Վան Գալ. «Չկարողացա եռամյա ծրագիրս ավարտին հասցնել»

«Մանչեսթեր Յունայթեդի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալն անդրադարձել է իր՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնից ազատմանը:

«Ինձ համար մեծ պատիվ էր գլխավորել այնպիսի վառ ակումբ, ինչպիսին «Մանչեսթեր Յունայթեդն» է: Ես կատարեցի իմ վաղեմի ցանկությունը:

Ես հպարտ եմ, որ կարողացա օգնել թիմին Անգլիայի 12-րդ գավաթը նվաճելու հարցում: Մարզչական կարիերայում 20 տիտղոս եմ նվաճել, բայց Անգլիայի գավաթը շատ յուրահատուկ է ինձ համար:

Շատ եմ ցավում, որ չկարողացա իրականացնել իմ եռամյա ծրագիրը: Վստահ եմ, որ կայուն հիմքը թիմին թույլ կտա հաջողություններ գրանցել հետագայում:

Հոլանդիայում, Իսպանիայում ու Գերմանիայում աշխատելուց հետո ցանկանում էի գործունեությունս շարունակել Մեծ Բրիտանիայում ու ծանոթանալ անգլիական մշակույթին: Երկու սպասումներս էլ իրականություն դարձան:

Ես շնորհակալ եմ բոլոր ֆուտբոլիստներին ու հաջողություն եմ մաղթում նրանց հաջորդ մրցաշրջանում: Ես իսկապես վայելում էի նրանց հետ աշխատելու հնարավորությունը: Հատկապես տպավորիչ է, որ իմ գլխավորությամբ շատ երիտասարդ ֆուտբոլիստներ թիմում նորամուտ նշելու ու իրենց տաղանդը ցուցադրելու հնարավորություն ստացան:

Շնորհակալ եմ թիմի ղեկավարությանը, որ ինձ հնարավորություն ընձեռեցին այս հիասքանչ ակումբում աշխատելու:

Ես ուզում շնորհակալություն հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին, որոնք լավագույնն են աշխարհում»,- «Յունայթեդի» պաշտոնական կայքը փոխանցում է Վան Գալի խոսքը:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ