Շախմատ. «Պադովան» հաղթեց, «Յուգրան» առաջին պարտությունը կրեց

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի ակումբային գավաթի խաղարկությունում կայացան 4-րդ տուրի հանդիպումները: Նախորդ տուրում կրած պարտությունից հետո իտալական «Պադովան» խոշոր՝ 5,5:0,5 հաշվով առավելության հասավ սերբական «Ցրվենա Զվեզդայի» նկատմամբ: 2-րդ խաղատախտակի վրա Լևոն Արոնյանը հաղթեց Բոշկո Աբրամովիչին: Հաղթանակներ տարան նաև նրա թիմակիցներ Մաքսիմ-Վաշիե Լագրավը, Բորիս Գելֆանդը, Ալբերտո Դավիդը և Դանիիլ Դվիրնին: Միակ կես միավորը մրցակցին զիջեց Դանիել Վոկատուրոն:

Այս հաղթանակի շնորհիվ «Պադովան» 6 միավորով բարձրացավ 6-րդ հորիզոնական: 8-ական միավորով առաջատարներն են «Մեդնի Վսադնիկը» և «Ալկալոիդը», որոնց մեկ միավոր են զիջում «Աշդոդն» ու «Սիբիրը»:

5-րդ տուրում «Պադովան» կմրցի ռումինական «ԱԵՄ Լիխտենի» հետ, որը ևս 6 միավոր ունի: 4-րդ տուրում «ԱԵՄ Լիխտենը»  4:2 հաշվով հաղթել էր «Չեդլետոնին»:

Կանանց մրցաշարում ուշադրության կենտրոնում երկու առաջատարների՝ ռուսական «Յուգրայի» և Մոնտե Կառլոյի «Սերկլ դ’Եշակի» մրցախաղն էր: 3-րդ խաղատախտակի վրա Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց ուկրաինացի Մարիա Մուզիչուկի հետ: Հաշտություն կնքեցին նաև Նատալյա Պոգոնինան ու Աննա Մուզիչուկը, Բաիրա Կովանովան և Էլմիրա Սկրիպչենկոն:

Մրցակցության ելքը վճռվեց թիմերի առաջատարների՝ Աննա Ուշենինայի և աշխարհի ներկայիս չեմպիոնուհի Հոու Յիֆանի մրցավեճում: Հաջողությունն ուղեկցեց Հոու Յիֆանին, ով հաղթանակ պարգևեց իր թիմին: Հաղթելով 2,5:1,5 հաշվով, Մոնտե Կառլոյի թիմը 8 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: 6-ական միավորով առաջատարին հետապնդում են «Յուգրան» և Կազանի «Լադյան»:

 5-րդ տուրում «Յուգրան» կմրցի Բաթումի ՆՈՆԱ թիմի հետ, որը ոչ-ոքի էր խաղացել «Օդլար Յուրդուի» հետ: Մոնտե Կառլոյի թիմի  մրցակիցը կլինի «Լադյան»:

ԼՐԱՀՈՍ
* ]
ԹԵԺ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ