Զինեդին Զիդան

20.03.2017

Զինեդին Զիդանի մեծ որդին չի իրացրել 11մ հարվածը և հեռացվել խաղադաշտից Սեգունդա Բ-ի վերջին տուրի հանդիպման ժամանակ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի մեծ որդին ՝ Էնցո Ֆերնանդեսը Սեգունդա Բ-ի 30-րդ տուրի «Ռեալ» (Բ) - «Ատլետիկ Բիլբաո» (Բ) հանդիպման 14-րդ րոպեին չի իրացրել 11 մ հարվածը, իսկ արդեն խաղի վերջնամասում ստացել է երկրորդ զգուշացումը և հեռացվել խաղադաշտից: Ավելացնենք, որ այդ խաղում մադրիդյան ակումբի երկրորդ թիմը պարտվել է 1-2 հաշվով: 21-ամյա կիսապաշտպանը համարվում է «Ռեալի» պահեստայինների ֆուտբոլիստ, իսկ առաջին թիմում խաղացել է ընդամենը մեկ անգամ: Վերջինս փոխարինման էր դուրս եկել Իսպանիայի գավաթի «Կուլտուրալ Լեոնեսայի» հետ խաղի ժամանակ (6:1), որտեղ էր դարձել գոլի հեղինակ:
19.03.2017

Ռոնալդուն փոխարինվելիս դիմել է Զիդանին. «Ինչո՞ւ ես» (լուսանկար)

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դժգոհ է մնացել այն փաստից, որ Լա Լիգայի 28-րդ տուրի՝ Բիլբաոյի «Ատլետիկի» հետ հանդիպման (2-1) 79-րդ րոպեին փոխարինվել է գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի որոշմամբ: Մադրիդյան թիմն այդ պահին արդեն հաղթում էր 2-1 հաշվով, իսկ Ռոնալդուն աչքի էր ընկել գոլային փոխանցումներով: Իսպանական Marca պարբերականը հայտնում է, որ պորտուգալացին չի հասկացել՝ ինչու է Զիդանը փոխարինում իրեն: Կրիշտիանուն խաղադաշտը լքելու պահին ֆրանսիացուն ասել է. «Ինչո՞ւ ես»: Միաժամանակ պետք է նշել, որ ֆուտբոլիստը և մարզիչը փոխարինումից հետո սեղմել են միմյանց ձեռքերը: Լրագրողները հանդիպման ավարտից հետո այս առիթով հարց էին ուղղել Զիդանին. «Կրիշտիանուն կարող է փոխարինվել այնպես, ինչպես յուրաքանչյուր այլ ֆուտբոլիստ»: Ռոնալդուին մնացել է խփել ընդամենը մեկ գոլ, որպեսզի գերազանցի անգլիացի Ջիմի Գրիվզի՝ եվրոպական առաջատար առաջնություններում խփած գոլերի ռեկորդային ցուցանիշը: Երկուսի հաշվին այս պահի դրությամբ գրանցված է 366-ական գոլ:  
18.03.2017

Զիդան. «Մյուսների պես Ռոնալդուն կարող է փոխարինվել»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն «Ատլետիկի» դեմ խաղից հետո խոսել է հանդիպման մասին: «11 տուր է մնացել: Այժմ մենք առաջատարն ենք, սակայն դա ոչինչ չի նշանակում: «Ռեալն» առավելության հասավ բարդ խաղում: Մրցակիցը մեզ համար խնդիրներ ստեղծեց, սակայն թիմը ժամանակին ցույց տվեց իր բնույթը: Հասկանում ենք՝ առաջիկայում ավելի բարդ է լինելու: Բենզեման հիանալի խաղ անցկացրեց: Վերջնամասում շատ լավ ստացվեց 4-4-2 սխեմայով խաղալը: Ինչ վերաբերում է Ռոնալդուի փոխարինմանը, ապա Կրիշտիանուն անհանգստանալու առիթ չունի: Նա մյուսների պես կարող է փոխարինվել: Նա գոհ է, քանի որ մենք հաղթել ենք: Այսքանը»,- ասել է Զիդանը:
17.03.2017

Զիդան. «Մբապեն մոտ էր «Ռեալ» տեղափոխությանը»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ «արքայական» ակումբը մոտ էր Կիլիան Մբապեի տրանսֆերի ձեռքբերմանը: «Մբապեն մոտ էր «Ռեալ» տեղափոխությանը, սակայն տեղափոխվեց «Մոնակո»: Չեմ կարող այս թեմայով խոսել, սակայն բոլորը գիտեն, որ նա հիանալի հարձակվող է: Այս տարիքում նրա արածն ուղղակի անհավանական է: Այժմ մենք միայն մտածում ենք «Ատլետիկի» դեմ առաջիկա խաղի մասին»,- ասել է ֆրանսիացի մասնագետը:
17.03.2017

Զիդան. «Ծիծաղում եմ, երբ մարդիկ խոսում են «կեղծ» վիճակահանության մասին»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Մյունխենի «Բավարիայի» հետ հանդիպելու փաստը: «Ծիծաղում եմ, երբ մարդիկ խոսում են «կեղծ» վիճակահանության մասին, թե ամեն բան նախօրոք պլանավորված է: «Բավարիայի» հետ հեշտ հանդիպումներ չեն սպասվում, քանի որ այն շատ ուժեղ մրցակից է: Թեև դեռևս չեմ խոսել Կառլո Անչելոտիի հետ, բայց չեմ կարծում, թե նրանք վախենում են մեզանից: Նույնը վերաբերվում է նաև մեզ: Կասկած չկա, որ դիտարժան խաղերի ենք ականատես լինելու: Ես շատ բան եմ սովորել Կառլոյից, նա լավ մարդ է, մենք բոլորս գիտենք, թե նա ինչպիսի աշխատանք է կատարել «Ռեալում»: Կարծում եմ՝ հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունները 50-50 են: Մենք լավ ենք ճանաչում միմյանց, բայց այսպիսի խաղերում ամեն բան հնարավոր է»,- ասել է Զիդանը: http://www.vivaronews.am/ancheloti-reali-het-dimakayuthyuneh-shat-motivacnogh-e
17.03.2017

Անչելոտի. «Ռեալի» հետ դիմակայությունը շատ մոտիվացնող է»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանությունը, որի արդյունքով մյունխենյան ակումբին բաժին է հասել Մադրիդի «Ռեալը»: Իտալացին մասնագետը 2013 թվականից 2015-ը գլխավորում էր «արքայական» ակումբը, որի հետ հաղթեց Չեմպիոնների լիգան, Եվրոպայի Սուպերգավաթը, Աշխարհի ակումբային առաջնությունը և Իսպանիայի գավաթը: «Ռեալի» հետ դիմակայությունը ինձ շատ է մոտիվացնում: Ոգևորված եմ այդ խաղերով: Լավ եմ ճանաչում «Ռեալին», թիմի ղեկին հիանալի մասնագետ է: Շատ բարդ է լինելու, բայց մենք վստահ ենք մեր ուժերի վրա, քանի որ ցանկանում ենք հաղթել Չեմպիոնների լիգան»,-նշել է Անչելոտին: Հիշեցնենք՝ 2013/14 մրցաշրջանում «սերուցքայինների» ներկայիս գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Անչելոտիի օգնականն էր: http://www.vivaronews.am/kayacav-chempionner-ligayi-14-ezraphakchi-vitchakahanuthyuneh
17.03.2017

AS. Իսպանական գրանդը մտադիր է գնել Կիլիան Մբապեյի տրանսֆերը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հետաքրքրված է  «Մոնակոյի» 18-ամյա ֆուտբոլիստ Կիլիան Մբապեյի ծառայություններով, այս մասին գրում է AS-ը: Ֆրանսիացի մասնագետը շատ է հավանել Մբապեյի ցուցադրած խաղը ՉԼ-ի «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպման ժամանակ: Նշենք, որ Մբապեն 3 տարի առաջ ժամանել էր մադրիդյան գրանդի մարզաբազա, որտեղ ծանոթացել էր ակումբի հետ: Սակայն հարձակվողը չէր ցանկացել մնալ Մադրիդում ՝ նախընտրելով մնալ Ֆրանսիայում: Ընթացիկ Լիգա 1-ի մրցաշրջանում Մբապեն անցկացրել է 21 հանդիպում, խփել 10 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում:
16.03.2017

Զիդանը ասել է, թե որ թիմին չէր ցանկանա հանդիպել քառորդ եզրափակչում

Մադրիդի «Ռեալի»  գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոստովանել է, որ չէր ցանկանա Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում հանդիպել «Լեսթերի» հետ: Ֆրանսիացին գտնում է, որ ՉԼ-ում ներկայումս մրցող յուրաքանչյուր թիմ չէր ցանկանա հաջորդ փուլի ուղեգրի համար մրցել Անգլիայի գործող չեմպիոնի հետ: «Չեմ կարծում՝ կա մարզիչ, որը ցանկանում է «Լեսթերի» հետ խաղալ, ես էլ բացառություն չեմ: Նրանք շարունակում են քայլել իրենց առջև դրված նպատակի ուղղությամբ: Շատերը չէին հավատում, որ նրանք կարող են հաղթել առաջնությունը, բայց դա հաջողվեց: Շատերն էլ կարծում էին, որ նրանք չեն կարողանա հաջորդ փուլ անցնել «Սևիլիայից» պարտություն կրելուց հետո, բայց նրանք կարողացան: «Լեսթերը» ֆավորիտ չի համարվում, և նրանց վրա ճնշում չի գործադրվում, այնպես որ, ամեն ինչ էլ կարող է պատահել: Նրանց շարքերում կան տաղանդավոր ֆուտբոլիստներ, որոնք խաղում են ողջ հոգով և սրտով: Նման թիմերի դեմ միշտ էլ դժվար է խաղալ: Մրցաշարի այս փուլում ցանկացած թիմ էլ հավատում է իր ուժերին ու առաջնությունում երազում հաղթանակի մասին»,-ասել է ֆրանսիացի մասնագետը: Հիշեցնենք՝ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի վիճակահանությունը կկայանա ուրբաթ:
15.03.2017

Գվարդիոլան ցանկանում է Նավասին տեսնել «Մանչեսթեր Սիթիում»

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը հայտնվել է «Մանչեսթեր Սիթիի» հետաքրքրությունների շրջանակում: Mundo Deportivօ-ի փոխանցմամբ, «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հետևում է  մադրիդյան ակումբում կոստա ռիկացու շուրջ զարգացող իրադարձություններին ու խնդրել է ակումբի ղեկավարությանը ձեռք բերել դարպասապահի ծառայությունները, եթե «Ռեալը» տրանսֆերի հանի վերջինիս: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նավասը այլևս չի վայելում «արքայական» ակումբի նախագահության վստահությունը: Չնայած «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը  և ֆուտբոլիստի թիմակիցների աջակցությանը, «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը վստահ է, որ անհրաժեշտ է փոխել թիմի հիմնական դարպասապահին: Այդ դիրքում Պերեսի գլխավոր հավակնորդը «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան է:
14.03.2017

«Ռեալը» միանգամից 3 ֆուտբոլիստ է առաջարկում Ազարի դիմաց

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը վաղուց հետևում է «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարի խաղին և ցանկանում է ձեռք բերել բելգիացի ֆուտբոլիստին այս մրցաշրջանի ավարտից հետո: Ինչպես հաղորդում են իսպանական պարբերականները, 26-ամյա ֆուտբոլիստի դիմաց «արքայական» ակումբը առաջարկում է իր ֆուտբոլիստներ Ալվարո Մորատային, Իսկոյին կամ Խամես Ռոդրիգեսին և հավելավճար: Ամռանը «Չելսին» փորձել էր ձեռք բերել Մորատային կամ Խամես Ռոդրիգեսին,և Զիդանը հույս ունի, որ Անտոնիո Կոնտեն կցանկանա փոխանակել Ազարին այս ֆուտբոլիստներից մեկի հետ: Ազարը չի ցանկանում լքել անգլիական ակումբը ,սակայն եթե ակումբները համաձայնության գան, բելգիացին կփոխի  իր ակումբային գրանցումը: Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Էդեն Ազարը «Չելսիի» կազմում  անցկացրել է 26 խաղ և դարձել 11 գոլի հեղինակ:
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ

Vivaro News

Հասցե - Գ. Հովսեփյան 20 Հեռ. - 010 510051 E-mail - [email protected]

Ըստ «Հեղինակային իրավունքի եվ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22.1 հոդվածի 2-րդ կետի՝ լրատվական կայքի նյութերից օգտվելու դեպքում սկզբնաղբյուրին հղում կատարելը և նյութի վերնագրում կայքի անունը նշելը պարտադիր է:

ՍՈՑՑԱՆՑԵՐ

% 8 #
Բոլոր իրավունքները պաշտպանված են: