Վարուժան Սուքիասյան. «Այսօր արժանի չէինք պարտության»

Աշխարհի առաջնության որակավորման փուլի 3-րդ խաղում անընդմեջ Հայաստանը պարտություն կրեց, այս անգամ` Լեհաստանի հավաքականից: Խաղից հետո գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը պատասխանել է լրագրողների հարցերին.

-Նախորդ խաղից հետո թիմը կարծես վերածնված լիներ, ինչի՞ հաշվին էր հաջողվել վերականգնել թիմի խաղը:

-Բոլոր թիմերի հետ էլ պատահում է վատ խաղեր: Անհաջողությունների շղթան մեզ իրոք այս տարի շատ անհանգստացրեց: Երևի գիտեք, թե արդեն որերորդ ֆուտբոլիստին կորցրեցինք: Բայց ծանր խաղից հետո տղաներն իրենց մեջ ուժ գտան և հավաքվեցին: Մրցավարությունից կոռեկտ չէ խոսել, բայց խնդրում եմ պատասխանեք` տեսա՞ք, թե որ րոպեին գոլ խփեցին: Երկրորդ, այսօր բարձրակարգ մրցավարները նախ զգուշացնում են, հետո նոր դեղին քարտ են տալիս: Միտված էր դեղին քարտ ցույց տալու: Ամեն դեպքում, շնորհավորում եմ Լեհաստանի հավաքականին: Կարծում եմ, Օզբիլիսը, եթե երկու պահերից գոնե մեկում գոլ խփեր, հաստատ կհաղթեինք:

-Կարմիր քարտը կարծես ոչինչ չփոխեց խաղում, ի՞նչ ասեցիք տղաներին, որ կարողացան նման արձագանքել:

-Տղաներին ասացի, որ նույն մոդելով պետք է խաղանք: Մարկոսին հետ քաշեցինք ու փակեցինք հենակետայինի դիրքը: Տարոն Ոսկանյանը շատ ճիշտ կատարեց իր պարտականությունները: Ինչ խոսք, հակառակորդը լավ պահեր ունեցավ, բայց այսօր տղաները լավ խաղացին, ու մանավանդ 10 հոգով արժանի չէինք պարտության:

– Գաել Անդոնյանը երկրորդ խաղն անընդմեջ լուրջ սխալներ է անում, ինչպե՞ս կմեկնաբանեք այդ փաստը:

-Մի փոքր ժամանակ է պետք, որպեսզի դիտենք նրա խաղը, տեսագրությունները, մտածենք: Ճիշտ հարցադրում է, բայց ժամանակ է պետք:

Հաշվի առնելով այսօրվա չիրացված պահերը` չե՞ք կարծում, որ Սարկիսովի, Կորյանի և Արշակյանի մասնակցությամբ միանգամայն այլ արդյունք լիներ:

-Կորյանը մեզ մոտ էր, բայց մենք այսօր այն վիճակին էինք, որ հարձակվող չէինք կարող մտցնել: Հույսը դրել էինք եզրային կիսապաշտպանների վրա, ովքեր իրենց ակտիվությամբ պետք է մեր հակագրոհներին տոն տային: Ինչպես տեսանք, ճիշտ էինք մտածել, բայց չկարողացանք օգտագործել պահերը: Արշակյանն ընդհանրապես չարդարացրեց, իսկ Սարկիսովն իմ տակտիկական մոդելի մեջ իրոք չի մտնում:

-Արդյո՞ք մեկ խաղը բավարար է Արշակյանի մասին կարծիք կազմելու համար:

-Ես կցանկանայի, որ արդեն ուրիշ հարցեր տայիք:

-Ի՞նչ եք կարծում Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու մասին:

-Ում էլ հարցը տայիք, պարզ է, գովեստի խոսքեր էր ասելու: Նա աշխարհի առաջատար հարձակվողներից է, յուրաքանչյուր հավաքական էլ նման հարձակվող կուզենար ունենալ: Բացի վերջին գոլից, մնացած դրվագներում մեր պաշտպանները կարողացան չեզոքացնել նրան:

– Ո՞ր խաղն էր ավելի դժվար` այսօրվանը, թե նախորդը:

-Բոլորն էլ դժվար են: Երկու խաղերում էլ 10 հոգով մնացինք դաշտում: Շնորհակալություն տղաներին: Կարծում եմ` կհավաքվենք դեռ: Պատկերացնում եք` 6-7 հոգի հիմնական կազմից չկան, բայց տղաները կարողացան հավաքվել, անսամբլ կազմել: Կարծում եմ` որոշ ժամանակ անց այս տղաները կարող են ավելի լավ խաղ ցույց տալ:

-Հայաստանը ժամանակին շատ լուրջ խնդիրներ էր ստեղծում մրցակիցներին, ի՞նչ է պակասում հիմա:

-Այն ժամանակ մենք լավ կազմ ունեինք: Հիմա շատ ֆուտբոլիստներ խաղային պրակտիկա չունեն, կամ հաճախակի վնասվածքներ են ստանում, դա է հիմնական խնդիրը: Ճիշտ է, ռիսկային է, բայց հիմա մենք փորձարկում ենք նոր ֆուտբոլիստների, ու հուսով եմ, որոշ ժամանակ անց արդյունք կունենանք:

-Ի՞նչ կասեք խմբում իրավիճակի մասին:

-Շատ լարված է լինելու խմբում պայքարը: Չեռնոգորիան էլ արդեն միավորներ է հավաքում: Դեռ վաղ է խոսել, բայց արդեն մի քանի թիմեր ֆավորիտներ են համարվում: Կարծում եմ, երբ մեր 6-7 ֆուտբոլիստները վերադառնան, մեզ հետ ևս շատ դժվար է լինելու խաղալ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ