ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ. Հետաքրքիր մտքեր շախմատի և իր մասին(Մաս 2)

* * *

Իմ N1 ուսուցիչը կյանքն է, N 2-ը՝ վարպետ Արչիլ Էբրալիձեն, որը շախմատ էր ուսուցանում Թբիլիսիի պիոներպալատում: Հետո արդեն գալիս են Կապաբլանկան, Նիմցովիչը… և, ինչպես ասում են, «այսուհետև՝ բոլոր կանգառներով», սովորել եմ բոլորից, ում հետ բախտ է վիճակվել հանդիպել շախմատի խաղատախտակի առջև:

* * *

Ճիշտ չէ 16-18 տարեկան պատանիներին վերաբերվել որպես մի հում նյութի, որից կարելի է քանդակել՝ ինչ ուզես: Ես կարծում եմ, որ արդեն այդ տարիքում շախմատիստը պետք է որոշակի աշխարհայացք ունենա: Խոսքս հրաշամանուկներ թխելու մասին չէ: Բայց կյանքը համոզիչ ապացուցել է, որ համաշխարհային ճանաչում գտած բոլոր շախմատիստները պատանեկան տարիքում բավականին ուժեղ խաղացողներ են եղել:

* * *

Այն մարդու համար, ով որոշել է լրջորեն, իսկապես զբաղվել շախմատով, կարևոր է պարբերաբար դիտարկել ամենատարբեր մրցումներում խաղացած պարտիաներ: Դա հնարավորություն է տալիս մշտապես զգալ շախմատային մտքի զարկերակը, ծանոթանալ ուրիշների մտահղացումների հետ, անհրժեշության դեպքում մանրակրկիտ վերլուծել դրանք՝ նախօրոք կուտակելով ամենատարբեր մտքեր ու տարբերակներ, նույնիսկ, եթե դրանք արագ գործնական կիրառում չեն խոստանում:

* * *

Գուցե, ես բավարար չափով չեմ մտահոգվել իմ «չեմպիոնական հեղինակության» մասին, բայց երբեմն պետք է մտածել, թե դու ում համար ես չեմպիոն՝ քե՞զ համար,թե՞ շախմատային աշխահի: Իհարկե, հաղթելով 1963 թ. Բոտվիննիկին, ես կարող էի ամբողջովին հետամուտ լինել առաջին մրցանակների համար մղվող մցավազքին: Նման հաջողության է տանում բավականին ծեծված ճանապարհ. խաղալ հազվադեպ, հատուկ ընտրված մրցաշարերում: Ես սկզունքորեն դեմ եմ նման, այսպես կոչված, տակտիկային:

* * *

Շախմատիստի կատարելագործման լավագույն, իսկ, գուցե և, միակ ուղին, վարպետների խաղացած պարտիաների վերլուծությունն է՝ այդ բառի բուն իմաստով:

Շախմատում հանճարը առաջ է անցնում իր ժամանակից, բայց չէ՞ որ դա կարելի է տեսնել միայն հետո, ետ նայելիս: Այս տեսակետից հանճարներ կարելի է անվանել ամենևին ոչ շատերին: Մորֆի, Ստեյնից… Միգուցե, Տալ:

* * *

Ես հպարտանում եմ , որ բազմաթիվ արտասահմանյան ուղևորությունների ժամանակ ներկայացնում եմ իմ ժողովուրդը, իմ հանրապետությունը՝ Հայաստանը, ոչ միայն որպես շախմատիստ, այլև որպես իմ հայրենիքի քաղաքացի:

* * *

Որպեսզի շախմատը ձեր առջև բացի իր ամբողջ գանձարանը, որպեսզի այն հիրավի ձեզ ուրախություն պատճառի, պետք է լավ խաղալ: Ձեզանից յուրաքանչյուրը զբաղված է իր գործերով և, հավանաբար, այնքան էլ հեշտ չէ ժամեր, օրեր ու շաբաթներ գտնել շախմատն ուսումնասիրելու համար: Բայց դա անհրաժեշտ է շախմատի գաղտնիքների մեջ ներթափանցելու համար: Սիրեցեք շախմատը, և այն կսիրի ձեզ: Այն ձեր առջև կբացի իր ամենափայփայած գաղտնիքները:

* * *

Երկարատև և լավ շախմատ խաղալու համար պետք չէ հենվել միայն փորձի և գիտելիքների վրա: Պետք է շախմատին տրվել ամբողջովին:

* * *

Ուժեղ շախմատիստը գիտե խաղի բոլոր կանոններն ու օրենքները: Տաղանդավոր շախմատիստը գիտե այն ամենը, ինչ գիտե ուժեղը, բայց տեսնում է և կանոնների բացատությունները: Իսկ խոշոր շախմատային տաղանդները (անվանենք նրանց հանճարներ) այդ բացառությունները աստիճանաբար վերածում են նոր օրենքների: Եվ այսպես անվերջ: Որովհետև շախմատն անսպառ է:

* * *

Շախմատը ձևով խաղ է, բովանդակությամբ՝ արվեստ, տիրապետելու դժվարությամբ ՝ գիտություն: Շախմատը կարող է այնքան ուրախություն պատճառել, որքան լավ գիրքը կամ երաժշտությունը: Բայց պետք է սովորել լավ խաղալ, և այնժամ դուք կապրեք իսկական ուրախություն:

* * *

Շախմատը ազդում է մարդու զարգացման վրա, որոշակիորեն ազդում է նրա կենսակերպի վրա: Դա վերաբերում է այն մարդկանց, ովքեր զբաղվում են շախմատով, շախմատային նվիրում են իրենց ժամանակը, իրենց ոգեղեն ուժերի մի մասը և դրանից հաճույք են ստանում: Նշանակություն չունի՝ նրանք պրոֆեսիոնալնե՞ր են, թե՞ պարզապես հասարակ շախմատասերներ:

* * *

Ամենից շատ ես շախմատում գնահատում եմ տրամաբանությունը: Ես խորապես համոզված եմ, որ շախմատում, թեև այն մնում է խաղ, ոչինչ պատահական չկա: Եվ դա իմ հավատամքն է: Ես սիրում եմ միայն այնպիսի պարտիաներ, որտեղ խաղացել եմ դիրքի պահանջներին համապատասխան: Ես հավատում եմ միայն տրամաբանական, «ճիշտ» խաղին:

* * *

Շատ, չափից ավելի շատ բան շախմատում կախված է ոչ միայն խաղալու հմտությունից, այլև բնավորությունից:

* * *

Ինձ հատուկ են զգուշություն, զգուշավորություն… Իմ խաղաոճում, ինչպես հայելիում, արտահայտվել են բնավորությանս գծերը: Սակայն ես համոզված եմ, որ միայն «զգուշավորությամբ» չի կարելի շահել աշխարհի առաջնության երկու մրցախաղ:

* * *

Շախմատիստը երիտասարդ է այնքան ժամանակ, քանի դեռ լավ է խաղում:

* * *

Ես երբեք շախմատին չեմ նայել որպես մարզական բարձր արդյունքների հասնելու միջոցի: Ինձ համար միշտ գլխավորը եղել է շախմատային պայքարի ներքին բովանդակությունը, շախմատային խաղատախտակի առջև նստած երկու մարդկանց ներքին վիճակը:

* * *

Շախմատը կարելի է համեմատել երաժշտության, բայց՝ լուրջ երաժշտության հետ: Թեթև, ռիթմիկ երգը հասկանալի է յուրաքանչյուրին: Բայց, որպեսզի ուրախություն և հաճույք բերի լուրջ երաժշտությունը, պահանջվում է որոշակի երաժշտական կուլտուրա:

* * *

Կան շախմատիստներ, որոնք գոհ են իրենց համարյա յուրաքանչյուր պարտիայից, բայց կան և բավականաչափ ինքնաքննադատաբար մտածողներ: Պետք է ասեմ, որ ես, որպես կանոն, հազվադեպ եմ գոհ լինում խաղիցս:

* * *

Յուրաքանչյուր շախմատիստ, խաղալով հակառակորդի հետ, միևնույն ժամանակ պայքարում է ինքն իր հետ: Յուրաքանչյուր պարտիա կամ մրցախաղ միաժամանակ ներքին պայքար է:

* * *

Հոգու խորքում ես փայփայում եմ մի երազանք, որ երբևիցե կգտնեմ այնպիսի աշակերտի, որին կարող եմ փոխանցել այն ամենը, ինչ գիտեմ, ինչը ծնվել է ճշմարտության տանջալից փնտրտուքներում: Ես հույս ունեմ գտնել այդպիսի մի պատանու, որի հետ մենք կարող էինք փնտրել միասին և որը հետո գործնականում, խաղատախտակի առջև, կստուգեր մեր փնտրտուքների իսկությունը:

* * *

Ձեզանից ոչ բոլորը կդառնան շախմատիստներ, բայց ոչ ոք չի ափսոսա այն ժամանակը, որը տրվում է շախմատին, քանի որ այն կօգնի ձեզ ցանկացած մասնագիտության մեջ:

* * *

Ես չեմ վախենում իմ հակառակորդներից շախմատային խաղատախտակի առջև: Բայց միշտ մեծ հարգանքով եմ վերաբերվում իմ բոլոր խաղընկերներին:

* * *

Դիրքային խաղի ուսուցանումը հավասարազոր է շախմատի դասավանդմանն ընդհանրապես:

* * *

… Ես ձգտում եմ ապացուցել, որ շախմատում ամենակարևորն ու գլխավորը ստեղծագործական սկիզբն է: Այն ստեղծագործական սկիզբը, որը շախմատը դարձրել է շախմատ, որի շնորհիվ շախմատը չի մոռացվել հազարամյակների ընթացքում: Այսօր շախմատ խաղում են ամբողջ աշխարհում, շախմատիստը ստեղծում է իսկական գլուխգործոցներ, որոնք վերջին հաշվով, տեղ են գրավում մշակութային արժեքների համաշխարհային գանձարանում:

Ես հենց այդպիսի շախմատի կողմնակից եմ և կցանկանայի, որպեսզի երիտասարդ շախմատիստները, որոնք իրենց կյանքը նվիրում են հնագույն խաղին, շախմատում տեսնեին առաջին հերթին հենց ստեղծագործական կողմը, որպեսզի շախմատը նրանց համար դառնար ստեղծագործական ակտ, որն այդ խաղի միլիոնավոր երկրպագուներին բերում է անբացատրելի գեղագիտական ուրախություն և հաճույք:

* * *

Շախմատիստի խաղը հասուն տարիքում, այն ժամանակաշրջանում, երբ նա հայտնվում է ասպարեզում, ավելի կամ պակաս լայն արձագանք է գտնում շախմատային մամուլում: Բայց քիչ բան կամ համարյա ոչինչ է հայտնի մեր խոշոր շախմատիստների այն պարտիաների մասին, որոնք խաղացվել են ձևավորման ընթացքում: Իսկ չէ՞ որ հենց այդ պարտիաներն են հնարավորություն տալիս հետևել այս կամ այն վարպետի ստեղծագործական ուժին, հանդիսանում են այն նյութը, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրել շախմատային կերպարի ձևավորումը:

* * *

Շախմատիստը պետք է սովորի ոչ միայն ուսման րոպեներին, այլև պարտիայի ժամանակ, խաղից հետո վերլուծելիս, գրքեր և հանդեսներ թերթելիս… Քեզ հետաքրքրե՞լ է խնդիրը կամ էտյուդը՝ ահա և մարզվիր հաշվարկների մեջ: Հանդիպեցիր մի տրամագիր, դիրքի գնահատականով՝ իսկ գուե դու համաձայն չե՞ս: Շարիր ֆիգուրները, ստուգիր, խորհրդակցիր:

* * *

Շախմատում հավասար չափով կարող են մարդու երևակայությունը ապշեցնել ինչպես զուտ տակտիկական հնարքները, այնպես էլ դիրքային բնույթի գործողությունները:

* * *

Շախմատում անհասանելի իդեալը անսխալ խաղալն է: Հենց անսխալ գործելու ձգտումն է ամենից ավելի գրավում այդ խաղում: Հնարավոր է, իրենց ուժի բարձրակետում գրոսմայստերները երբեմն և խաղում են անսխալ, բայց ստեղծագործության մյուս փուլերում վրիպումներն անխուսափելի են:

* * *

Այժմ չեն էլ պատկերացնում նոր հերթափոխի աճ՝ առանց մարզիչների մշտական հովանավորության: Եվ այնուամենայնիվ, ուզում եմ ընդգծել, որ տողերիս հեղինակը,ինչպես և մեր շատ լավագույն գրոսմայստերներ, աճել է պատերազմական և հետպատերազմյան ժամանակաշրջանի մթնոլորտում, երբ ամեն ոք ինքն էր կերտում իր շախմատային ճակատագիրը:

* * *

Քի՞չ խաղեր գիտե մարդկության պատմությունը: Կամ այսօր քի՞չ խաղեր են լույս աշխարհ գալիս, որոնց նկատմամբ հետաքրքրությունը արագորեն ծնվում և նույնպես արագորեն մարում է: Իսկ շախմատը, անցնելով բազմադարյա պատմություն և ըստ էության մնալով անփոփոխ, արիստոկրատական զվարճանքներից վերածվել է երկրագնդի միլիոնավոր մարդկանց սիրելի խաղի:

* * *

Ես երբեք չեմ բողոքել իմ կոմբինացիոն տեսողությունից: Ես ընդհանրապես կարծում եմ, թեև շատերի համար դա զարմանալի կթվա, որ շախմատում ամեն ինչ հիմնվում է տակտիկայի վրա: Եթե ստրատեգիան մարմարի մի հսկա կտոր է, ապա տակտիկան մի նուրբ հատիչ է, որով գործում է վարպետը շախմատային արվեստի ստեղծագործություն կերտելիս:

* * *

Արվե՞ստ է, արդյոք, շախմատը: Այո՛, արվեստ է: Ուրիշ ին՞չ կերպ պետք է անվանել գործունեության այնպիսի տեսակը, որի դեպքում մարդը ամենախոր գեղագիտական հաճույք է զգում: Ուրիշ ին՞չպես գնահատել նրա ստեղծագործության արդյունքը, որը մարդկանց հոգեկան ուրախություն է պատճառում:

* * *

Թեև խաղաոճով, խաղի հանդեպ վերաբերմունքով, վերջապես արդյունքներով ինձ դժվար է դասել շախմատային արվեստի քրմերի թվին, ես, այնուամենայնիվ, շախմատն առաջին հերթին արվեստ եմ համարում: Հենց այդ հատկությունն է այդքան շատ մարդկանց գրավում դեպի մեր խաղի երկրպագուների շարքերը:

* * *

Պետք է սովորել ոչ միայն պարտիաները վարել դիրքային ոճով, այլև ձգտել գրոհի՝ թեկուզև կապված վտանգելու հետ: Քանզի քաջերինն է աշխարհը:

* * *

Յուրաքանչյուր գրոսմայստեր բավականին բարդ անհատականություն է, որի մասին եղած պատկերացումը միշտ չէ, որ համապատասխանում է իրականությանը: Տալը միայն «զոհաբերություն» չէ, Ֆիշերը՝ ,«Էլեկտրոնային մեքենա» ,իսկ Պետրոսյանը ՝ «զգուշություն»:

* * *

Գուցե պաշտպանվել ես ավելի եմ սիրում, քան հարձակվել, բայց ո՞վ է ապացուցել, որ պաշտպանությունը պակաս վտանգավոր և համարձակ գործ է, քան գրոհը:

* * *

Ի՞նչն է ավելի լավ. գրոհե՞լը, թե՞ հակագրոհելը: Ամենալավը հաղթելն է:

* * *

Շախմատը միավորում է խաղ, արվեստ և գիտություն: Նա, ով կկարողանա իր մեջ համատեղել մարզիկի. արտիստի և գիտնականի ունակությունները, անպարտելի կլինի:

* * *

Երբ ցուցադրում ես պարտիան ամեն ինչ թվում է հեշտ, հասարակ և հասկանալի: Իսկ մրցաշարային պարտիայում յուրաքանչյուր քայլ պահանջում է հսկայական լարվածություն, ուժերի և ժամանակի զգալի ծախսեր:

* * *

Իմ սիրտը միշտ լցվում է ուրախությամբ, երբ աչքերիս առջև հառնում է մի հոյակապ շախմատային կտավ, որտեղ քրտնաջան ստրատեգիական աշխատանքը.ենթարկվելով շախմատային տրամաբանության կանոններին. պսակվում է պարտիան օրինական վախճանի հանգեցնող տակտիկական հարվածով:

* * *

Մի՞ թե հետաքրքիր չէ դիտել, թե ինչպես համբերատար և քաջարի շախմատիստը դիմանում է երկարատև ճնշմանը, քայլում է անդունդի եզրով, որպեսզի վերջիվերջո պատվով դուրս գա ճգնաժամային դիրքից:

* * *

Կմնա՞, արդյոք, այս կամ այն շախմատիստը պատմության մեջ կախված է ոչ միայն նրա հաջողություններից, այլև ստեղծագործությունից: Ինձ համար. օրինակ նշանակություն չունի շախմատիստը եղե՞լ է, թե՞ չի եղել աշխարհի չեմպիոն: Գլխավորն այն է, որ նա իրենից հետո թողնի սքանչելի պարտիաներ:

ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ. Հետաքրքիր մտքեր շախմատի և իր մասին

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ