Վիկտորինայի արդյունքներ. Ինչքան լավ եք հետևել Հենրիխ Մխիթարյանի ելույթներին Եվրոպայում

Վիվառո Նյուզը ամփոփում է Հենրիխ Մխիթարյանի եվրոպական կարիերային նվիրված վիկտորինայի արդյունքները` ներկայացնելով ճիշտ պատասխանները, ինչպես նաև հաղթողներին, որոնք կստանան ուկրաինական Океан Ельзи խմբի երևանյան համերգի տոմսեր:

Ճիշտ պատասխաններ

1.Որ մրցաշրջանի ընթացքում է Մխիթարյանը ցույց տվել իր լավագույն գոլային արդյունավետությունը՝ մեկ խաղում միջինը խփելով 0.7 գոլ:

Ճիշտ պատասխան` 2012/13

Շատերին թվում էր, թե 2015/16-ը Հենրիխ Մխիթարյանի ամենաարդյունավետ մրցաշրջանն է, ու դա հեռու չէ իրականությունից: Սակայն եթե ավարտված մրցաշրջանում Հենոն փայլում էր որպես գոլային փոխանցումներ կատարող ֆուտբոլիստ, ապա 2012/13 մրցաշրջանում հայազգի ֆուտբոլիստը Շախտյորում իրեն երաշխավորել էր որպես սուպեր-գոլահար` 41 խաղում դառնալով 29 գոլի հեղինակ: Նույն տարում Մխիթարյանը ճանաչվեց Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկու, իսկ ամռանը տեղափոխվեց Դորտմունդ:

2.Որ մրցաշրջանում է Մխիթարյանն անցկացրել 2992 րոպե՝ այդ ընթացքում ստանալով 7 դեղին քարտ:

Ճիշտ պատասխան` 2014/15

Հենրիխ Մխիթարյանի եվրոպական կարիերայում վատագույն մրցաշրջանը 2014/15-ն էր, երբ նա մասնակցեց ընդամենը 41 խաղի, միայն 32-ում հայտնվելով մեկնարկային կազմում, ու խաղալով ընդամենը 2992 րոպե: Չնայած դրան` Մխիթարյանն արձանագրեց 7 դեղին քարտ մրցաշրջանի ընթացքում, ինչը վատագույն կարգապահական ցուցանիշն է հայ ֆուտբոլիստի կարիերայում:

3.Ո՞ր մրցաշրջանում է Մխիթարյանը բոլոր խաղերին մասնակցել իր թիմի մեկնարկային կազմում:

Ճիշտ պատասխան` 2010/11

Հենրիխ Մխիթարյանն իր եվրոպական մրցաշրջանի առաջին ակումբում` Դոնեցկի Մետալուրգում բոլոր հանդիպումներին մասնակցել է թիմի մեկնարկային կազմում, ոչ մի անգամ փոխարինման չի մտել: Դա տեղի է ունեցել ինչպես 2009/10 մրցաշրջանի երկրորդ կեսում, այնպես էլ 2010/11 մրցաշրջանի առաջին հատվածում:

4.Ո՞ր մրցաշրջանում է Մխիթարյանը անցկացրել ամենաշատ հանդիպումները:

Ճիշտ պատասխան` 2015/16

2015/16 մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանի համար հաջող էր ոչ միայն իր փայլուն մարզավիճակի, այլև վնասվածքների սակավության առումով: Արդյունքում Հենրիխը կարողացավ առավելագույն թվով խաղեր անցկացնել այս մրցաշրջանի ընթացքում` 51:

5.Ո՞ր մրցաշրջանում է Մխիթարյանը մասնակցել 36 խաղի, դարձել 13 գոլի հեղինակ:

Ճիշտ պատասխան` 2011/12

Հենրիխ Մխիթարյանը իր եվրոպական մրցաշրջանների ընթացքում 2 անգամ խփել է 20 գոլից ավելի, դա 2012/13 և 2015/16 մրցաշրջաններն են եղել: Դրանից քիչ նա խփել է 2011/12-ին և 2013/14-ին` 13-ական գնդակ: Սակայն 36 խաղ մեկ մրցաշրջանի ընթացքում` սա շատ փոքր ցուցանիշ է Գերմանիայի առաջնության համար, իսկ ահա Ուկրաինայում սա շատ հավանական ցուցանիշ է, ուստի կարելի էր գլխի ընկնել, որ դա եղել է հենց 2011/12 մրցաշրջանը:

6.Որ մրցաշրջանում է Մխիթարյանը գրանցել իր առաջին հեթ-տրիքը Եվրոպայում:

Ճիշտ պատասխան` 2012/13

Հենրիխ Մխիթարյանն իր կարիեայի ընթացքում 5 անգամ դարձել է հեթ-տրիքի հեղինակ: 2 անգամ դա եղել է Հայաստանի առաջնությունում, 1 անգամ երիտասարդական հավաքականում: Եվս 2 հեթ-տրիք նա ունի իր հաշվին արտասահմանյան ակումբներում: Բոլորի հիշողություններում թարմ է ավարտված մրցաշրջանի սկզբին Հենոյի գոլային հրավառությունը Եվրոպա լիգայում, սակայն նա իր առաջին հեթ-տրիքը եվրոպական կարիերայում արձանագրել էր ավելի շուտ` 2012/13 մրցաշրջանում` Շախտյորի կազմում գրավելով Չեռնոմորեցի դարպասը:

7.Որ մրցաշրջանում է Հենրիխ Մխիթարյանը նվաճել ամենաշատ տիտղոսներ՝ 3-ը:

Ճիշտ պատասխան` 2012/13

Հենրիխ Մխիթարյանը, ցավոք, չհասցրեց մասը դառնալ Բորուսիայի փառահեղ տարիների, ու դորտմունդյան ակումբի հետ նվաճեց ընդամենը 2 տիտղոս` երկուսն էլ Գերմանիայի սուպերգավաթը: Հայ ֆուտբոլիստը ավելի հաջողակ էր Ուկրաինայում: 2012/13թ. Շախտյորը նվաճեց բոլոր տիտղոսները Ուկրաինայում` առաջնությունը, գավաթը, սուպերգավաթը: Հենց դա էր ամենաարգասաբեր տարին Մխիթարյանի համար:

8.104 խաղ, 46 գոլ, 17 դեղին քարտ: Ո՞ր ակումբում է Մխիթարյանը գրանցել այսպիսի արդյունք:

Ճիշտ պատասխան` Շախտյոր

Հենրիխ Մխիթարյանն իր եվրոպական ակումբների շարքում ամենաշատ գոլերը խփել է Շախտյորում, իսկ 46-ը կիսապաշտպանի համար փոքր թիվ չէ, ուստի դժվար չէր գլխի ընկնել, որ ցուցանիշը վերաբերում է դոնեցկյան ակումբին: Նշենք, որ Մետալուրգում Հենոն խփել է 16, իսկ Բորուսիայում` 40 գնդակ:

9.Որ ակումբում է Մխիթարյանը արժանացել կարմիր քարտի:

Ճիշտ պատասխան` Ոչ մի

Հաճելի փաստ է, որը քչերը գիտեն. Հենրիխ Մխիթարյանը դեռ երբեք արտասահմանյան ակումբներում կարմիր քարտ չի ստացել:

10.38 խաղ, 4 գնդակ, 6 դեղին քարտ: Ո՞ր մրցաշարում է Մխիթարյանը գրանցել այսպիսի արդյունք:

Ճիշտ պատասխան` Չեմպիոնների լիգա

Գերմանիայի գավաթում Հենրիխ Մխիթարյանը 2015/16 մրցաշրջանի ռմբարկուն էր 2 գոլով, իսկ Եվրոպա լիգայում կրկին ավարտված մրցաշրանում Հենոն փայլում էր գոլերով: Մնացած երկու տարբերակներն էին Ուկրաինայի գավաթն ու Չեմպիոնների լիգան, սակայն խաղերի շատ փոքր քանակի պայմաններում դժվար էր ենթադրել, որ Հենոն այս մրցաշարում մասնակցած կլինի 38 խաղի: Ուստի, պարզ է դառնում որ դա Չեմպիոնների լիգան է:

Մրցույթի արդյունքներ

Մրցույթի արդյունքներով առաջին 3 տեղերը զբաղեցրել են հետևյալ մասնակիցները.

1.Մացակ Մինոսյան – 8 միավոր
2.Շահեն Բալյան – 7
3. Միքո Գրիգորյան – 7

Հաղթողներին խնդրում ենք կապ հաստատել Vivaro News ֆեյսբուքյան էջի հետ: Մյուս մասնակիցներին մաղթում են հաջողություն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ