

Վարշավայում աշխատող VivaroNews.am-ի թղթակիցները զրուցել են Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մեդիա կենտրոնի ղեկավար Յակուբ Կվիատկովսկու հետ: Ինչպես պարզվեց, այստեղ շատ-շատերի մոտ դեռևս թարմ են 2007 թվականի հանդիպման վերաբերյալ հիշողությունները: Մերոնց հաղթանակն այդ օրը մինչև հիմա ցավ է պատճառում ցանկացած լեհի: Ուստի այսօրվա խաղին նրանք նպատակադրված են հաղթել:

– Ինչպիսի՞ն է տրամադրությունն ու տրամադրվածությունը թիմում:

– Ամեն ինչ հիանալի է: Թիմը հոգեպես ու ֆիզիկապես պատրաստ է խաղին: Մենք մեզ իհարկե, չենք համարում ֆավորիտ, որովհետև ֆուտբոլում ամեն ինչ կարող է պատահել: Տղաներն ուղղակի պետք է դուրս գան դաշտ ու անեն այն, ինչ հրահանգում է գլխավոր մարզիչը: Ամեն ինչ իդեալական անելու դեպքում կլինի հաղթանակ:

– Ի՞նչ կասեք Հայաստանի հավաքականի մասին:

– Համոզված եմ` թիմի մարզչական կազմն ուսումնասիրել է մրցակցի խաղաոճը: Միանգամից նշեմ, որ ուշադրություն չի դարձվել Հայաստան-Ռումինիա խաղի վրա, քանի որ այդ խաղը չի արտացոլում Հայաստանի հավաքականի ներկա ֆուտբոլը: Յուրաքանչյուր թիմ էլ կարող է հայտնվել նման իրավիճակում` 2-րդ րոպեին կարմիր քարտ ու 11 մետրանոց: Ձեր թիմը հիանալի է գործել Դանիացիների հետ: Ուստի ասել, որ հեշտ հանդիպում է սպասվում` սխալ կլինի:

– Երկու թիմերի կազմերում էլ կան կորուստներ…

– Այո, այնպես է ստացվել, որ մեր թիմում կորուստներն ահռելի են: Արկադիուշ Միլիկի բացակայությունը լուրջ հարված էր մեր թիմի համար: Նա շարքից դուրս է եկել մոտ 6 ամսով: Լուկաս Պիշչեկի բացակայությունը ևս կարող է լուրջ խնդիրներ բերել մեր թիմին: Բայց կան նրանց փոխարինող ֆուտբոլիստներ, ու մեր թիմը պատրաստ է: Հայաստանի համար Հենրիխ Մխիթարյանի կորուստը հավասարազոր է մեզ համար Լևանդովսկուն կորցնելուն: Առանց նրա ձեր թիմին դժվար կլինի:

– Չկա Մխիթարյանը: Ումի՞ց եք առավել մեծ վտանգի սպասում:

– Չէի ասի, որ ինչ որ ընդգծված մեկից վտանգի ենք սպասում: Առավելապես պետք է ուշադրություն դարձնել Հայաստանի հավաքականի եզրերին: Բացի դրանից, չպետք է հայերի հետ մտնել կոշտ պայքարի մեջ: Ձեր ֆուտբոլիստները վտանգավոր ու սուր կարող են գործել, և լեհերը ստիպված են լինելու խախտել կանոնները: Իսկ այս պահին մեր թիմից 5 ֆուտբոլիստ, այդ թվում և Լևանդովսկին, ունի դեղին: Զգուշացում ստանալու դեպքում նրանք բաց կթողնեն Ռումինիայի հետ հաջորդ խաղը:

– Ի՞նչ հաշվով կավարտվի հանդիպումը:

– Առհասարակ չեմ սիրում կանխատեսումներ անել: Բայց իմ կարծիքով այսպիսի պայմաններում 1-0 հաշիվն էլ մեծ հաղթանակ կլինի մեզ համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ