Viva la Fiesta. Լիոնել Կրույֆը կամ մի 11 մետրանոցի պատմություն

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրը ևս ավարտվեց: Կայացած խաղերում նկատվեց Պրիմերային հատուկ օրինաչափություն՝ «Ռեալն», «Ատլետիկոն» ու «Բարսան» հաղթում են, մյուսները իրար հետ կռիվ տալիս միավորների համար: Viva la Fiesta բլոգը հերթական անգամ կներկայացնի տուրի կարևորագույն իրադարձությունները և հետաքրքիր փաստեր՝ թիմերի ու ֆուտբոլիստների մասին:

Տուրի հետաքրքիր խաղերը

1. Մեսիի հանճարը. 11 մետրանոց, որ դեռ երկար կհիշվի

MESSISUAREZ_3575047k

«Բարսելոնա» – «Սելտա»: Առաջին հայացքից ոչինչ չասող խորագիր, եթե իհարկե ծանոթ չեք առաջին շրջանում երկու թիմերի միջև կայացած հանդիպման հաշվին: Այն ժամանակ «Սելտան» ջախջախեց «Բարսային» 4-1 հաշվով, ու այս անգամ պետք էր վրեժ լուծել: Մեսին, Սուարեսն ու Նեյմարն անցան գործի: 28-րդ րոպեին Լեոն բացեց խաղի հաշիվը, սակայն Ջոն Գուիդետին հավասարեցրեց հաշիվը 11 մետրանոցից: Բայց սա այս խաղի ամենակարևոր 11 մետրանոցը չէր: Նախ երկրորդ կեսում Սուարեսը առաջ մղեց իր թիմին, իսկ 81-րդ րոպեին Մեսիի աստեղային ժամի մեկնարկն էր: 11 մետրանոց: Լեոն մոտենում է գնդակին: Կարծես սովորական երևույթ էր, մինչև այն պահը, երբ նա որոշեց կրկնել Յոհան Կրույֆի հայտնի 11 մետրանոցը և հարվածելու փոխարեն փոխանցում կատարել: Սուարեսն էլ մեծ հաճույքով օգտվեց այդ նվերից: Խաղավերջում մեկական անգամ աչքի ընկան նաև Ռակիտիչն ու Նեյմարը: Հիանալի հաղթանակ՝ գեղեցիկ գոլերով:

2. Ռոնալդուն հետ չի մնում. պորտուգալացու դուբլը վճռորոշ եղավ

Մադրիդի «Ռեալը» Կլասիկո էր անցկացնում «Բեռնաբեուում»՝ մրցելով «Ատլետիկի» հետ: Արդեն 3-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն հիանալի հարվածով առաջ մղեց իր թիմին: Քիչ անց Ռաֆայել Վարանը մանկական սխալ թույլ տվեց, ինչից օգտվեց Էրասոն ու հավասարեցրեց հաշիվը: Մինչև ընդմիջում նախ Խամես Ռոդրիգեսը դարձավ շատ գեղեցիկ գոլի հեղինակ (նա այլ կերպ չի էլ կարողանում գոլ խփել), իսկ հետո Տոնի Կրոսը մեծացրեց Զիդանի թիմի առավելությունը: Երկրորդ կեսում Կրիշտիանուն ևս մեկ անգամ ստիպեց Իրայսոսին գնդակը հանել սեփական դարպասից: Թվում էր, այդպես էլ խաղը կավարտվի, բայց Էլուստոնդոյին հաջողվեց գլխի հարվածով գրավել Նավասի դարպասը: «Ռեալը» վստահ հաղթանակ տարավ ու բարձր տրամադրությամբ կմոտենա «Ռոմայի» հետ առաջիկա խաղին:

3. Չերիշևը հաղթանակ է բերում Գարի Նևիլին՝ «փրկարարական օղակ» նետելով խեղդվող բրիտանացուն

«Վալենսիան» հաղթանակ է տանում: Այո, դուք ճիշտ եք կարդացել նախորդ նախադասությունը: «Վալենսիան» կամային հաղթանակ տարավ «Էսպանյոլի» հետ խաղում, որը ևս վերջին տուրերի անհաջողակների թվին է դասվում: Դուարտեն առաջ էր մղել «թութակներին», բայց Մադրիդի «Ռեալից» «Վալենսիա» ներգաղթած երկու ֆուտբոլիստներ՝ Ալվարո Նեգրեդոն ու Դենիս Չերիշևը, կարողացան հետ բերել կորցրածն ու հաղթանակ պարգևել թիմին: Կարծես, Չերիշև, որ խորտակել էր «Ռեալի» հույսերը «Արքայական գավաթում», ծովի հատակին այն փնտրելիս այնտեղից դուրս բերեց խորտակվող Գարի Նևիլին:

4. «Ռեալ Սոսյեդադի» վերածնունդը

«Ռեալ Սոսյեդադը» միշտ էլ քիչ թե շատ հաջող ելույթներ էր ունենում Իսպանիայի առաջնությունում վերջին տարիներին, բայց այս մրցաշրջանում թիմի գործերն այնքան էլ հաջող չէին դասավորվում: Բայց պարզվեց, որ պակասող մասնիկը Կարլոս Վելան էր, ում վերադարձով թիմը կարծես նոր շունչ է հավաքել ու մեկը մյուսի հետևից հաղթանակներ է տանում: Այս անգամ էլ բասկյան մեքենայի տակ ընկավ «Գրանադան», որը նախորդ տուրում արժանիորեն պայքարեց «Ռեալի» հետ: Այս անգամ չստացվեց: Օյարսաբալը դուբլ ձևակերպեց, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ջոնատասը: Կարլոս Վելան էլ երկու գոլային փոխանցում կատարեց: Այս հաղթանակներից հետո «Ռեալ Սոսյեդադը» բարձրացավ 10-րդ հորիզոնական ու եթե այսպես շարունակի, Սակրիստանի թիմը կկարողանա պայքարել նույնիսկ Եվրոպա լիգայի ուղեգրերի համար:

5. Տանջված հաղթանակ՝ «Ալֆոնսո Պերեսում». «Ատլետիկոն» չի արգելակում

Մինչ «Ռեալն» ու «Բարսելոնան» փորձում են տարբեր հարթությունների վրա պարզել, թե ով է ավելի ուժեղ, «Ատլետիկոն» սուս-փուս միավորներ է վաստակում: Այս անգամ էլ Դիեգո Սիմեոնեի թիմը մրցում էր «Խետաֆեի» հետ, որի մարզադաշտը համարվում է վատագույն վայրերից մեկը արտագնա խաղ անցկացնելու համար՝ հաշվի առնելով խոտածածկի վատ որակն ու դաշտի փոքր չափերը: Դեռ խաղի սկզբից էլ ակնհայտ էր, որ շատ գոլեր չեն լինի: Եվ այդ տեսությունն ապացուցվեց խաղով: Միակ գնդակը արդեն 2-րդ րոպեին հեղինակեց Ֆերնանդո Տորեսը: «Ատլետիկոն» շարունակում է չեմպիոնական պայքարը:

9 հետաքրքիր փաստ

  • Լուիս Սուարեսը Եվրոպայի ԹՈՓ-5 առաջնություններում գոլ+փոխանցում համակարգի բացարձակ առաջատարն է՝ 23 գոլ ու 8 գոլային փոխանցում:
  • «Վիլյառեալը» երկրորդն է Եվրոպայում մեկ խփած գոլին բաժի շնորհիվ միջինում վաստակած միավորների քանակով՝ 1,60 միավոր՝ մեկ գոլին: Առաջատարը «Ինգոլշտադտն» է՝ 1,86 միավորով:

CbP-pffWIAE6k-8

  • 2009/10 մրցաշրջանից սկսած Ռոնալդուն ու Մեսին գրանցել են հետևյալ ցուցանիշները. Ռոնալդու՝ 246 գոլ, 73 փոխանցում, Մեսի՝ 245 գոլ և 92 փոխանցում: Այ սա արդյունավետություն է:
  • Մեսին 36 անգամ այս մրցաշրջանում տուգանային հարվածներ է իրականացրել՝ խփելով 5 գոլ: Լավագույն ցուցանիշը՝ բոլոր մրցաշարերում:
  • Մադրիդի «Ատլետիկոն» 15-րդ անգամ դաշտից հեռացավ առանց գոլ բաց թողնելու: Դե կռահեցիք, որ ԹՈՓ-5 մրցաշարերում սա լավագույն ցուցանիշն է: #Օբլակ
  • Ո՞վ է Եվրոպայում հանդես եկող ամենաարդյունավետ իսպանացի ֆուտբոլիստը: Դիեգո Կոստա՞ն, Տորե՞սը: Ոչ: Դա «Էյբարի» ֆուտբոլիստ Բորխա Բաստոնն է: Նա խփել է 16 գոլ:
  • Պատմության մեջ առաջին անգամ «Դեպորտիվոն» 5 անընդմեջ խաղ ավարտել է ոչ-ոքի արդյունքով: #Կայունություն
  • ԹՈՓ-5 առաջնություններում Խամես Ռոդրիգեսը ամենաշատ գոլերն է խփել տուգանային հրապարակից դուրս կատարված հարվածներով՝ հաշված այն օրվանից, երբ նա դարձավ «Ռեալի» ֆուտբոլիստ: 9 գոլ՝ 76 կատարած հարվածի դեպքում:

  • «Ատլետիկը» Մադրիդում «Ռեալի» հետ անցկացրած վերջին 12 խաղերից 10-ում գոնե մեկ անգամ դարձել է գոլի հեղինակ: Այսպիսի արդյունավետությամբ քչերը կարող են հպարտանալ:

Տուրի լավագույն գոլերը

Կրիշտիանու Ռոնալդու / «Ռեալ Մադրիդ»  – «Ատլետիկ» / ԴԻՏԵԼ ԱՅՍՏԵՂ

Լիոնել Մեսի / «Բարսելոնա»  – «Սելտա» / ԴԻՏԵԼ ԱՅՍՏԵՂ
Խամես Ռոդրիգես / «Ռեալ Մադրիդ»  – «Ատլետիկ» /ԴԻՏԵԼ ԱՅՍՏԵՂ
Էվեր Բանեգա /«Սևիլիա»  – «Լաս Պալմաս» / ԴԻՏԵԼ ԱՅՍՏԵՂ

 

Տուրի լավագույն սեյվը

Դիեգո Ալվես / «Վալենսիա» – «Էսպանյոլ» / ԴԻՏԵԼ ԱՅՍՏԵՂ

Տուրի լավագույն ֆուտբոլիստ՝ ըստ Լա Լիգայի

Միկել Օյարսաբալ – «Ռեալ Սոսյեդադ»

Տուրի լավագույն թիմն՝ ըստ Vivaro Fantasy-ի

e3c0b6ca-730b-4156-a16b-6f6543afa2ea

Գևորգ Լոռեցյան

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ