Տիտո Ռամալյո.«Հայաստանի առաջնությունը թույլ չէ, «Բանանցն» է ավելի ուժեղ»

«Ալաշկերտի» նկատմամբ 2-0 հաշվով հաղթանակ տանելուց հետո «Բանանցի» մարզիչ Տիտո Ռամալիոն պատասխանել է լրագրողների հարցերին.

-Ծանր ու դժվար խաղ էր, քանի որ ուժեղ հակառակորդի դեմ էինք խաղում: Առաջին պարտությունից հետո սովորել ենք մեր սխալների վրա ու փորձել ենք փոխել խաղի ոճը: Կարծում եմ՝ դրան հասանք, որովհետև խաղը հավասար էր: Ուզում էինք վերահսկել գնդակը, հասանք դրան ու համբերություն ունեցանք գոլեր խփելու: Գոհ ենք, թիմը աճում է և մեր աշխատանքը տալիս է իր արդյունքները:

-Խաղացիք երեք կենտրոնական պաշտպանով, այդյո՞ք դա լավ տարբերակ էր այս մրցակցի դեմ:

-Իրականում երևում էր, որ 3 կենտրոնական պաշտպանով էինք խաղում, սակայն 2 կենտրոնական պաշտպան էր և մեկ հենակետային՝ Տոռեխոնը, ով ավելի ցածր էր գործում ու ապահովագրում պաշտպանությանը: Մեր թիմը ընդհանուր առմամբ հանգիստ էր զգում: Երբ երկու հարձակվող են մրցակցի մոտ, երեքով ենք խաղում: Եզրայինները ավելի բարձր էին խաղում:

-Ուժերը կհերիքե՞ն 3 օր հետո նույն թիմի հետ գավաթային հանդիպմանը նույն տեմպով խաղալու:

-Երկու թիմերն էլ մեծ ջանքեր թափեցին այս խաղի համար: Մի քանի օր անց նոր կտեսնենք, թե որ թիմն ինչ վիճակում կլինի: Կարծում ենք, մենք կկարողանանք լավ խաղ մատուցել ու շատ լուրջ ենք վերաբերում գավաթի խաղարկությանը:

-Տպավորություն կար, որ Ձեր խաղում շեշտը դնելու եք լեգեոներների վրա, սակայն այսօր երկու հայ ֆուտբոլիստներ գոլեր խփեցին: Ինչպե՞ս եք գնահատում նրանց աճը:

-Սխալ տպավորություն է: Հավասարակշռություն ենք պահպանում օտարերկրացի ու հայ ֆուտբոլիստների միջև, մեկը մյուսին փոխլրացնելով պետք է խաղան ու միասին արդյունքի հասնեն, դա միայն կօգնի թիմին:

-«Բանանցի» ֆուտբոլիստները ևս հրավիրվել էին հավաքականներ՝ ազգային և երիտասարդական: Գո՞հ եք նրանց խաղից:

-Մեզ համար շատ կարևոր է, որ «Բանանցի» ֆուտբոլիստները հրավիրվում են ազգային հավաքական, դա մեր նպատակներից մեկն է: Մենք եկել ենք նաև տեղացի ֆուտբոլիստների հետ աշխատելու և ուզում ենք առաջ շարժվել: Ուզում ենք ավելի շատ ուժեղ խաղացողներ տրամադրել ազգային հավաքականին: Բնականաբար, ինչքան շատ ֆուտբոլիստներ տանք, որոնք նաև կաճեն այնտեղ, այնքան մեզ համար ավելի լավ, կարևոր փորձ ձեռք կբերեն: Մենք պետք է համագործակցենք, որ հնարավորինս ուժեղացնենք ազգային հավաքականը:

-Պետրոս Ավետիսյանը վերջերս հաճախ է աչքի ընկնում, ինչպե՞ս կգնահատեք նրա ներուժը:

-Ունի մեծ ներուժ, ունի տաղանդ, բայց պետք է շարունակի աշխատել և չբավարարվել եղածով: Պետք է այսօրվա նման միշտ օգտագործի իր ունեցած րոպեները, ամեն ինչ ցույց տա հենց խաղադաշտում:

-Մրցակիցը առաջատարն էր: Ինչ-որ առանձնահատուկ բան նկատեցի՞ք «Ալաշկերտի» խաղում:

-Իրականում ոչ, նման մի բան էլ սպասում էինք: «Ալաշկերտը» հավատարիմ էր իր խաղային գաղափարախոսությանը: Ուժեղ թիմ է, բայց երբեմն սխալվում է: Լավ հարձակվողներ ունեն, բայց մեր պաշտպանությունը, և ընդհանրապես՝ ողջ թիմը շատ լավ աշխատեց:

-Երկու գոլերն էլ խփեցիք արագ հակագրոհներով: Ի՞նչ վիճակում է առաջին համարով խաղը Ձեր թիմում:

-Առաջին կեսի վերջում ասացին, որ 74 տոկոս տիրում ենք գնդակին, չգիտեմ՝ ճի՞շտ է, թե՞ ոչ: Բնականաբար, միշտ վերահսկում ենք գնդակը, բայց պետք է օգտվենք նաև մրցակցի սխալներից, ինչը այսօր երևաց, քանի որ «Ալաշկերտը» 6 ամսվա մեջ առաջին անգամ պարտվեց: Թիմի տակտիկական հարստությունը երևում է տարբեր իրավիճակներին հարմարվելու հատկությամբ: Դա «Բանանցը» պետք է ունենա: Այսօր հասանք նրան, որ մրցակիցը խաղի ընթացքում հոգնեց, ու մենք հասանք հաղթանակի:

-Զավեն Բադոյանը լավ մարզավիճակ է հավաքել, ի՞նչպես կգնահատեք նրա խաղը:

-Ոչ ոք չի կասկածում Զավեն Բադոյանի որակների վրա: Նա պետք է իր որակները և տաղանդը ծառայեցնի թիմին: Շատ ունիվերսալ է, տարբեր դիրքերում է կարողանում խաղալ: Շատ եմ վստահում նրան և կարծում եմ՝ նա կօգնի նաև Հայաստանի հավաքականին:

-Այս երկու հաղթանակները արդյո՞ք նշանակում են, որ առաջնությունում ամեն ինչ առջևում է, և ինչպե՞ս եք բաշխելու ուժերը առաջնության և գավաթի միջև:

-Ես ասել եմ՝ մենք բոլոր խաղերում էլ ամեն ինչ անելու ենք հաղթելու համար, և հատկապես՝ առաջնությունում: Մենք միավորների մեծ տարբերություն ունեինք, բայց հիմա հաղթանակներ ենք տանում, այն անգամ հաղթեցինք «Փյունիկին», այսօր հաջողվեց հաղթել «Ալաշկերտին», խաղից խաղ առաջ ենք շարժվում, ու հաջորդ խաղում էլ կրկին փորձելու ենք հաղթել:

-Հաջորդաբար հաղթեցիք առաջատարներին, արդյո՞ք դա նշանակում է, որ Հայաստանի առաջնությունը թույլ է:

-Ոչ, նշանակում է, որ «Բանանցն» է ավելի ուժեղ:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ