Վարուժան Սուքիասյան. «Եթե հավաքականում նման ծանր վիճակ չլիներ, ես հաստատ հրաժարական կտայի»

Աշխարհի առաջնության որակավորման փուլի Հայաստան – Ռումինիա խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը պատասխանեց լրագրողների հարցերին.

-Արդյոք չեք պատրաստվում հրաժարական տալ:

-Եթե հավաքականում նման ծանր վիճակ չլիներ, ես հաստատ հրաժարական կտայի:

-Երկրպագուները պահանջում էին հավաքական հրավիրել Յուրա Մովսիսյանին, միթե նա հավաքականի մակարդակի խաղացող չէ, իսկ Վարդան Պողոսյանը հավաքականի մակարդակի խաղացող է:

-Ես պայմանավորվածություն ունեի նրա հետ հանդիպելու, իսկ նա չեկավ:

-Իսկ ինչ ծանր վիճակի մասին է խոսքը:

-Դուք կարողացել եք հաշվել, թե քանի խաղացող ենք կորցրել վնասվածքների պատճառով: Իսկ վերջին պահին էլ մեր հարձակվողը վնասվածք ստացավ: Երրորդ րոպեին էլ թիմը մնաց 10 հոգով:

-Ինչպես կգնահատեք խաղը:

-Իհարկե, նրանք ուժեղ էին: Բայց մենք էլ նման բանի պատրաստ չէինք: Տղաները չկարողացան, դեռ չէինք հասցրել ուշքի գալ, երկրորդ, երրորդ գոլն ընդունեցինք: Ամեն դեպքում, ես ողջ մեղքը վերցնում եմ իմ վրա: Ուղղակի, այս պահին ես չեմ կարող լքել թիմն այս վիճակում: Եթե ՀՖՖ-ն պահանջի, իհարկե, հրաժարական կտամ, բայց այնքան տղամարդկություն ունեմ, որպեսզի մնամ ու թիմին հանեմ այս վիճակից:

-Դժգոհ են բոլորը, թե երկրպագուները, թե նույնիսկ ֆուտբոլիստները: Ինչպես եք պատրաստվում մոտիվացնել նրանց:

-Տեսնենք: Միթե այժմ նման հարցեր տալու ժամանակն է: Այս վատ մթնոլորտը, որ տիրում է Ձեր մեջ, հենց այս պատճառով է, որ թիմի ֆուտբոլիստները վնասվածքներ են ստանում: (Լրագրողները ծափարություններով պատասխանեցին` խմբ.):

-Առջևում Լեհաստանի հավաքականի խաղն է, իսկ մենք երկու ֆուտբոլիստ կորցրեցինք: Ինչպես է նրանց վիճակը:

-Գաելը վնասվածք չուներ, ուղղակի կոպիտ սխալից հետո չցանկացավ շարունակել խաղը: Իսկ Կադիմյանի վնասվածքը լուրջ է:

-Ինչն էր խնդիրը, որ պաշտպանությունում բարձիթողի վիճակ էր:

-Դանիայի դեմ խաղին նախընտրեցի 5 պաշտպանով խաղալ: Այստեղ, կարծելով, որ կարող ենք որոշակի առավելություն ունենալ, 4 պաշտպան խաղացրեցինք ու սխալվեցինք: Կրկնում եմ, տղաների մեղքը ես վերցնում եմ իմ վրա:

-Ամեն դեպքում, որոնք են Ձեր հետագա անելիքները: Երեկ նշեցիք, որ ամեն ինչ կտեսնենք խաղից հետո, հիմա կրկին ասում եք, որ դեռ կտեսնենք:

-Հստակ քայլերը ֆուտբոլիստների ապաքինումն է վնասվածքներից, որպեսզի կարողանանք նորմալ խաղ կառուցել:

-Լեհաստանի խաղին, բնականաբար, կազմը հիմնովին փոխել չեք կարող: Արդյոք պատրաստվում եք հետագայում արմատական փոփոխություններ անել թիմի կազմում:

-Հաջորդ խաղերին արդեն մեր ֆուտբոլիստները կապաքինվեն վնասվածքներից:

-Ինչ սպասելիքներ ունեք Լեհաստանի խաղից:

-Կարևորը տղաներին այս վիճակից հանել, մարտական ոգին վերականգնել:

-Արդյոք Դուք վստահություն ունեք, որ այդ ամենը կհաջողվի անել:

-Իհարկե:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ