Ջանի Ինֆանտինո

03.03.2017

ՖԻՖԱ-ն նախատեսում է տեսակրկնություններ կիրառել Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկությունում

Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկությունում, որը կայանալու է ամռանը Ռուսաստանում, ՖԻՖԱ-ն նախատեսում է տեսակրկնություններ կիրառել՝ հայտնում է AP լրատվական գործակալությունը: Այս մասին հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն: Նախատեսվում է տեսակրկնություններ կիրառել նաև ԱԱ 2018-ի ժամանակ: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ հաջորդ մրցաշրջանից սկսած՝ Անգլիայի Ֆուտբոլային ասոցիացիան ազգային գավաթի խաղարկությունում տեսակրկնություն է կիրառելու:
01.03.2017

Ինֆանտինո. «2026 թվականի աշխարհի առաջնությանը Աֆրիկան կներկայացնի 9-10 թիմ»

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտնել է , որ 2026 թվականի աշխարհի առաջնությանը Աֆրիկան հնարավորություն կունենա ավելի շատ թիմեր ներկայացնել, քանի որ  առաջնությունում խաղալու հնարավորություն կունենա 48 թիմ: «Պլանավորված 48 թիմերից 9-10 աֆրիկական թիմ կմասնակցի  աշխարհի 2026  թվականի առաջնությանը: Մենք յուրաքանչյուրին երազանք իրականացնելու իրավունք կտանք, իսկ նման առաջնության մասնակցելը բոլոր ֆուտբոլիստների երազանքն է»,- ասել է ՖԻՖԱ նախագահը: Հիշեցնենք, որ 2016 թվականի դեկտեմբերին  ՖԻՖԱ-ն որոշեց  ավելացել աշխարհի առաջնության մասնակիցների թիվը, և 2026 թվականից 32 թիմի փոխարեն կներկայանա 48 թիմ: Մինչ այս Աֆրիկան աշխարհի առաջնությանը ներկայացրել է 5 թիմ: http://www.vivaronews.am/articles/infarktino-incho%D5%9E%D6%82-e-48-thimanoc-mundialeh-metc-glxacavankh-u-hatkapes-hayeris-hamar
16.02.2017

2026թ. Աշխարհի առաջնությունը կարող է անցկացվել 3-4 երկրում

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն գտնում է, որ Մունդիալը չափազանց մասսայական իրադարձություն է, որպեսզի անցկացվի մեկ երկրում: «2026 թվականի Աշխարհի առաջնությունը կարող է անցկացվել 3-4 երկրում, որոնցից յուրաքանչյուրում կլինի 4-5 մարզադաշտ: Հետագայում պետք է խուսափել իրավիճակից, երբ հյուրընկալող երկիրը փողեր է ներդնում մարզադաշտերի կառուցման համար, որոնք մրցաշարի ավարտից հետո չեն օգտագործվում»,-հայտարարել է Ինֆանտինոն:
11.01.2017

Ինչու՞ 48 թիմանոց Աշխարհի առաջնությունից կշահեն բոլորը

Երեկ իմ գործընկեր Կարեն Ռաֆայելյանը իր հեղինակային հոդվածում անդրադարձավ ՖԻՖԱ-ի կողմից Աշխարհի առաջնության մասնակից թիմերի քանակը մեծացնելու ու մրցաշարն ընդլայնելու որոշմանը՝ մտահոգություն հայտնելով, որ մրցաշարի նոր ֆորմատը միայն բացասաբար կազդի դրա գեղեցկության ու դիտարժանության վրա: Այդ հոդվածում գլխավորապես շեշտադրում էր կատարվում մի քանի փատարկների վրա, մասնավորապես՝ խմբային փուլի դիտարժանության կորուստ, փլեյ-օֆֆ փուլում հնարավոր սխալի արժեքի մեծացում և Եվրոպային հատկացվող տեղերի փոքր թիվը, ի տարբերություն Աֆրիկայի, Ասիայի ու Օվկիանիայի: Ինքս Աշխարհի առաջնությանը հետևել եմ դեռ մանուկ հասակից, միշտ անհամբերությամբ եմ սպասել այդ մրցաշարին: Մի փոքր մշուշոտ է երևում այն, թե ինչ կտա մրցաշարի թիմերի ընդլայնումը, բայց, դրական տեղաշարժերն ակնհայտ են: Ինչու՞ 48 թիմանոց Մունդիալից կշահեն բոլորը Ֆուտբոլը միշտ համարվել է միլիոնների մարզաձև, աշխարհի համար մեկ մարզաձև, բայց, արի ու տես, դրա լավագույն պտուղներից միշտ օգտվել են միայն մի խումբ ընտրյալներ: Ֆուտբոլի մասսայականացումը այս մարզաձևով զբաղվողների ու մտահոգվողների գլխավոր խնդիրն է: Եվ հավելյալ 16 երկրների ներկայությունը Մունդիալում թույլ կտա 16 երկրի երկրպագուների ևս վայելել այս մրցաշարին մասնակցելու բերկրանքը: Չնայած նրան, որ խմբային փուլում թիմերն անցկացնելու են ընդամենը երկու խաղ, ինչը մեկով պակաս է ներկայիս քանակից, դա բացասականորեն չի ազդի մրցաշարի վրա: Վերջին մի քանի մունդիալներում արդեն հասցրել ենք համոզվել, որ խմբային փուլի երրորդ տուրը դարձել է ձևականություն, քանի որ թիմերի մեծ մասը բոլոր հարցերը լուծում են առաջին երկու տուրում, իսկ վերջին տուրում ուղղակի գնդակ են գլորում: Ավելին, շատ դեպքերում երկու թիմեր նախապես պլանավորված ձևով են ավարտում իրենց խաղը որևէ մեկի կամ երկուսի շահերից ելնելով: Հետևանք 1. Այլևս չենք տեսնի ալարկոտ կերպով գնդակ գլորող թիմերի ու որոշակի պայմանավորվածություններ՝ ի շահ որոշ թիմերի: Միգուցե թվա, թե սխալվելու ու մեկ անհաջող խաղ անցկացնելու գինը մեծ է, բայց հաջորդ խաղում վստահ հաղթանակը կլուծի բոլոր հարցերը: Ամեն դեպքում, երեք հոգանոց խմբից երկու թիմ դուրս է գալու հաջորդ փուլ, ու ակնհայտ թույլերը այսպես թե այնպես չեն դիմանա մրցակցությանը: Ավելին, պոտենցիալ չեմպիոնի անցկացրած խաղերի քանակը չի փոփոխվի ու կմնա նույն 7 խաղը, ինչ հիմա է, չի փոխվի նաև մրցաշարի ընդհանուր տևողությունը՝ 32 օր, և այն ընդունող մարզադաշտերի քանակը՝ 12, ինչը նշանակում է, որ թիմերի ավելացումը չի կարող որևէ հավելյալ ծանրաբեռնվածություն ստեղծել թիմերի ու ֆուտբոլիստների համար: Հետևանք 2. Թիմերի ու ֆուտբոլիստների համար հավելյալ ծանրաբեռնվածություն չի ստեղծվի: Խմբային փուլը կշարունակի հանդիսանալ գլխավոր փորձը գալա համերգից առաջ, որտեղ թիմերը կստուգեն իրենց զենքերի մարտունակությունն ու կպատրաստվեն գլխավոր մենամարտերին՝ ավելի ուժեղ մրցակիցների դեմ: Ավելին, աշխարհի առաջնության նոր ֆորմատը նոր շանս է նաև փոքր երկրների համար՝ մասնակցելու ֆուտբոլային գլխավոր ստուգատեսին: Բոլոր աշխարհամասերը ստանալու են հավելյալ տեղեր, ներկայացվածությունը կմեծանա, ինչն էլ իր հերթին թույլ կտա զարգացնել ֆուտբոլը ոչ միայն Եվրոպա կոչվող տարածքում, որտեղ ապրողների ճնշող մեծամասնությունը կարծում է, որ Հին աշխարհամասից այն կողմ ֆուտբոլ չեն խաղում: Բավական է փաստել, որ դեռևս 1978 թվականին, երբ մրցաշարին մասնակցում էին 16 թիմեր, Աֆրիկայից ու Ասիային մասնակցում էր միայն մեկական ներկայացուցիչ: Այժմ Աֆրիկան ունի 5 տեղ, իսկ Ասիան՝ 4,5, ինչը ցույց է տալիս, թե ինչքան է ընդլայնվել մրցաշարի աշխարհագրությունը: Առայժմ հստակ հայտնի չէ, թե որ կոնֆեդերացիան ինչքան հավելյալ տեղեր կստանա նոր ֆորմատում, քանի որ ՖԻՖԱ-ն հետաձգել է այդ հարցի քննարկումը, ինչի մասին հայտնել են ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչները: Պարզ է մեկ բան, Մունդիալի ընթացքում ֆուտբոլով կապրեն միլիոնավոր նոր երկրպագուներ: Նույն Աֆրիկայում կան այնպիսի հավաքականներ, որոնք արժանիորեն պայքարում են անգամ Եվրոպայի լավագույն թիմերի դեմ: Բավական է հիշել Ալժիրի ընտրանուն, որին Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան հաղթեց մեծ ջանքերի ու Նոյերի հանճարեղ խաղի գնով: Նիգերիայի հավաքականն, իր հերթին, արժանի դիմակայություն ցույց տվեց Լեո Մեսիի Արգենտինայի հավաքականին, որը ևս խաղաց եզրափակչում: Այո, անհերքելի է, որ երբեմն մրցաշարում խաղում են ակնհայտ թույլ թիմեր, բայց այդպիսիք շատ քիչ են, իսկ մրցաշարին մասնակցում են այն պատճառով, որ հիանալի են անցկացրել որակավորման փուլը ու պայքարից դուրս թողել ավելի զորեղ թիմերի: Ինչու՞ է մրցաշարի նոր ֆորմատը դրական նորություն Հայաստանի հավաքականի համար Հայաստանի հավաքականի բոլոր երկրպագուներս երազում ենք տեսնել մեր ընտրանուն Աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում: Դա կարծես անհաս գագաթ համարվի մեր համար, քանի որ մրցակցությունը շատ թեժ է, իսկ տեղերը՝ սահմանափակ: Մինչդեռ Եվրոպայի վերջին առաջնությունը ցույց տվեց, որ փոքր երկրները նույնպես կարող են մեծ հույսեր ունենալ: Եվրոպային տրվող հավելյալ տեղերը հավելյալ հնարավորություն են մեր թիմի համար պայքարել ուղեգրի համար, մեծանում են մրցաշարին մասնակցելու շանսերը: Եվ վերջապես, պետք չէ մոռանալ, որ ՀՖՖ-ն ՖԻՖԱ-ից մեծ օժանդակություն է ստանում տարատեսակ ֆուտբոլային ենթակառուցվածքներ կառուցելու հարցում, և այդ օժանդակությունը գլխավորապես ֆինանսական է: Իսկ ՖԻՖԱ-ն հայտնել է, որ մունդիալի ֆորմատն ընդլայնելու արդյունքում հնարավոր կլինի 1 միլիարդ դոլարով մեծացնել եկամուտները: Սա նշանակում է, որ Հայաստանի պես փոքր երկրները, որտեղ ֆուտբոլի զարգացման համար ՖԻՖԱ-ն մեծ ներդրումներ է կատարում, կստանա ֆինանսական նոր միջոցներ, ինչն էլ թույլ կտա ավելի զարգացնել մեր սիրելի սպորտը մեր հարազատ երկրում: ՖԻՖԱ-ն 250000 դոլար է հատկացրել Հայաստանին՝ ֆուտբոլի զարգացման համար, որից 70,000-ը տրվել է կանանց ֆուտբոլին: Ավելին, 2015-ին ՖԻՖԱ-ն հատկացրել է 1 միլիոն 50 հազար դոլար: Այս թիվն անկասկած կմեծանա այն բանից հետո, երբ ֆուտբոլային գերատեսչությունը մեծացնի եկամուտները: ՖԻՖԱ-ից Հայաստան եկող գումարների ամբողջական պատկերը՝ ԱՅՍՏԵՂ: Ընդհանրացնելով այս ամենը, կարելի է փաստել. չնայած պոտենցիալ վտանգներին ու վնասներին, Աշխարհի առաջնության մասնակից թիմերի քանակի ընդլայնումը ավելի շատ օգուտ կտա մարզաձևին ու այն ամբողջ աշխարհում զարգացնելու գործին, քան թե վնասներ: Եվ վերջում չմոռանանք, որ ֆուտբոլ խաղում են անկախ սեռից, տարիքից ու ռասայական պատկանելությունից: Սիրեք ֆուտբոլը, ապրեք ֆուտբոլով...
10.01.2017

Ինֆարկտինո. Ինչո՞ւ է 48 թիմանոց Մունդիալը մեծ գլխացավանք, ու հատկապես` հայերիս համար

Բոլոր լավ բաներն իրենց ավարտն ունեն, ուրեմն` Աշխարհի գավաթը նույնպես: Այսօրվանից ես փորձելու եմ ամեն կերպ դանդաղեցնել ժամանակը ու վայելել ֆուտբոլային րոպեները մինչև 2022թ., երբ [հուսով եմ] տեղի կունենա վերջին 32 թիմանոց Մունդիալը: Իսկ հետո... Աշխարհի առաջնությունը ինձ մոտ միշտ ունեցել է ամենաարդար, ամենաճշգրիտ ու ֆանտաստիկ մրցաշարի համբավ: Այստեղ բոլոր թիմերն ու ֆուտբոլիստները կանգնում էին մեծ դատաստանի առջև, որը բացարձակապես ճիշտ գնահատում էր բոլոր գործոնները` սկսած մարզական ոգուց ու բնավորությունից մինչև ֆուտբոլային տակտիկան ու բնատուր հանճարը: Եթե ԵՎՐՈ-ն կարելի է հաղթել` լինելով բախտավոր, ինչպես Դանիան, սառնասիրտ, ինչպես Հունաստանը կամ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի թիմ, ինչպես Պորտուգալիան, ապա Աշխարհի գավաթում արկածախնդիրների ճանապարհը կարող է հատվել 1-7 հաշվով պարտությամբ: Գոնե վերջին 40 տարում չեմ հիշում Մունդիալում հաղթած որևէ թիմ, որը արժանի չէր այդ տիտղոսին, իսկ 1998 թվականից կիրառվող 32-թիմանոց ձևաչափը բյուրեղյա մաքրության արդյունք ստանալու գլխավոր բանաձևն էր: Իսկ ինչո՞ւմն է 48 թիմանոց Մունդիալի խնդիրը Ոչինչ, որ 48 թիմը անհավանականորեն շատ է: Նույնիսկ ոչինչ, որ ավելացված 16 խաղերից (64 խաղից հասնելու է 80) երևի ոչ մեկն էլ չենք նայելու, որովհետև խաղամակարդակը իջնելու է ավելի ցածր մակարդակի, քան ՖԻՖԱ-ի վարկանիշն է ֆուտբոլասերների շրջանում: Գլխավոր խնդիրն ինձ համար ձևաչափի փոփոխությունն է, որը առաջացնելու է այնպիսի քաոս, որի մասին կերազեն նույնիսկ ամենավարժ ահաբեկիչները: 48 հավաքականները բաժանվելու են 16 խմբերի` 3-ական թիմերով: Յուրաքանչյուր խմբից հաջորդ փուլ են անցնելու լավագույն 2 թիմերը, իսկ մեկը հեռանալու է Մունդիալից` անցկացնելով ընդամենը 2 հանդիպում: Հետևանք 1. Հավելյալ 16 թիմերը հենց խմբային փուլում լքելու են պայքարը` ասպարեզը թողնելով 32 թիմերին, ինչպես նախկինում էր: Ի՞նչ ենք ստանում: Այո, արհեստական մեծացում, որի իմաստը իրականում չկա: Խմբային փուլը դառնալու է Աշխարհի գավաթի վրայի սպիտակ սավանը, որը քաշելուց հետո նոր կսկսվի իրական մրցաշարը: Բայց մի՞թե սա այդքան վատ է: Այո, որովհետև կա նաև` Հետևանք 2. Մնացած 32 թիմերը արդեն մրցելու են ոչ թե խմբային փուլում, այլ միանգամից օլիմպիական մրցակարգով: Իսկ դա նշանակում է, որ ուժեղ հավաքականները կարող են խաղից դուրս մնալ հենց սկզբնական փուլերից: Մի փոքր վատ վիճակահանություն, կամ մեկ թեթև շեղում խմբային փուլում, ու արդեն 1/16 կամ 1/8 եզրափակչում երկու մեծ թիմեր կարող են միմյանց դեմ դուրս գալ, ու դա անել միանգամայն անպատրաստ: Այլևս չես էլ ուզում պատկերացնել նաև, թե ինչի է վերածվելու 3 թիմանոց խմբային փուլը: Ընդամենը 2 խաղ յուրաքանչյուր թիմի համար, ոչ-ոքին բացառող նոր կանոն, որը ՖԻՖԱ-ից դեռ ոչ վստահաբար հաստատում են, ոչ հերքում: Գուցե ոչ ես այս պահին, բայց ավելի ճարպիկները այնպիսի խառը սխեմաներ ու տակտիկաներ կմտածեն այս փուլը հաղթահարելու համար, որոնցից հաստատ սիրտ է խառնելու: Բացի այդ, խմբային փուլը կարծես իրական նախավարժանք լիներ լավագույն հավաքականների համար դեմ առ դեմ կրակոցներից առաջ, որը Մունդիալի գլխավոր որակական քննություններից էր: Հենց խմբային փուլի 3 ոչ-ոքիների շնորհիվ էր, որ ամռանը Ֆեռնանդու Սանտուշը հասկացավ, որ Պորտուգալիայի մոտ միայն խաղ սպանել է ստացվում, ու այդ թերությունը վերածեց հաղթաթուղթի: Հենց խմբային փուլում էր, որ իմ սիրելի Իտալիան դաժան փորձության էր ենթարկում իր խաղը ու դիմանալու դեպքում փլեյ-օֆֆում բորբոքվում ինչպես իսկական գազան: Խմբային փուլը գործի էր գցում ամենաճշգրիտ ֆուտբոլային մեխանիզմի` Աշխարհի գավաթի շարժիչը: Մեկ այլ գլխացավանք է դառնալու Աշխարհի գավաթի խմբային փուլի վիճակահանությունը, իսկ ավելի մեծ` որակավորման փուլը: Սակայն, ամենամեծ գլխացավանքը մենք` հայերս ունենալու ենք այն ժամանակ, երբ «Մանչեսթեր Յունայթեդի» աստղի նկարը պատին փակցրած ու «հայու գենի» պարծանքը մտքներումս` դիտելու ենք աբորիգենների, ծովահենների կամ ջունգլիներում որսից վերադարձած սևամորթների ֆուտբոլը, քանզի Ասիայից, Աֆրիկայի ու նույնիսկ Օվկիանիայի մասնակիցները գրեթե կրկնապատկվել են, իսկ մեր բարձրաշխարհիկ Եվրոպայի տեղերը 13-ից ավելացվել են ընդամենը մինչև 16-ի: Աֆրիկան այսուհետ 5-ի փոխարեն ներկայացնելու է 9 թիմ, Ասիան ունենալու է 8.5 տեղ, ու ամեն Մունդիալի վերջնական կազմը հայտնի դառնալու օրը մենք չենք քնելու այն մտքից, թե ինչու մենք չենք մասնակցում Ասիական որակավորմանը ու մեծ հավանականությամբ մեկնում աշխարհի ամենամեծ մրցաշարին: Ինչո՞ւ եմ ես այս աստիճան լցված Որովհետև սա ոչ թե բարեփոխում է, այլ կառավարչական որոշում, որի միակ նպատակը եկամուտներն ավելացնելն ու ՖԻՖԱ-ի նախագահական ընտրություններում ձայներ փախցնելն է: Այս ընդլայնումը Աշխարհի գավաթը նմանեցնելու է հնդկական սերիալներին, որոնք արհեստականորեն ու նյարդացնելու աստիճան երկարեցված են դանդաղեցված կադրերի ու պաուզաների հաշվին: Ջանի Ինֆանտինոն ընդամենը մեկ տարի էլ չկա, ինչ վայելում է Բատիստուտաների ձեռքը սեղմելու ու Մարադոնաների հետ ֆուտբոլ խաղալու հաճույքը, ու արդեն այնքան է ոգևորվել, որ մտածում է իր գահակալությունը երկարաձգելու մասին: Ընտրություններում հաղթելու տարբերակների համար կարելի էր ուղղակի խորհրդատվություն պատվիրել Հայաստանից, բայց դրա համար զոհել Աշխարհի գավաթը, Ջանիկս, Ինֆարկտինո է:
10.01.2017

Լա լիգան շատ դժգոհ է ՖԻՖԱ-ի որոշումից

Լա լիգայի ղեկավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի դատարանը բեկանի ՖԻՖԱ-ի՝ Աշխարհի առաջնության մասնակիցների թիվն ընդլայնելու որոշումը՝ հայտնում է հեղինակավոր Sky Sports-ը: Այսօր հայտնի դարձավ, որ ԱԱ 2026-ից սկսած՝ մրցաշարում հանդես է գալու 48 հավաքական, որոնք բաժանված են լինելու 16 խմբերի՝ երեքական ընտրանիներով: «Մենք չափազանց դժգոհ ենք այս որոշումից և ամեն ինչ անելու ենք, որ օրինական կարգով բեկանվի այն»,- ասել է աղբյուրը: Ավելի վաղ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել էր, որ Աշխարհի առաջնության մասնակիցների թիվն ընդլայնելու վերաբերյալ որոշում կկայացվի միայն եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների և ֆեդերացիաների հետ բանակցություններից հետո, սակայն իսպանական լիգայի ղեկավարությունը պնդում է, որ իրենց հետ ոչ ոք հաշվի չի նստել: http://www.vivaronews.am/pashtvonakan-2026th-ashxarhi-arajnuthyuneh-nor-teskh-kunena
18.11.2016

Աշխարհի ակումբային առաջնությունում փոփոխություններ են սպասվում

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ կազմակերպությունը պատրաստվում է ընդլայնել Աշխարհի ակումբային առաջնության մասնակից թիմերի քանակն ու մրցաշարը դեկտեմբերի փոխարեն անցկացնել հունիսին: «Այսօր ֆուտբոլը միայն Եվրոպան ու Հարավային Ամերիկան չեն. աշխարհը փոխվել է, ու մենք խաղն ավելի ընդգրկուն պետք է դարձնենք: Մենք ուզում ենք ֆուտբոլն ավելի գրավիչ դարձնել թե՛ հենց թիմերի, թե՛ հովանավորների ու հեռուստաընկերությունների համար»,- «Ռոյթերս» լրատվական գործակալությունը փոխանցում է Ինֆանտինոյի խոսքը: La Gazzetta dello Sport-ի հետ զրույցում ՖԻՖԱ-ի նախագահը նշել էր, որ մրցաշարի մասնակից թիմերի քանակը 32 դարձնելն ամենաօպտիմալն է այս պահին:
12.10.2016

ՖԻՖԱ-ի անվանումը կարող էր փոխվել

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կազմակերպության ղեկավարությունը քննարկում էր ՖԻՖԱ-ի անվանումը փոխելու ու շտաբ-բնակարանը Շվեյցարիայից այլ վայր տեղափոխելու տարբերակը: Նման քննարկման առիթ են դարձել ՖԻՖԱ-ի շուրջ ստեղծված կոռուպցիոն սկանդալները, որոնք կարող էին վարկաբեկել կազմակերպության անունն ու համբավը: Որոշումը, սակայն, չի կայացվել՝ ելնելով «պատմությունից» ու «կշիռից, որ կազմակերպությունն ունի աշխարհում»: «Իհարկե, կան ուժեր, որոնք փոփոխություններ չեն ուզում: Ինձ համար միևնույն է, թե ովքեր են այդ մադիկ: Ես իմ ճանապարհն ունեմ ու բարեփոխումներ եմ կատարում: Մենք աշխատանքները կատարում ենք շատ ավելի թափանցիկ: Ճիշտ ճանապարհ ենք ընտրել ու առաջ ենք շարժվում: Անցյալն անցյալ է: Հիմա այստեղ այլ մարդիկ են աշխատում, որոնք կատարում են տարբեր գործառույթներ: Կազմակերպությունը գործում է շատ թափանցիկ, և մենք շարունակելու ենք այսպես»,- ասել է Ինֆանտինոն:
16.09.2016

«Ոսկե գնդակը» կարող է վերադառնալ France Football

Հեղինակավոր France Football-ը կարող է նորից սկսել հանձնել «Ոսկե գնդակը» տարվա լավագույն ֆուտբոլիստին: Ինչպես հաղորդում է El Mundo Depotivon, հրատարակության ղեկավարությունը արդեն բանակցություններ է սկսել ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ: France Football-ը, որոշում էր տարվա լավագույն ֆուտբոլիստին 1956-2009թ.: Մինչև 1995թ. այդ մրցանակին կարող էին արժանանալ միայն եվրոպացի ֆուտբոլիստները: 1991թ. ՖԻՖԱ-ն հաստատեց իր մրցանակը ՝ FIFA World Player (կամ «Ադամանդյա գնդակ»): 2010թ. որոշվեց միավորել այս երկու մրցանակները և «Ոսկե գնդակի» հանձմամբ սկսեց զբաղվել ՖԻՖԱ-ն: Մոտ ապագայում մրցանակները կարող են նորից առանձին հանձնել: Նշենք, որ France Football-ը որոշում էր «Ոսկե գնդակի» հաղթողին եվրոպական առաջատար լրատվամիջոցների լրագրողների քվեարկությամբ, իսկ ՖԻՖԱ-ն քվեարկությունը անցկացնում էր ազգային հավաքականների գլխավոր մարզիչների և ավագների օգնությամբ: Նշենք, որ մրցանակների միավորվելուց հետո, «Ոսկե գնդակը» ստացել են ընդամենը 2 ֆուտբոլիստ ՝ Կրիշտիանո Ռոնալդուն և Լիոնել Մեսին:  
28.08.2016

Ինֆանտինո. «Իտալիա – Ֆրանսիա հանդիպմանը տեսակրկնություններ կկիրառենք»

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն անդրադարձել է ֆուտբոլում տեսակրկնությունների կիրառմանը: «Իտալիա - Ֆրանսիա ընկերական հանդիպմանը տեսակրկնություններ կկիրառենք: Վաղուց արդեն 1904 թվականը չէ: Մենք պետք է խուսափենք սխալ որոշումներից, և դրա համար անհրաժեշտ է կիրառել բոլոր տեխմիջոցները, որ կարող ենք: Հուսով եմ՝ ԱԱ-2018-ին տեսակրկնություններն արդեն հասանելի կլինեն»,- Blick-ը փոխանցում է Ինֆանտինոյի խոսքը:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: