Շախմատի ակադեմիան կհյուրընկալի «Երևան օփենի» մասնակիցներին

Հոկտեմբերի 2-ին շախմատի ակադեմիայում կտրվի «Երևան օփեն» միջազգային մրցաշարի մեկնարկը: Մրցաշարին մասնակցելու նախնական հայտ են ներկայացրել 136 շախմատիստներ, որոնցից 23-ը գրոսմայստերներ են, 10-ը՝ միջազգային վարպետներ: Շախմատիստներից 35-ը ներկայացնում են այլ երկրներ՝ Բելառուսը, Ռուսաստանը, Ուկրաինան, Չեխիան, Վրաստանը, Հնդկաստանը, Հոլանդիան, Իրանը, Իսրայելը և Թուրքմենստանը: Նրանց մեջ մեծ թիվ են կազմում իրանցի շախմատիստները:

Սեպտեմբերի դրությամբ ՖԻԴԵ-ի անհատական վարկանիշով մասնակիցների ցանկը գլխավորում է վրացի գրոսմայստեր Բաադուր Ջոբավան (2665), որին հաջորդում են իսրայելցի Տամիր Նաբատին (2630), Ռոբերտ Հովհաննիսյանն (2626) ու Զավեն Անդրեասյանը (2624): Մասնակիցների թվում են նաև գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը, հայկական շախմատի անվանի վետերան Ռաֆայել Վահանյանը, Տիգրան Պետրոսյանը, Տիգրան Քոթանջյանը, Լևոն Բաբուջյանը և այլ շախմատիստներ:

Շվեյցարական մրցակարգով 9 տուրով անցկացվելիք մրցաշարի մրցանակային ընդհանուր հիմնադրամը 16 հազար դոլար է, որից 3 հազարը կստանա հաղթողը: 2-րդ մրցանակակիրը կպարգևատրվի 2000 դոլարով, 3-րդ տեղ զբաղեցրած շախմատիստը կստանա 1500 դոլար: Ընդհանուր առմամբ դրամական պարգևներ կստանան լավագույն արդյունքի հասած 15 շախմատիստները (11-15-րդ տեղերը գրավածների մրցանակը 400-ական դոլար է):

Բացի այդ, մրցանակներ են սահմանված նաև կանանց մեջ լավագույն արդյունքի հասած 3 մասնակիցների, ինչպես նաև մինչև 2000, 2200 և 2400 վարկանիշ ունեցող մասնակիցների մեջ լավագույն եռյակներում տեղ զբաղեցրած շախմատիստների համար:

Հանդիպումները կսկսվեն ժամը 15-ին, իսկ վերջին տուրը` ժամը 11-ին: Մրցաշարի գլխավոր մրցավարն Աշոտ Վարդապետյանն է:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ