The Sun. Մխիթարյանը տուն է փնտրում Լոնդոնում, որպեսզի «Արսենալ» տեղափոխվի

Դորտմունդի «Բորուսիայի» աստղը մոտ ընկերներին ասել է, որ հեռանում է գերմանական թիմից՝ գրում է բրիտանական The Sun-ը:

Թերթի տեղեկություններով՝ Մխիթարյանը, Լոնդոնում տուն փնտրելով, մեկ քայլ մոտեցել է «Արսենալ» տեղափոխությանը: Կիսապաշտպանն իր մոտ ընկերներին ասել է, որ պատրաստ է հեռանալ Դորտմունդի «Բորուսիայից», իսկ Արսեն Վենգերն սպասում է նրան:

«Տաղանդաշատ կիսապաշտպանը մերժել է դորտմունդյան ակումբի՝ նոր պայմանագիր ստորագրելու առաջարկը՝ չնայած նրան, որ գերմանական թիմն առաջարկել է տարեկան 6,4 միլիոն ֆունտ աշխատավարձ:

Մխիթարյանը լոնդոնյան ակումբից առնվազն կպահանջի 8 միլիոն ֆունտ տարեկան աշխատավարձ, սակայն դա ամենևին էլ չի խոչընդոտի Արսեն Վենգերին, որի դիտորդներն ամիսներ շարունակ հետևում են հայ ֆուտբոլիստի խաղին:

Մխիթարյանը վերջերս իր ընտանիքի անդամներին խնդրել է տուն փնտրել Լոնդոնում՝ ցույց տալով, որ պատրաստ է «Արսենալ» տեղափոխությանը:

Չնայած նրան, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Յուվենտուսն» ու «Լիվերպուլը», 27-ամյա հայ կիսապաշտպանը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Արսենալում»,- գրում է թերթը:

Հավելենք, որ բրիտանական մեկ այլ թերթ՝ Daily Star-ը գրում է, որ Հենրիխն իր հարազատներին ասել է, որ ցանկանում է տեղափոխվել «Արսենալ», ոչ թե «Լիվերպուլ»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ