Թերի Ֆոկսի «Հույսի վազքը»

1980 թվականի հուլիսն է։ 22-ամյա  Թերի Ֆոկսը արյունոտ կիսավարտիքով վազում է  «հույսի հետևից»։

Թերի Ֆոկսը ծնվել է 1958 թվականին, Կանադայում։ 1977 թվականին աջ ծնկի հատվածում ցավեր է զգում։ Նրա մոտ ախտորոշվում է ոսկրային քաղցկեղ։

Բժիշկները ստիպված են լինում ծնկից վերև անդամահատել աջ ոտքը։ Շատերի համար միգուցե կյանքը կորցներ իր իմաստը, բայց ոչ Թերիի։ Երեք տարի անց երիտասարդ մարզիկը որոշում է անցնել օվկիանոսից օվկիանոս։ Դա ուներ միայն մեկ նպատակ՝ բարեգործական։ Կազմակերպելով  «Հույսի վազքը», նա ցանկանում էր Կանադայի յուրաքանչյուր քաղաքացուց հավաքել 1 դոլար և ամբողջ գումարը տրամադրել ուռուցքային հիվանդությունների հետազոտությանը։ Մեկ տարի անմարդկային ջանքեր է գործադրում վազքին պատրաստվելու համար, քանի որ լավ գիտեր, որ նույնիսկ առողջ մարդը ի վիճակի չէ անցնել այդպիսի տարածություն։

14238095_322258854793694_8537389626360937654_n

Թերի Ֆոկսը «Հուսյի վազքը» սկսում է 1980 թվականի ապրիլի 12-ին։ Թաթախելով ոտքը Ատլանտյան օվկիանոսում՝ նախատեսում էր հասնել Խաղաղ օվկիանոսյան նավահանագիստ՝ Վանկուվեր։ Նա վազում էր օրական 42 կմ, և իրեն համընթաց առաջխաղացում էր ապրում նաև հիվանդությունը։ Ժամ առ ժամ ավելի դժվար էր վազել մշտական ցավի ուղեկցությամբ և պրոթեզավորված ոտքով։ Գանգրահեր պատանին գերմարդկային տեսք ուներ։ Միայն մեծ կամքի ուժն ու միլիոնավոր մարդկանց օգնելու ցանկությունն էր նրան ստիպում վեր կանգնել ցավից։Երբեմն նրան միանում էին տարբեր մարդիկ։ Նա հրաժարվում էր անգամ մեկ գիշեր քնել։ Կարծես զգում էր, որ կարող է չհասցնել։

Բարեբախտաբար, թե դժբախտաբար նա չկարողացավ ավարտել վազքը։ Քաղցկեղը արդեն հասել էր թոքերին և ստիպված էր կանգ առնել։ 1980 թվականի սեպտեմբերի 1- ին Թերին Տանդեր Բեյ քաղաքի մոտ էր (դեպի հյուսիս՝ Օնտարիո նահանգում)։ 143 օրվա ընթացում վազել էր 5373 կմ՝ անցնելով Նյուֆաունդլենդ նահանգը, Նոր Շոտլանդիան, Էդուարդ արքայազնի կղզին, Նյու Բրանսուիկը, Քվեբեկը և Օնտարիոն։ 10 ամիս հետո, չբոլորելով իր 23 տարին, Թերին մահանում է։ Ամբողջ Կանադան էր սգում մարզիկի վերմարդկային մահը։ Ամբողջ երկրով իջեցվեցին ազգային դրոշները։

1981 թվականի փետրվարին  24 միլիոն դոլարից ավել գումար էր հավաքվել, բայց ամենակարևորը այն էր, որ այդ հարցը արժանացավ հասարակության լայն զանգվածների ուշադրությանը։

Հիմա, Կանադայում և ավելի քան 50 երկրում ամեն տարի անցկացվում են Թերի Ֆոկսի անվան վազքեր, որի ժամանակ հավաքված ողջ հասույթը ուղղվում է ուռուցքային հիվանդությունների բուժմանը։

Terry Fox Run-ը գրանցվել է ռեկորդների գրքում, որպես ամենամեծ դրամահավաքը աշխարհում։

Հիմա՝ 35 տարի անց, «Թերի Ֆոկսի» հիմնադրամը աճել է մինչև 360 միլիոն դոլարի։ Այնպես որ, միլիոնավոր մարդկանց շնորհիվ, Թերի Ֆոկսի ջանքերը ապարդյուն չանցան։

Կանադական իշխանությունները Թերի Ֆոկսի անունով են կոչել սառցահատ, որը ջրի մեջ է իջեցվել 1983 թվականին։

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ