Vivaro News-ը 1 տարեկան է

Վիվառո Նյուզն այսօր նշեց իր մեկամյակը: Ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին սկիզբ առավ հավակնոտ մի նախագիծ, որը նպատակ ուներ հայ մարզասեր ընթերցողներին մատուցել ամենակարևորն ու ամենահետաքրքիրը սպորտի ընդարձակ ու բազմազան աշխարհից:

Մեր նպատակն էր տպագիր մամուլի ճգնաժամի ու րոպեական զարգացող համացանցային լրատվության աշխարհում հայ ընթերցողին հասցնել այն, ինչ առանձնապես հետաքրքիր ու օգտակար կլինի սպորտի աշխարհից: Հիմա արդեն հպարտությամբ փաստում ենք, որ մենք կարողացանք ըմբռնումով ընդունել շուկայի պահանջները ու ստեղծել հարուստ և հետաքրքիր լսարան: Մեր մեկամյա աշխատանքը հնարավորություն է տվել մեզ մեր ընթերցողին մատուցել ամենահետաքրքիրը սպորտի աշխարհից ու ստեղծել փոխադարձ բացահայտումների հետաքրքրաշարժ հարաբերություններ, որը և հենց գլխավոր նվաճումներից մեկն է մեզ համար: Մենք ցանկանում ենք միասին հասկանալ սպորտի այն հրաշալի կողմը, որը սիրում ենք բոլորս ու երկրպագում… միասին:

Ուրախ ենք, որ մեր մեկամյակը զուգորդվեց Օլիմպիական խաղերում հայկական թիմի փայլուն հաջողություններով` Արթուր Ալեքսանյանի ոսկե մեդալով և երեք արծաթներով, որոնք բոլորիս համար նույն ոսկու փայլով շողացին: Հուսով ենք` բախտ կունենանք շարունակելու լուսաբանել հայ մարզիկների մեծագույն հաջողությունները միջազգային ասպարեզում անհատական և թիմային մակարդակում:

Մենք ևս, որպես մարզասեր հանրության հետ աշխատող թիմ, ունեցել ենք մեր հաջողություններն ու նվաճումները, աճել որպես թիմ թե որակապես, և թե քանակապես: Մեր մեծ նվաճումներից է VMag ամսագրի 11 համարները, Vivaro News լրատվական հաղորդումը Armnews-ի եթերում, և իհարկե, Vivaronews.am կայքի առաջխաղացումը Vivaro News և Vivaro News – Olympics ֆեյսբուքյան էջերի միջոցով:

Մեր ծննդյան մեկամյակի առիթով մենք ունենք նվերներ հայ մարզասերներին: Հայկական ֆուտբոլի սիրահարների համար մենք թողարկել ենք Բարձրագույն խմբի 2016/17 մրցաշրջանին նվիրված ուղեցույց, որում կան բոլոր 6 թիմերի հայտացուցակները և հետաքրքիր վիճակագրություն Հայաստանի առաջնության մասին: Ուղեցույցները տպագիր տարբերակով կարող եք ձեռք բերել` Բարձրագույն խմբի խաղերի ժամանակ մոտենալով մարզադաշտում մեր լրագրողներին: Բացի այդ, ուղեցույցները կարող եք ձեռք բերել ք. Երևան, Տիգրան Մեծ 2, Իսահակյան 41 և Հին Երևանցու 2/5 հասցեներում գտնվող Վիվառո սպորտ բարերից: ՄԵր մյուս նվերը` օգոստոսի 26-ի, լույս 27-ի գիշերը Վիվառո Նյուզը 3 ավտոբուսներով կազմակերպելու է մարզասերների տեղափոխությունը Զվարթնոց օդանավակայան, որտեղ դիմավորելու ենք Օլիմպիական խաղերից հաղթանակով վերադարձող մեր հերոս-մարզիկներին: Հավաքվում ենք Տիգրան Մեծ 2 հասցեում գտնվող Վիվառո սպորտ բարի հարևանությամբ և դրոշներով ու բարձր տրամադրությամբ ուղևորվում օդանավակայան: Սպասում ենք բոլորիդ:

Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր ընթերցողներին վստահության համար: Մեզ համար շատ կարևոր է շարունակել աշխատանքը ձեր պահանջներին զուգընթաց, և հուսով ենք նաև, որ մեր մարզիկները միշտ կպարգևեն հիասքանչ պահեր` միասին դրանք նշելու համար:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ