Վարուժան Սուքիասյան.«Հայրապետյանը չի միջամտելու հավաքականի կազմի ընտրությանը»

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը Ֆուտբոլ + շաբաթաթերթին տված հարցազրույցում անդրադարձել է առաջատար ֆուտբոլիստների ազգային թիմ չհրավիրվելու՝ մեծ աղմուկ հանած թեմային:

Եʹվ ֆեդերացիայի նախագահը, ևʹ գլխավոր մարզիչն իրոք իրենց թշնամին չեն, որ այդպիսի որակներ ունեցող ֆուտբոլիստներին հավաքական չհրավիրեն: Բայց եթե որևէ ֆուտբոլիստ խախտի խաղային, կենցաղային կարգապահությունը, ամբողջովին չնվիրվի խաղերին, անձամբ ես այդպիսի ֆուտբոլիստին չեմ ընդգրկի հավաքական, թեկուզ լինի Ռոնալդուն: Ես անուններ չեմ տալիս, բայց այն ֆուտբոլիստների առումով, ովքեր կարող են օգնել հավաքականին և կբավարարեն վերը նշված իմ պահանջներին ու լավ մարզավիճակում կլինեն, ֆեդերացիայի նախագահի հետ մենք այնպիսի հարաբերությունների մեջ ենք, որ կքննարկենք ու ընդհանուր հայտարարի կգանք:

Շատ է շահարկվում ֆեդերացիայի նախագահի անունը: Ես միայն մի բան կարող եմ ասել. ընդհանրապես նա ֆուտբոլիստների ու կազմի ընտրության հարցում բացարձակ չի միջամտում ու չի էլ միջամտելու: Նա ոչ մի պրոբլեմ չի թողնում մեզ կապված ուսումնամարզական հավաքների, ֆինանսական խնդիրների, կենցաղային հարցերի հետ: Ինչ ասում ենք կամ խնդրում ենք, անմիջապես կատարվում է: Օր ու գիշեր նա բանակցությունների մեջ է: Անուններ չեմ տալիս, բայց մի քանի ֆուտբոլիստների հարցով հետաքրքրված է, օգտագործում է իր կապերն ու հնարավորությունները և որևէ առիթ բաց չի թողել: Բացի այդ, ես կցանկանայի, որ որոշ հարցերում միջամտեր, քանի որ կան ֆուտբոլիստներ, որոնց ինքը լավ է ճանաչում ու կարող է ինձ ճիշտ խորհուրդներ տալ: Ես սա անկեղծ եմ ասում: Այս ասեկոսեներին պետք է վերջ տրվի:

Եթե ֆուտբոլիստը բավարարի իմ կողմից նշած երեք պահանջներին, անմնացորդ նվիրվի մեր հավաքականին, մեր դրոշին, պահպանի խաղային բարձր կարգապահությունը և ունենա խաղային լավ պրակտիկա, ես կխնդրեմ նախագահին, կքննարկենք հարցը, և կվերանայվի ամեն ինչ: Մեր հավաքականում անկախ ամեն ինչից պետք է պահպանվի առողջ մթնոլորտ: Կրկնեմ, որ ոչ մի ֆեդերացիայի նախագահ ու գլխավոր մարզիչ չեն ցանկանա, որ իրենց լավագույն ֆուտբոլիստները դուրս մնան հավաքականից: Ասեմ, որ գոլային պահերի իրացման առումով Յուրա Մովսիսյանի պես քիչ ֆուտբոլիստներ կան, բայց անկեղծ լինենք, վերջին երկու տարում նա լավ չի խաղում:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ