«Շիրակը» ցավալիորեն ձեռքից բաց է թողնում հաղթանակը (տեսանյութ)

  • Եվրոպա լիգա, որակավորման 2-րդ փուլ
  • Քաղաքային մարզադաշտ, Գյումրի
  • Հուլիսի 14, 17:00
  • «Շիրակ» – «Սպարտակ» Տրնավա
  • Գոլեր` 1-0` Դավիթ Հակոբյան 16′, 1-1` Ջիրկա 88′

ԱՌԱՋԻՆ ԿԵՍ

Խաղը մեկնարկեց փոխադարձ «հետախուզությամբ»: Առաջին վտանգավոր պահը ստեղծվեց «Շիրակի» կողմից, Ստոշկովիչը եզրից ստացած փոխանցումից հետո կարող էր բացել հաշիվը: 16-րդ րոպեին «Շիրակի» մի քանի գրոհների շարքը վերջապես հասավ իր նպատակին. Դավիթ Հակոբյանն անկյունայինի իրացումից հետո գլխի հարվածով բացեց հաշիվը:

Ընդունած գոլից հետո մրցակիցը ակտիվացավ և սկսեց գրոհներ ձեռնարկել` մի քանի րոպե տիրելով նախաձեռնությանը: «Սպարտակից» հատկապես ակտիվ էր եզրում հանդես եկող Էմիր Հալիլովիչը, ով մի քանի ճեղքումներ իրականացրեց:

Խաղակեսի վերջին 15 րոպեներին «Շիրակը» ևս մի քանի պահ ունեցավ: Հատկապես վտանգավոր ստացվեց Դավիթ Հակոբյանի անցումը և հարվածը, որից հետո մրցակցին փրկեց դարպասաձողը:

ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍ

Երկրորդ կեսի սկզբնամասում խաղի ընդհանուր պատկերը չփոխվեց: Երկու թիմերն էլ գրոհներ էին փոխանակում, սակայն լուրջ պահեր չկային: Թիմերի մոտ կոմբինացիոն խաղը սկսվեց ավելի լավ ստացվել խաղակեսի միջնամասում, երբ երկու թիմերն էլ սկսեցին պահեր ունենալ:

Վարդան Բիչախչյանը պայքարի նետեց նախորդ խաղում հերոսացած Վահան Բիչախչյանին, իսկ ապա Ղուկաս Պողոսյանին, սակայն «Շիրակի» գրոհները կրկին հիմնականում զարգանում էին ձախ եզրով` Դավիթ Հակոբյանի մասնակցությամբ: Վերջինս դեղին քարտ ստացավ և բաց կթողնի պատասխան հանդիպումը:

Խաղավերջում մրցակիցը սկսեց ուժեղացնել ճնշումը, ու երկարատև խաղարկումներից հետո մրցակցին հաջողվեց ազատ գոտիներ գտնել ու օգտագործել: Ձախ եզրով կատարած ճեղքումն ավարտվեց տուգանային փոխանցումով, որից հետո փոխարինման մտած Էրիկ Ջիրկան հավասարեցրեց հաշիվը: «Շիրակը» փորձեց հետ բերել կորցրածը վերջին րոպեներին, սակայն ապարդյուն: Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ