Վարդան Բիչախչյան. «Չնայած հաղթանակին՝ այսօրվա խաղից դժգոհ մնացի»

«Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն «Արարատի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (1-0) կայացած մամուլի ասուլիսում հետևյալ կարծիքն է հայտնել խաղի վերաբերյալ.

-Ընդհանուր խաղը չբավարարեց: Չնայած հաղթանակին՝ այսօրվա խաղից դժգոհ մնացի: Առաջին խնդիրն այն է, որ կրկին չենք կարողանում իրացնել մեր գոլային պահերը: Եվ երկրորդ, կնշեմ տղաների վերաբերմունքը. խփած առաջին գոլից հետո առաջադրանք էինք տվել պայքարել երկրորդ, երրորդ գոլերի համար, այլ ոչ թե խաղալ պաշտպանությունից: Թիմը չկատարեց առաջադրանքը: Հատկապես երկրորդ խաղակեսում չտեսա թիմ, որը ցանկանում է խփել երկրորդ գնդակը:

Փորձեցինք փոխարինումների հաշվին այդ բացը լրացնել, դրանցից հետո ունեցանք գոլային պահեր, բայց կրկին չկարողացանք իրացնել դրանք: Կարծում եմ՝ այսօրվա խաղի հերոսն Անատոլի Այվազովն է: Նա թիմին 2-3 դրվագում փրկեց վերահաս գոլից: Ամեն դեպքում, հաղթանակը մնում է հաղթանակ: Խաղադաշտում ունեինք 4-5 ֆուտբոլիստ, ովքեր վերջին շաբաթվա ընթացքում երրորդ հանդիպումն էին անցկացնում: Երևի այդ պատճառով էլ չստացվեց 90 րոպե բարձր ինտենսիվությամբ աշխատելը: Տղաներին երկու օր հանգիստ կտրամադրենք, իսկ ապրիլի 18-ից կսկսենք նախապատրաստվել հաջորդ խաղին:

Սա «Շիրակի» երրորդ անընդմեջ հաղթանակն էր նվազագույն հաշվով: Մտորելու առիթ չի՞ տալիս, որ այդպիսի քիչ տարբերությամբ է թիմը հաղթում մրցակիցներին: 

-Արդեն նշեցի՝ այսօրվա խաղից դժգոհ եմ: Դա միանշանակ մտորելու առիթ տալիս է, քանի որ միշտ չէ՝ կկարողանանք առանց բաց թողած գոլերի խաղ անցկացնել: Միշտ չէ, որ մեր դարպասապահը կկարողանա օգնության հասնել թիմին: Շատ կարևոր է, որ կարողանանք ոչ թե մեկ, այլ մի քանի գոլ խփել՝ հաշվի առնելով մեր ստեղծած պահերի քանակը:

Ինչի՞ հետ եք կապում Ռումյան Հովսեփյանի ոչ լավ մարզավիճակը: Կարելի՞ է ասել՝ նրա մոտ խաղային անկում է: 

-Ճիշտն ասած, մի փոքր վնասվածք ունի ծնկի հատվածում, որը խանգարում է: Ամեն դեպքում, նա դեռ այն ֆուտբոլը չի խաղում, որը մենք ցանկանում ենք: Բայց դրա պատճառով չէ, որ այսօր մեկնարկային կազմում չէր: Ռումյանը մասնակցել էր գավաթային խաղին, և այսօր որոշեցինք կիսապաշտպանության կենտրոնում խաղացնել ավելի թարմ Կաբային: Կարծում եմ՝ Ռումյանը խաղից խաղ ավելի լավ հանդես կգա:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ