Որակազրկված ըմբիշի օլիմպիական ուղեգիրը տրվեց Դավիթ Սաֆարյանին

Ըմբշամարտի համաշխարհային միությունում երեկ քննարկվել է այս տարվա օլիմպիական վարկանշային մրցումներում մրցանակային տեղեր գրաված և դոպինգ ստուգումը չանցած մարզիկների հարցը և մի քանի մարզիկներ որակազրկվել են՝ հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

Հաստատվել է այն, որ Լեհաստանը ներկայացնող Մագոմեդմուրադ Գաջիևի և ուկրաինացի Անդրեյ Կվյատկովսկու արյան մեջ նորմայից բարձր է եղել մելդոնիումի պարունակությունը, ինչի պատճառով նրանք որակազրկվել են:

Հիշեցնենք, որ Գաջիևն ու Կվյատկովսկին Սերբիայի Զրենյանին քաղաքում կայացած Եվրոպա աշխարհամասի օլիմպիական վարկանշային մրցաշարի առաջին ու երկրորդ մրցանակակիրներն էին: Եվ քանի որ Սերբիայում Դավիթ Սաֆարյանը պարտվել էր Գաջիևին ու արժանացել բրոնզե մեդալի, ուստի մեխանիկորեն օլիմպիական ուղեգիրը նրան է փոխանցվել:

Այսպիսով՝ ազատ ոճի Հայաստանի հավաքականը ձեռք բերեց չորրորդ ուղեգիրը: Մինչև այս օլիմպիական ուղեգրերի էին արժանացել 57 կգ քաշային Գառնիկ Մնացականյանը, 97 կգ քաշային Գեորգի Կետոևը և 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն: Չորս ուղեգիր էլ նվաճել են հունահռոմեական ոճի ըմբիշները:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ