Ո՞րն է Մխիթարյանի լավագույն խաղային դիրքը

«Մանչեսթեր Յունայթեդի» վերջին ձեռքբերումը՝ Հենրիխ Մխիթարյանը, իր մարզական կարիերայի ընթացքում հանդես է եկել բազմաթիվ դիրքերում և թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին մի շարք տարբերակներ կառաջարկի՝ գրում է ակումբի պաշտոնական կայքը:

Երկրպագուները պետք է անհամբերությամբ սպասեն ու տեսնեն, թե Ժոզե Մոուրինյոյի կարծիքով՝ ո՛ր դիրքն է Մխիթարյանի համար ամենաարդյունավետը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: «Բորուսիայի» կազմում անցկացրած վերջին երեք մրցաշրջաններն ապացուցում են, որ Մխիթարյանն իր ամենաարդյունավետ խաղը ցուցադրում է փլեյմեյքերի դիրքում: Վերջին շրջանում նա պարբերաբար խաղացել է եզրերում՝ գրանցելով տպավորիչ ցուցանիշներ:

24 հանդիպում անցկացնելով աջ եզրում՝ Մխիթարյանը դարձել է 10 գոլի ու 17 գոլային փոխանցման հեղինակ: Մյուս թևում անցկացնելով 21 խաղ՝ նա դարձել է 12 գոլի ու նույնքան գոլային փոխանցման հեղինակ: Մխիթարյանը վեց հանդիպում է անցկացրել հարձակվողական կիսապաշտպանի դիրքում և միայն մեկ խաղ որպես կենտրոնական ենթահարձակվող: Այդ խաղը կայացել է հոկտեմբերին Մյունխենի «Բավարիայի» դեմ, երբ դորտմունդյան ակումբը պարտվեց 5:1 հաշվով: Այդ դիրքում հայ ֆուտբոլիստի խաղն ամբողջությամբ չցուցադրեց նրա կարողությունները: Ադնան Յանուզայը «Բորուսիա» տեղափոխվեց հենց այդ բացը լրացնելու համար:

2014/15 մրցաշրջանում Մխիթարյանն աջ եզրում ավելի շատ է խաղացել(22), քան ձախ եզրում(16), սակայն Գերմանիայում անցկացրած իր ելույթների ընթացքում նա պարբերաբար հանդես է եկել կենտրոնական հարձակվողական կիսապաշտպանի դիրքում: Դորտմունդյան ակումբում նա հանդես է եկել նաև որպես խորքային կիսապաշտպան, սակայն նրա առանձնահատկությունն ստեղծագործական կարողությունն է, հարձակվողական մտածելակերպը:

Այնուամենայնիվ, վերջին տարիների իր ելույթները նրան դարձրել են լայն կիրառելի կիսապաշտպան: «Շախտյորում» հանդես գալու տարիներին նա, կարելի է ասել, կենտրոնական ենթահարձակվող էր: Ահա հենց այդ թիմում է Մխիթարյանը ձեռք բերել իր հարձակվողական հոտառությունն ու ունակությունները:

Հավաքականի մակարդակով նրա ունիվերսալությունը դառնում է ավելի ակնբախ: Ակնհայտ է, որ Հայաստանի հավաքականի առաջատարն ու ավագը մեծ պատասխանատվություն է կրում իր ուսերին, սակայն կայուն դիրք չունի: Հավաքականի կազմում իր վերջին չորս խաղերում Մխիթարյանը հանդես է եկել տարբեր դիրքերում՝ հարձակվողական կիսապաշտպան, կենտրոնական կիսապաշտպան, ձախեզրային և աջեզրային կիսապաշտպան: Առավելապես ելույթ ունենալով կիսապաշտպանության դիրքում՝ Դանիայի հավաքականի դեմ 2013 և 2014թթ. կայացած խաղերում նա հանդես է եկել որպես կենտրոնական հարձակվող:

Մի բան, որ հստակ է, այն է, որ Մոուրինյոն Մխիթարյանին չի տեսնի որպես կենտրոնական հարձակվող, այլ ավելի շատ ենթահարձակվող, ով կարող է գործել հարձակման տարբեր թևերում նույն բարձր արդյունավետությամբ: Մխիթարյանը մշտապես պատրաստ է լինելու մարզչի հրահանգներին՝ գրոհին տեմպ տալու ու իր առանձնահատուկ հետախուզական գործողություններին դիմելու համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ