«Սպասել և հուսալ». Ադրբեջանն սպասում է իր Մխիթարյանին

Շաբաթ հայտնի է դարձավ, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ», իսկ անգլիական ակումբը նրա տրանսֆերի համար վճարելու է 42 միլիոն եվրո, որը նախկին Խորհրդային Միության շրջանում ամենաթանկարժեք ձեռքբերումն է: Ռեկորդը պատկանում էր Անդրեյ Շևչենկոյին, ով «Միլանից» տեղափոխվեց «Չելսի» 40 միլիոն եվրոյով… Ահա հե՛նց այսպես է սկսել իր հոդվածն ադրբեջանական Haqqin.az կայքը՝ անդրադառնալով Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությանը: Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք կայքի հոդվածը, իսկ ադրբեջանցիները թող շարունակեն հուսալ, որ մի օր իրենք էլ կունենան Հենրիխ Մխիթարյան…

Ե՞րբ Ադրբեջանը կունենա ֆուտբոլիստ, որին կգնահատեն… ո՛չ, ոչ թե 42 միլիոն, այլ 4: Ադրբեջանն այս 25 տարիների ընթացքում չի տվել մի ֆուտբոլիստ, ով կարող է հանդես գալ եվրոպական խոշորագույն լիգաներում: Վելի Հասիմովը, ով 90-ականներին խաղացել է իսպանական ու պորտուգալական միջնակարգ թիմերում, հաշվի մեջ չէ, քանի որ նա Խորհրդային Միության արդյունք է:

Քանի՞ ադրբեջանցի ֆուտբոլիստ է այս տարիների ընթացքում տեղափոխվել թոփ-առաջնությունների գո՛նե երկրորդ կամ երրորդ դիվիզիոն և քանիսի՞ն է հաջողվել այնտեղ ստաբիլ ելույթ ունենալ մեկ մրցաշրջանից ավելի: Մարդիկ, որոնց կարելի է հաշվել մատների վրա:

Մխիթարյանը հանդես է գալու աշխարհի ամենահեղինակավոր ու ամենահարուստ լիգայի ամենաբարձրակարգ թիմերից մեկում: Նրան մարզելու է մոլորակի լավագույն մարզիչներից մեկը՝ Ժոզե Մոուրինյոն, իսկ նրա խաղընկերներն են լինելու Զլատան Իբրահիմովիչն ու այլ աստղեր: Մեծ հարգանք տածելով Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ՝ պետք է փաստել, որ «Մանչեսթեր Յունայթեդն» աշխարհում շատ ավելի մասսայական է: «Մանչեսթեր Յունայթեդի» տասնյակ հազարավոր երկրպագուներ կրելու են Հայաստանի հավաքականի առաջատարի մարզաշապիկն ամբողջ աշխարհում: Սա երկրի լավագույն գովազդը չէ՞… Ընդ որում՝ լիովին անվճար:

Մի քանի տարի առաջ մեր Արազ Աբդուլաևը տեղափոխվեց «Էվերթոն», որտեղ մեկ խաղ անգամ չանցկացրեց: Նույնպիսի բախտի արժանացավ Վագիֆ Ջավադովը հոլանդական «Տվենտեում»: Դարպասապահ Էմիլ Բագաևն անցկացրեց մարզական կարիերայի համար կարևորագույն երկու տարի՝ պահեստայինների նստարանին տեղ զբաղեցնելով գերմանական «Այնտրախտում»:

Ադրբեջանական ֆուտբոլիստները հազվադեպ են հրավիրվում եվրոպական թիմեր, իսկ եթե անգամ հրավիրվում են, չեն կարողանում ամրապնդվել այնտեղ: Ինչի՞ց է, որ մեր ֆուտբոլիստներին չի հաջողվում արտասահմանում կարիերա շարունակել:

Մեր տղաների մեծ մասը, որոնց կարողությունները թույլ են տալիս ելույթ ունենալ արտերկրում, մտավոր պատրաստ չեն դրան: Ճնշող մեծամասնությունն օտար լեզուների չի տիրապետում: Շատերը չգիտեն անգլերեն, գո՛նե ռուսերեն, որ կարողանան հարմարվել ռուսական կամ ուկրաինական թիմերում:

Սրա վառ օրինակը եղբայր Թուրքիան է, որտեղ մեր ֆուտբոլիստները մեկնում են իրենց խաղամակարդակը բարելավելու: Մեր ֆուտբոլիստները Սուպերլիգայի մակարդակին չեն էլ հասնում, նրանք հիմնականում ելույթ են ունենում Առաջին լիգայում: Ըստ ամենայնի՝ նպատակն այն է, որ Թուրքիայում ելույթները ցատկահարթակ լինեն մեր ֆուտբոլիստների համար, սակայն Առաջին լիգայում անգամ ադրբեջանցի ֆուտբոլիստներն իրենց չեն արդարացնում, և մրցաշրջանն անցկացնելուց հետո վերադարձվում են:

Մեր ֆուտբոլիստները պատրաստ չեն արտասահմանյան ակումբներում հանդես գալու պայքար մղելուն: Առաջին իսկ դժվարությանը հանդիպելուց հետո հուսալքվում են ու մտածում հայրենի եզերք վերադարձի մասին:

Ուռճցված աշխատավարձի չափ, որ վերջին շրջանում շատ է, և լեգեոներների սահմանափակում. ահա այն երկու պատճառը, թե ինչու մենք ադրբեջանցի ֆուտբոլիստ չենք տեսնում Եվրոպայում: Բարձր աշխատավարձն ստիպում է բոլորին գնալ Եվրոպա, իսկ այն ակումբները, որոնք հետաքրքրվում են ադրբեջանցի ֆուտբոլիստների ծառայություններով, ունակ չեն այդքան վճարել: Բայց այդ թիմերը կարող են որպես հիմք ծառայել, իսկ մերոնք ուզում են «այստեղ և հիմա»: Նրանց լոգիկան այսպես է՝ ինչո՞ւ սովորել օտար լեզու, պայքարել արտասահմանում տեղ զբաղեցնելու համար, եթե նույնը կարելի է անել Ադրբեջանում:

Անցյալ տարի Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է աշխատավարձի ամենաբարձր սանդղակը, ըստ որի՝ 21 տարեկանը չլրացած ֆուտբոլիստներն իրավունք չունեն վաստակել տարեկան 30 հազար մանաթից բարձր աշխատավարձ, մինչև 23 տարեկանները՝ 50 հազարից բարձր: Ընդ որում՝ Ադրբեջանի հավաքականում հանդես եկող ֆուտբոլիստների աշխատավարձերն ակումբն իրավունք ունի բարձրացնել 50 տոկոսով:

Այսպիսի որոշում կայացվել էր, որպեսզի երիտասարդ ֆուտբոլիստներն ավելի շատ տեղափոխվեն արտասահմանյան ակումբ: Հենց այդպես էլ հայտարարվեց, որ եթե ֆուտբոլիստը խախտի կանոնները, ապա կստանա մեկ տարվա որակազրկում: Բայց ո՞վ է վերահսկում կամ իրականացնում այս կետը: Ինչպե՞ս կարող է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան ակումբին արգելել «ծրար» փոխանցել ֆուտբոլիստին… Ոչ մի կերպ:

Իսկ հետո օգնության եկավ… ֆինանսական ճգնաժամը: Ակումբներն էլ հասկացան, որ այսպես շարունակվել չի կարող, չի կարելի աստղաբաշխական թվեր վճարել ոչնչի չհասած երիտասարդ ֆուտբոլիստներին: Բացի այդ, Պրեմյեր լիգայում ակումբների թիվը նվազեցվել է մինչև 8 թիմի, ինչը նշանակում է, որ պայքար է լինելու ֆուտբոլիստների միջև այստեղ հանդես գալու համար:

Այս ամենը հույս է տալիս հավատալ, որ ադրբեջանցի ֆուտբոլիստները կարձագանքեն եվրոպական միջակ ակումբների առաջարկներին հաջորդ տարի: Իսկ մինչև այդ մենք կտեսնենք, թե ինչպես են Օրխան Գուրբանլին ու Միրադբուլա Աբասովը, ովքեր կես տարի անցկացրին լատվիական «Դաուգավպիլսում», վերադառնում Ադրբեջան: Գուրբանլին հայտարարեց, որ «Դաուգավպիլսը» թույլ թիմ է, և չի ուզում այնտեղ խաղալ: Այո՛, այդ թիմը թույլ է «Նեֆթչիից», որտեղ նա վերադարձավ, բայց այդտեղից եվրոպական ակումբ տեղափոխվելն անհամեմատ ավելի հեշտ է, քան Ադրբեջանից: Ավաղ, Գուրբանլին ու Աբասովը հետևեցին մյուս ադրբեջանցիների օրինակին՝ վերադառնալով հայրենիք:

Միայն Սամիր Մասիմովն է, որ կարողանում է դիրքերը փոքրիշատե պահել սլովենական «Դոմժալեում»: Այդ թիմի հետ նա դեռ 3 տարվա պայմանագիր ունի, և հույս ունենք՝ չի թողնի ու վերադառնա: Ի վերջո այդ նույն Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվեց «Շախտյորից», ոչ թե «Փյունիկից», որտեղ հանդես էր գալիս: «Մետալուրգ», ապա՝ «Շախտյոր», և 24 տարեկանում նա գնաց մեծանուն գերմանական ակումբ:

Սամիր Մասիմովը ծնվել ու մեծացել է Ռուսաստանում, որպես ֆուտբոլիստ՝ զարգացել «Լոկոմոտիվում»: Ի տարբերություն այլ ֆուտբոլիստների՝ նա ընտրեց Ադրբեջանի հավաքականը, հետո ընտրեց «Նեֆթչին» ու հենց այստեղից տեղափոխվեց Սլովենիա: Նա, ինչպես նաև Էդի Իսրաֆիլովը, Դմիտրի Նազարովն ընդհանուր առմամբ ադրբեջանական ֆուտբոլի հետ կապ չունեն, քանի որ ոչ ապրել են այստեղ, ոչ խաղացել: Դա, սակայն, չի նշանակում, որ եթե եվրոպական խոշորագույն թիմերում հանդես գան, մենք ուրախ չենք լինի:

Ադրբեջանական ֆուտբոլի երկրորդ խնդիրը լեգեոներների սահմանափակումն է: Թիմում չի կարող լինել ավելի քան 6 լեգեոներ, պարտադիր պետք է հանդես գա 5 տեղացի, որոնցից մեկը՝ մինչև 21 տարեկան: Տարիները ցույց են տվել, որ այդ սահմանափակումը դրականորեն չի ազդում հավաքականի խաղի վրա: Այս սահմանափակումը խնդիր է հանդիսանում թիմերը եվրոպական մրցասպարեզում պատշաճ կերպով ներկայացնելու համար, իսկ երիտասարդ ֆուտբոլիստները պայքարելու շարժառիթ չունեն. միևնույն է՝ տեղ չեն ստանալու… Նրանք ջերմոցային պայմաններում են աճում, ոչ թե հիմնական կազմում տեղ զբաղեցնելու համար պայքարելով:

Այս խնդիրները մեզ համար օրհասական են, իսկ կկարողանա՞նք մենք լուծել դրանք… Մեզ մնում է միայն հուսալ ու սպասել…

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ