Վարուժան Սուքիասյան. «Մինչև երեկ բանակցություններ ենք վարել ՄՅՈՒ-ի հետ, սակայն Մխիթարյանին բաց չեն թողել»

Աշխարհի առաջնության որակավորման փուլի Հայաստան – Ռումինիա հանդիպմանն ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը պատասխանեց լրագրողների հարցերին.

-Հենրիխ Մխիթարյանի ներկայությունը հոգեբանական մեծ ազդեցություն ունի թիմի համար, ինչպե՞ս եք լրացնելու այդ բացը:

-Հարցը տեղին է, բայց սա կոլեկտիվ խաղ է: Ֆուտբոլիստները տրամադրված ու պատրաստ են հանդիպմանը, պետք է անմնացորդ նվիրվեն խաղին:

-Մխիթարյանի վնասվածքի մասին ակումբը տեղեկացրել էր միայն նամակով, արդյո՞ք ՀՖՖ-ն չունի պայմանավորվածություն, որ ֆուտբոլիստը պետք է Հայաստան ժամաներ ու զննվեր այստեղ:

-Ճիշտն ասած, այդ հարցին ավելի ճիշտ կպատասխանեն ՀՖՖ ներկայացուցիչները, բայց գիտեմ որ համապատասխան աշխատանքներ տարվել են:

-Արդյո՞ք Դուք շփվել եք Հենրիխ Մխիթարյանի հետ, ինչպիսին է նրա դիրքորոշումը` ակումբի կողմից հավաքական մեկնելու թույլտվություն չտալու հետ կապված:

-Մինչև երեկ շփվել ենք Հենրիխ Մխիթարյանի հետ ու բանակցություններ ենք վարել ակումբի հետ, սակայն երեկ ևս բժիշկները զննել են նրան ու թույլ չեն տվել:

-Նախորդ խաղերի համեմատ հավաքական եք հրավիրել ավելի քիչ քանակությամբ հարձակվողներ: Ինչպե՞ս եք առաջիկա խաղում գնահատում մեր հավաքականի հարձակողական ներուժը:

-Ես դիտում եմ բոլոր ֆուտբոլիստներին, ու հնարավոր չէ ինչ-որ մեկին իմ աչքից բաց թողնեմ: Ամեն ինչ ցույց կտա վաղվա խաղը: Պետք է ճշմարտությունը ասել, շատ հարձակվողներ կան, բայց նրանց մեծ մասը չեն խաղում իրենց թիմերում, պրակտիկա չունեն, նման հանդիպումներում չեն կարողանում ցուցադրել իրենց լավագույնը: Այնպես որ, մեր առաջնությունում խաղային պրակտիկա ունեցողներն իմ կարծիքով ավելի լավ ֆուտբոլ կխաղան:

-Ի՞նչքանով Արաս Օզբիլիսը կկարողանա օգնել թիմին, չէ որ նա վերջերս չի խաղում:

-Կարծում եմ, Օզբիլիսի խաղային որակները և փորձը թույլ կտան նրան օգտակար լինել թիմին:

-Արդյո՞ք Մխիթարյանի բացակայությունը մյուս ֆուտբոլիստների համար խթան չի հանդիսանա, որպեսզի ավելի նվիրված գործեն, ինչպես դա, օրինակ, եղավ Պորտուգալիայի հավաքականի հետ ԵՎՐՈ-2016-ի եզրափակչում:

-Ինչ խոսք, մարզական բախտը մի փոքր երես է թեքել մեզանից, բայց ունենք այն ինչ ունենք, սպասենք մինչև վաղը:

-Ինչպիսի՞ն է սպասելիքները Ռումինիայի դեմ խաղից:

-Ես լավատեսորեն եմ տրամադրված, տղաներն էլ, կարծում եմ, նույն տրամադրությունն ունեն: Մարզական ոգին, ամեն դեպքում, չի բացակայում: Նման հարցերի պատասխանները կտա վաղվա խաղը:

-Ի՞նչ կարծիք ունեք Ռումինիայի հավաքականի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Դաումի մասին:

-Փորձառու մարզիչ է, շատ թիմեր է ղեկավարել, մասնագիտական որակների մասին խոսելն ավելորդ է:

-Արդյո՞ք ոչ-ոքի արդյունքը կբավարարի մեզ:

-Դուք պետք է պատասխանեք: Խաղի ընթացքը ցույց կտա, թե ինչը մեզ համար բավարար կլինի:

Ակնկալում եմ, որ բոլորդ կթուլացնեք այս լարվածությունը հավաքականի հետ կապված, և կաջակցեք հավաքականին, նրանք ոգևորման կարիք ունեն:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ